«Շիրակ» - «Վան»
Սեպտեմբերի 8, ժամը՝ 16:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
3 խաղ, որից 2-ում հաղթել է «Վանը», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-5
«Շիրակ»՝ 8-րդ տեղ (4 միավոր), «Վան»՝ 4-րդ տեղ (10 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում «Շիրակը» 0-3 խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով «Ալաշկերտին»: 5-րդ տուրում շիրակցիները նույնպիսի արդյունքով պարտվել էին «Արարատ-Արմենիային»: Առաջնության վերջին 5 հանդիպումներում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր է վաստակել «Արարատի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ:
Այդ հանդիպումներում գյումրեցիները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Միակ գոլը «Շիրակը» խփել է ԲԿՄԱ-ի հետ կայացած մեկնարկային տուրի հանդիպման 59-րդ րոպեին: Այնպես որ, արդեն 481 րոպե «Շիրակում» գոլային երաշտ է:
2. Հաջող մեկնարկից հետո «Վանը» վերջին երկու հանդիպումներում անհաջողության մատնվեց: Եթե «Արարատին» «Վանը» զիջել էր նվազագույն հաշվով, ապա հաջորդ տուրում 4 անպատասխան գնդակ ընդունեց «Արարատ-Արմենիայի» հետ մրցախաղում:
Չնայած անհաջողությանը, «Վանի» ներկայիս արդյունքը (10 միավոր) լավագույնն է թիմի պատմության մեջ VBET ՀՊԼ-ում: Մինչև այդ մեկնարկային 6 հանդիպումներում «Վանն» առավելագույնը 9 միավոր էր վաստակել 2020-21թթ. առաջնությունում: Սևադա Արզումանյանի գլխավորությամբ «Վանը» մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ էր տարել, իսկ հաջորդ 3 խաղերում պարտվել էր:
3. VBET ՀՊԼ-ում մրցակիցների վերջին հանդիպումը կայացել է անցյալ տարվա ապրիլի 23-ին Չարենցավանում և ավարտվել է «Վանի» հաղթանակով՝ 2-1: «Վանից» աչքի էին ընկել Ստեֆան Աջումանին և Ուիլֆրեդ Կուասի Էզան, «Շիրակից» միակ գոլը խփել էր Իգոր Ստանոևիչը: «Լոռիից» հետո «Վանը» Բարձրագույն խմբի երկրորդ ակումբն է, որին «Շիրակը» դեռ չի հաղթել:
4. Սեփական դաշտում սովորաբար հաջող ելույթներ ունեցող «Շիրակն» արդեն 2 տարուց ավելի առաջնության հանդիպումներում Գյումրիում դեռ չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Անցկացրած 16 հանդիպումներից 7-ում գրանցվել է ոչ-ոքի, 9-ում շիրակցիները պարտվել են, խփել են ընդամենը 8 գոլ, բաց են թողել 29 գնդակ: Գյումրիում վերջին հաղթանակը «Շիրակը» տարել է 2020 թ. հունիսի 20-ին՝ Մորի Կոնեի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասնելով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում Գյումրիում «Շիրակը» 0-2 հաշվով պարտվել է «Ուրարտուին» և գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Արարատի» հետ:
5. «Վան» վերադարձած Էդգար Մովսեսյանը 3 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է: Եթե նրան հաջողվի գրավել «Շիրակի» դարպասը, ապա VBET ՀՊԼ-ում «Վանում» խփած 8 գոլով կհավասարվի թիմի պատմության լավագույն ռմբարկու Ուիլֆրեդ Կուասի Էզային:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Վան»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա - 2 գոլ:
«Լեռնային Արցախ» - «Արարատ»
Սեպտեմբերի 9, ժամը՝ 16:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ
17 խաղ, «Լեռնային Արցախը» հաղթել է 1 անգամ, «Արարատը»՝ 11, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-46
«Լեռնային Արցախ»՝ 7-րդ տեղ (7 միավոր), «Արարատ»՝ 6-րդ տեղ (8 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. Առաջնության նախորդ տուրում «Լեռնային Արցախը» համառ պայքարում նվազագույն հաշվով զիջեց «Փյունիկին»: Գործող չեմպիոնի հետ մրցախաղը մեկ անգամ ևս հաստատեց, որ «Լեռնային Արցախը» բավական մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ է և դժվարին մրցակից է առաջնության մասնակից բոլոր թիմերի համար:
2. Առաջնության հետնապահ «Նոայի» հետ մրցավեճում «Արարատին» այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին՝ ընթացիկ մրցաշրջանում գոլազուրկ երկրորդ ոչ-ոքին գրանցելով: Մինչև այդ դարպասներն անառիկ էին մնացել նաև 4-րդ տուրում «Շիրակի» հետ կայացած խաղում: Վերջին 3 հանդիպումներում արարատցիները 5 միավոր վաստակեցին՝ դարպասը պահելով անառիկ:
3. Մրցակիցների ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ դարում: 1993թ. օգոստոսի 20-ին Երևանում մրցակիցների միջև կայացած առաջնության առաջին խաղում արարատցիները 7-0 հաշվով ջախջախեցին «Երազանքին»: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Արմեն Շահգելդյանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Դա մրցակիցների մրցավեճում գրանցված ամենախոշոր հաշիվն էր: Ընդհանուր առմամբ «Արարատը» «Լեռնային Արցախին» 7 անգամ է խոշոր հաշվով հաղթել: Արարատցիներից հեթ-տրիկ է ձևակերպել նաև Ռազմիկ Գրիգորյանը 1994թ. հունիսի 21-ին Երևանում կայացած խաղում (5-1):
4. «Արարատի» ներկայիս գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը ֆուտբոլիստի կարիերայում բավական արդյունավետ է գործել «Լեռնային Արցախի» հետ անցկացրած առաջնության հանդիպումներում՝ արարատցիների կազմում խփելով 3 գոլ: Ներկայիս մարզիչներից «Արարատում» խաղալիս արցախցիների դարպասը 2 անգամ գրավել է Սևադա Արզումանյանը, մեկ գոլ էլ խփել է Կարեն Բարսեղյանը:
5. Հետաքրքիր է նաև, որ «Լեռնային Արցախի» դարպասապահների ներկայիս մարզիչ Էդուարդ Բաղդասարյանը նախորդ դարի 90-ականների սկզբին եղել է թիմի գլխավոր մարզիչը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Լեռնային Արցախ»՝ Մարատ Հովհաննիսյան - 3 գոլ:
«Արարատ»՝ Վահե Յաղմուրյան - 4 գոլ:
«Արարատ-Արմենիա» - «Նոա»
Սեպտեմբերի 9, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
15 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 10 անգամ, «Նոան»՝ 1, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 29-10
«Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (10 միավոր), «Նոա»՝ 10-րդ տեղ (2 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. Վերջին երկու հանդիպումներում «Արարատ-Արմենիան» իր արդյունավետ խաղով վերջապես ուրախացրեց թիմի երկրպագուներին: Հայաստանի կրկնակի չեմպիոնը նախ 3 անպատասխան գնդակ խփեց «Շիրակի» դարպասը, ապա հաջորդ տուրում 4-0 հաշվով ջախջախեց «Վանին»՝ հիանալի նվեր մատուցելով Վարդան Բիչախչյանին մարզչական կարիերայում 350-րդ խաղի հոբելյանի առթիվ:
2. «Արարատի» հետ մրցավեճում «Նոան» Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ ընթացիկ առաջնությունում առաջին միավորը վաստակեց՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Դա «Նոայի» վաստակած 2-րդ միավորն էր: Մինչև այդ «Նոան» 3-րդ տուրում գոլառատ ոչ-ոքի էր գրանցել ԲԿՄԱ-ի հետ (2-2):
3. Որքան էլ որ զարմանալի է, սակայն մինչև նախորդ առաջնության 4-րդ շրջանի հանդիպումն «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի միակ թիմն էր, որին «Նոան» VBET ՀՊԼ-ում դեռ չէր հաղթել: Անցկացված 14 հանդիպումներից 10-ում հաջողությունն ուղեկցել էր «Արարատ-Արմենիային», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի:
Եվ ահա մայիսի 9-ին կայացած խաղում «Նոան» վերջապես ընդհատեց տխուր ավանդույթը: Հանդիպման 3-րդ րոպեին Դմիտրի Լավրիշչևի խփած միակ գոլը հաղթանակ պարգևեց «Նոային», որը կարելի է պատմական համարել: Իսկ «Արարատ-Արմենիայի» համար այդ պարտությունը փաստորեն ճակատագրական եղավ «Փյունիկի» հետ չեմպիոնական մրցավազքում:
4. Իսկ ահա պաշտոնական մրցումներում «Նոային» երկու անգամ հաջողվել է առավելության հասնել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ու տիտղոսներ նվաճել: 2019-20թթ. ՀՀ գավաթի խաղարկությունում «Նոան» գերարդյունավետ եզրափակչում (5-5) հետխաղյա 11մ հարվածներով 7-6 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային», նվաճել է պատվավոր մրցանակը:
Մրցակիցների միջև կայացած Սուպերգավաթի մրցավեճում էլ հաջողությունն ուղեկցել է «Նոային», որը լրացուցիչ ժամանակում հաղթել է 2-1 հաշվով:
5. «Վանի» հետ նախորդ տուրի խաղում դուբլի հեղինակներ դարձած Ջոնաթան Դուարտեն և Ուիլֆրեդ Կուասի Էզան Ուգո Ֆիրմինուի հետ 2-ական գնդակով «Արարատ-Արմենիայում» ամենաարդյունավետն են: Իսկ ահա թիմի պատմության լավագույն ռմբարկու Մաիլսոն Լիման ընթացիկ առաջնությունում դեռ չի բացել գոլերի հաշիվը: Նա վնասվածքի պատճառով բաց թողեց նախորդ երկու տուրերի հանդիպումները:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 5 գոլ:
«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ - 2 գոլ:
«Ուրարտու» - «Ալաշկերտ»
Սեպտեմբերի 10, ժամը՝ 20:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
37 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 9 անգամ, «Ալաշկերտը»՝ 16, գրանցվել է 12 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 47-56
«Ուրարտու»՝ 2-րդ տեղ (12 միավոր), «Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (16 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում «Ուրարտուն» խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տարավ՝ հյուրընկալվելիս 4-1 հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին: Այդ խաղում Մաքսիմ Մայրովիչը հեթ-տրիկ ձևակերպեց: Խոշոր հաշվով առաջին հաղթանակը Դմիտրի Գունկոյի թիմը տարել էր 4-րդ տուրում՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «Նոայի» դարպասը: Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Ուրարտուն» 3 միավոր ավելի է վաստակել:
2. «Ալաշկերտն» էլ աչքի ընկավ արդյունավետությամբ՝ խոշոր հաշվով առաջին հաղթանակը տանելով: Այս անգամ ալաշկերտցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Շիրակի» դարպասը: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը 4-2 հաշվով առավելության էր հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ:
«Ալաշկերտը» շարունակում է թիմի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշների գրանցումը: Տարած հաղթանակների (5), խփած գնդակների (15), վաստակած միավորների (16) քանակը, խփած և բաց թողած գոլերի տարբերությունը (+9) ռեկորդային է թիմի պատմության մեջ: Նախկին լավագույն ցուցանիշներն այսպիսին էին. 4 հաղթանակ (2015-16թթ.), 13 գոլ (2017-18, 2019-20թթ.), 14 միավոր (2015-16թթ.), +8 (2015-16թթ.):
3. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների դիմակայությունում առավելությունն «Ալաշկերտի» կողմն էր, որը տարավ մեկ հաղթանակ, 3 խաղ ավարտեց ոչ-ոքի: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 խաղերից 3-ն ավարտվել է «Ալաշկերտի» հաղթանակով, նույնքան անգամ գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել է 2020թ. սեպտեմբերի 13-ին կայացած խաղում (2-1): «Ուրարտուն» գլխավորում էր Ալեքսանդր Գրիգորյանը, իսկ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը Եղիշե Մելիքյանն էր:
4. Նախորդ երկու տուրերում «Ալաշկերտի» կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը դուբլ ձևակերպեց և 6 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Հետաքրքիր է, որ այդ խաղերում նա խաղադաշտ էր դուրս եկել ընդմիջումից անմիջապես հետո: Դիասը դեռ առաջնությունում ամբողջական հանդիպում չի անցկացրել՝ խաղադաշտում գտնվելով ընդամենը 326 րոպե:
Բլադիմիր Դիասն ընդգրկվեց ՀՀ առաջնությունների 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում: Հայաստանում ելույթ ունեցած կոլումբացիներից Դիասն իր արդյունավետությամբ առայժմ զիջում է միայն «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոյին, որի հաշվին 9 գոլ է գրանցված:
5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» երկու առանցքային ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն ու պաշտպան Տարոն Ոսկանյանը հոբելյաններ կնշեն: Չանչարևիչն «Ալաշկերտի» կազմում պաշտոնական մրցումներում 150-րդ անգամ կպաշտպանի թիմի դարպասը: Իսկ Ոսկանյանը VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտի» մարզաշապիկով 100-րդ անգամ խաղադաշտ դուրս կգա:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Վահագն Այվազյան - 4 գոլ:
«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան, Միհրան Մանասյան - 9-ական գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Խամես Սանթոս դաս Նևեսը:
«Փյունիկ» - ԲԿՄԱ
Սեպտեմբերի 12, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
5 խաղ, որոնցում հաղթել է «Փյունիկը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 9-0
«Փյունիկ»՝ 5-րդ տեղ (9 միավոր), ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (3 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Փյունիկը» սեպտեմբերի 8-ին Բազելում տեղի համանուն թիմի հետ մրցախաղով կմեկնարկի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: Այդ հանդիպման արդյունքով պայմանավորված կլինի փյունիկցիների տրամադրությունը ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում: Ամենայն հավանականությամբ առաջնության այդ հանդիպմանն էլ Եղիշե Մելիքյանը խաղադաշտ դուրս չի բերի թիմի հիմնական կազմը, քանի որ սեպտեմբերի 15-ին սեփական դաշտում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում հյուրընկալելու է Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»:
2. «Լեռնային Արցախի» հետ կայացած նախորդ տուրի խաղում «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում առաջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել հիմնական կազմով: Լուկա Յուրիչիչի խփած միակ գոլի շնորհիվ Հայաստանի չեմպիոնը բավական դժվարին պայքարում հաղթանակ տարավ:
Այդ խաղում «Փյունիկում» նորամուտը նշեցին Ալեքսանդր Կարապետյանն ու հյուսիսմակեդոնացի Ստեֆան Սպիրովսկին: Օրերս Հայաստանի գործող չեմպիոնի կազմը համալրել է «Շիրակի» սենեգալցի նախկին հարձակվող Դամե Դիոպը:
3. Նախորդ երկու հանդիպումներում ԲԿՄԱ-ն շատ անհաջող խաղաց՝ սեփական դարպասը 4-ական գնդակ ընդունելով «Ալաշկերտի» (2-4) և «Ուրարտուի» (1-4) հետ խաղերում: Վերջին 4 հանդիպումներում բանակայիններն ընդամենը 2 միավոր են վաստակել:
4. ԲԿՄԱ-ի համար մեծ կորուստ է Ժիրայր Շաղոյանի հեռանալը թիմից: Ակումբի պատմության լավագույն ռմբարկուն վարձավճարով ելույթները կշարունակի Սոֆիայի ԲԿՄԱ-ում, որի հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել: Իսկ մրցաշրջանի ավարտից հետո բուլղարական ակումբը հնարավորություն կստանա գնելու Շաղոյանի ամբողջական տրանսֆերը, որի իրավունքը պատկանում է «Արարատ-Արմենիային»:
Նշենք, որ Սոֆիայի ԲԿՄԱ-ում 1994թ. հոկտեմբերի վերջից մինչև 1995թ. սեպտեմբեր հանդես է եկել «Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռազմիկ Գրիգորյանը:
Շաղոյանն ընթացիկ առաջնությունում էր «Արարատ-Արմենիայից» վերադարձել ԲԿՄԱ, որի կազմում նախկինում ելույթ էր ունեցել Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: 21-ամյա ֆուտբոլիստը շատ հաջող էր սկսել ընթացիկ առաջնությունը՝ անցկացրած 6 խաղում խփելով 5 գոլ: VBET ՀՊԼ-ում անցկացրած 45 հանդիպումներում Շաղոյանի հաշվին 8 գոլ է գրանցվել:
5. Հանդիպմանը մասնակցելու և դարպասն առնվազը 57 րոպե անառիկ պահելու դեպքում «Փյունիկի» 36-ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոն տարիքային ռեկորդ կսահմանի՝ գերազանցելով «Գանձասար-Կապանի» նախկին դարպասապահ Էդիկ Երիցյանի ցուցանիշը: Վերջինս այդ տարիքում 2007թ. առաջնությունում 396 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:
VBET ՀՊԼ-ում Յուրչենկոն վերջին գոլը բաց է թողել «Ուրարտուի» հետ մայիսի 15-ին կայացած հանդիպման 20-րդ րոպեին: Դրանից հետո անցկացրած 3 խաղերում փորձառու դարպասապահը 340 րոպե դարպասն անառիկ է պահել:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Փյունիկ»՝ Ուգո Ֆիրմինու - 2 գոլ: