Logo

ՀՊԼ-ի 8-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:05 / 16.09.2022• Հայկական ֆուտբոլ
ՀՊԼ-ի 8-րդ տուր

«Ալաշկերտ»  - «Վան»  

Սեպտեմբերի 16, ժամը՝ 16:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

7 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 5 անգամ, «Վանը»՝ 2, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-6

«Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (17 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (11 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Ալաշկերտն» ընդհատեց 2 անընդմեջ հաղթանակների շարքը՝ ոչ-ոքի ավարտելով հանդիպումն «Ուրարտուի» հետ: «Ալաշկերտը» կրկնեց 2015-16թթ. առաջնությունում գրանցած իր լավագույն արդյունքը: 

Հետաքրքիր է, որ այդ մրցաշրջանի մեկնարկային 7 հանդիպումներում էլ ալաշկերտցիներն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ տարել էին 5 հաղթանակ, 2 խաղ ավարտել էին ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի տարբերությունն էլ +9 էր (14-5): Իսկ ահա խփած գնդակների քանակը (16) 2017-18թթ. առաջնությունում գրանցած լավագույն արդյունքի կրկնությունն է:

ՀՊԼ-ի 8-րդ տուր-12. «Վանն» էլ 2 անընդմեջ պարտություններից հետո առաջին միավորը վաստակեց՝ ոչ-ոքի խաղալով «Շիրակի» հետ: «Վանն» ընդհատեց նաև 236 րոպե տևած գոլային երաշտը: Աչքի ընկավ Արտյոմ Բիլին՝ բացելով գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում:

«Վանի» ներկայիս արդյունքը (11 միավոր) մեկ միավորով է զիջում 2020-21թթ. առաջնության մեկնարկային 7 հանդիպումներում թիմի օգտին գրանցված ռեկորդային ցուցանիշին: Այդ առաջնությունում «Վանը» Սևադա Արզումանյանի գլխավորությամբ մեկնարկային 7 խաղերում տարել էր 4 հաղթանակ, կրել էր 3 պարտություն:

ՀՊԼ-ի 8-րդ տուր-23. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների դիմակայությունում առավելության է հասել «Ալաշկերտը»՝ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ, կրելով մեկ պարտություն: Միակ հաղթանակը «Վանը» տարել էր անցյալ տարվա օգոստոսի 15-ին կայացած առաջին շրջանի խաղում՝ հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ խփելով «Ալաշկերտի» դարպասը:

4. «Ալաշկերտը» շարունակում է կազմի համալրումը: Ռուսական «Կալուգայից» հայկական ակումբ է տեղափոխվել 18-ամյա Նարեկ Մանուկյանը: Նա Հայաստանի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականում 11 խաղ է անցկացրել՝ մասնակցելով նաև Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդի հանդիպումներին: Պատանի ֆուտբոլիստը խաղացել է նաև ռուսական «Ռոստովի» 2-րդ թիմի կազմում:

«Ալաշկերտի» մյուս նորեկը Սալվադորի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Կևին Ռեյեսն է: Նա խաղացել է այդ երկրի «Ագիլա», «Սանտա Տեկլա» և ՖԱՍ թիմերում:

«Ալաշկերտում» ելույթ կունենա նաև Գվատեմալայի «Մալակատեկոյից» տեղափոխված բրազիլացի հարձակվող Լուկաս Վենտուրան: 25-ամյա ֆուտբոլիստը խաղացել է բրազիլական մի քանի ակումբներում, ուկրաինական «Մետալիստ-1925» և «Գորնյակ-Սպորտ» թիմերում ու Սալվադորի «Ագիլայում»: 

5. «Ալաշկերտ» վերադարձած բրազիլացի Տիագո Գալվաոն անցկացրած 6 հանդիպումներում արդեն հասցրել է 3 գոլ խփել: Եթե 33-ամյա Գալվաոյին հաջողվի գրավել «Վանի» դարպասը, ապա կգերազանցի Ֆոֆանա Բեկոյի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում «Ալաշկերտում» ելույթ ունեցած լեգեոնականներից առավել արդյունավետ է գործել՝ խփելով 3 գոլ:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Դավիդ Դավիդյան - 2 գոլ:

«Վան»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա - 2 գոլ:

«Նոա» - «Շիրակ»  

Սեպտեմբերի 16, ժամը՝ 16:00, Արմավիր, «Հոբելյանական» մարզադաշտ

11 խաղ, «Նոան» հաղթել է 4 անգամ, «Շիրակը»՝ 4, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 15-13 

«Նոա»`10-րդ տեղ (2 միավոր), «Շիրակ»՝ 8-րդ տեղ (5 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

ՀՊԼ-ի 8-րդ տուր-3

1. «Նոային» առայժմ չի հաջողվում կարգավորել մրցաշարային գործերը: Ճիշտ է, Ռոբերտ Արզումանյանի օրոք թիմի գործողություններում որոշակի առաջընթաց զգացվում է, սակայն երիտասարդ ֆուտբոլիստներով կազմավորված թիմին դեռևս դժվար է մրցակցել ֆուտբոլային փորձառու կոլեկտիվների հետ:

Նախորդ տուրում «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում «Նոան» 3 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը՝ կրելով ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 3-րդ պարտությունը: Մինչև այդ «Նոան» այդ կարգի պարտություններ էր կրել «Ուրարտուից» (0-6) և «Փյունիկից» (0-3):

2. Նախորդ տուրում «Վանի» հետ հանդիպման 72-րդ րոպեին Արտեմ Գևորգյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ «Շիրակը» ոչ միայն խուսափեց պարտությունից, այլև վերջապես ընդհատեց գոլային երաշտը: Մինչև այդ շիրակցիները 5 խաղ անընդմեջ, 552 րոպե շարունակ գոլ չէին խփել: Միակ գոլը «Շիրակի» օգտին գրանցվել էր ԲԿՄԱ-ի հետ կայացած մեկնարկային տուրի հանդիպման 59-րդ րոպեին, երբ աչքի էր ընկել Մանվել Մրյանը:

«Շիրակի» գոլային երաշտը թիմի պատմության մեջ վատագույնն է: Մինչև այդ շիրակցիների ամենաերկար գոլային երաշտը գրանցվել էր 2010թ. առաջնությունում (494 րոպե):

ՀՊԼ-ի 8-րդ տուր-4

3. Մրցակիցների վերջին հանդիպումը ՀՊԼ-ում կայացել է անցյալ տարվա մայիսի 11-ին Երևանում և ավարտվել է «Նոայի» 3-0 հաշվով հաղթանակով: Պետրոս Ավետիսյանը դուբլ էր ձևակերպել, մեկ գոլ էլ խփել էր Բենիկ Հովհաննիսյանը: Մրցակիցների միջև 2020-21թթ. առաջնությունում կայացած նախորդ խաղում էլ «Նոան» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Շիրակի» դարպասը: Իսկ առաջին շրջանի խաղում գրանցվել էր գոլառատ ոչ-ոքի՝ 2-2:

ՀՊԼ-ում արդեն 4 խաղ է, ինչ «Շիրակին» չի հաջողվել հաղթել «Նոային»՝ կրելով խոշոր հաշվով 3 պարտություն: Վերջին անգամ «Շիրակը» «Նոային» հաղթել է 2020թ. հունիսի 11-ին՝ Գյումրիում առավելության հասնելով 2-0 հաշվով:

4. Եթե «Շիրակն» այս խաղում անհաջողության մատնվի, ապա կկրի ՀՀ առաջնություններում 250-րդ պարտությունը: Իսկ հանդիպման ժամանակ խփված 2-րդ գնդակը կլինի «Նոայի» մասնակցությամբ խաղերում գրանցված ընդհանուր 300-րդ գոլը: 

5. Նախորդ տուրում «Արարատ-Արմենիայի» հետ խաղում «Նոայի» կազմում նորամուտն էր նշել 18-ամյա գանացի հարձակողական ոճի կիսապաշտպան Իսրայել Օպոկուն: Փոխարենը «Նոան» երկկողմանի պայմանավորվածությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Ռուբեն Հովսեփյանի հետ, որը նախկինում ելույթ է ունեցել «Արարատ-2-ում» և-«Արարատ-Արմենիա-2-ում»: Նշենք, որ Ռուբենը «Փյունիկի» բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանի որդին է:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 3 գոլ:

«Շիրակ»՝ Մորի Կոնե - 3 գոլ:

ԲԿՄԱ - «Արարատ» 

Սեպտեմբերի 17, ժամը՝ 15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

5 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 2 անգամ, «Արարատը»՝ 3, խփած  և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-10

ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (3 միավոր), «Արարատ»՝ 7-րդ տեղ (8 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում ԲԿՄԱ-ն 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 1-3 հաշվով զիջելով «Փյունիկին»: Վերջին 3 խաղերում ԲԿՄԱ-ն 11 գոլ է բաց թողել: «Փյունիկի» հետ հանդիպումը ՀՀ առաջնություններում ԲԿՄԱ-ի հոբելյանական՝ 50-րդ խաղն էր: Այդ հանդիպումներում բանակայիններն ընդամենը 5 հաղթանակ են տարել: Ընդ որում, ընթացիկ առաջնությունում ԲԿՄԱ-ն դեռ չի վայելել հաղթանակի բերկրանքը:

ՀՊԼ-ի 8-րդ տուր-5

2. «Արարատին» առայժմ չի հաջողվում կարգավորել խաղը, որի պատճառով թանկարժեք միավորների կորուստ է ունենում: Նախորդ տուրում էլ արարատցիները 1-2 հաշվով պարտվեցին «Լեռնային Արցախին»՝ կրելով առաջնությունում 3-րդ պարտությունը: Վերջին 6 հանդիպումներում «Արարատն» ընդամենը 5 միավոր է վաստակել՝ միակ հաղթանակը տանելով «Վանի» նկատմամբ (1-0):

3. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների դիմակայությունում հավասարակշռություն էր: Առաջին երկու հանդիպումներում հաղթել էր «Արարատը», հաջորդ երկու խաղերն ավարտվել էին ԲԿՄԱ-ի հաղթանակով: Ընդ որում, 3-րդ շրջանի խաղում, որում ԲԿՄԱ-ն հաղթել էր 3-2 հաշվով, բանակային Նարեկ Ալավերդյանի խփած գնդակը Հայաստանի Պրեմիեր լիգայում «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված 2200-րդ գոլն էր:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Հրայր Մկոյանը կդառնա ՀՀ առաջնություններում «Արարատում» ելույթ ունեցած ամենատարեց ֆուտբոլիստը (36 տարեկան 15 օրական): Նա կգերազանցի թիմի նախկին ֆուտբոլիստ Գագիկ Սիմոնյանի ցուցանիշը, որն «Արարատում» իր վերջին խաղն անցկացրել է 36 տարեկան 11 օրականում:

ՀՊԼ-ի 8-րդ տուր-6

5. Առաջնությունում ԲԿՄԱ-ի խփած 9 գոլերից 5-ի հեղինակը Սոֆիայի ԲԿՄԱ տեղափոխված Ժիրայր Շաղոյանն է: «Արարատը» «Շիրակից» հետո ամենացածր արդյունավետություն ունեցող թիմն է: Խփված 3 գոլերից 2-ը գրանցվել է Ռազմիկ Հակոբյանի օգտին:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն

ԲԿՄԱ՝ Նարեկ Ալավերդյան – 2 գոլ:

«Լեռնային Արցախ» - «Արարատ-Արմենիա»

Սեպտեմբերի 17, ժամը՝ 16:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ

ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Լեռնային Արցախ»՝ 6-րդ տեղ (10 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (13 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

ՀՊԼ-ի 8-րդ տուր-7

1. «Լեռնային Արցախը» ևս մեկ անգամ ապացուցեց, որ ընթացիկ առաջնությունում դժվարին մրցակից է լինելու ցանկացած թիմի համար: «Արարատի» հետ խաղում էլ արցախցիները մարտական բնավորություն դրսևորեցին և 2-1 հաշվով պարտության մատնեցին «Արարատին»: Դա Բարձրագույն խմբի նորեկի արդեն 3-րդ հաղթանակն էր: Մինչև այդ «Լեռնային Արցախը» հաղթել էր «Նոային» (1-0) և «Ուրարտուին» (3-2):

2. «Արարատ-Արմենիան» արդյունավետ խաղով կրկին ուրախացրեց իր երկրպագուներին՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Նոայի» դարպասը: ՀՀ կրկնակի չեմպիոնը խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, ինչը թիմի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Նախկինում «Արարատ-Արմենիան» լավագույն արդյունքը գրանցել էր 2018-19թթ. առաջնությունում՝ 2 անգամ խոշոր հաշվով 2 անընդմեջ հաղթանակ տանելով («Արարատ»՝ 4-1, «Փյունիկ»՝ 3-0 և «Լոռի»՝ 3-0, «Արարատ»՝ 6-2):

ՀՊԼ-ի 8-րդ տուր-8

3. ՀՀ առաջնություններում մրցակիցներն առաջին անգամ են միմյանց հետ մրցելու: Իսկ պաշտոնական մրցումներում թիմերի միջև միակ խաղը կայացել է Հայաստանի գավաթի նախորդ խաղարկության 1/8 եզրափակչում: Անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին Սիսիանի Քաղաքային մարզադաշտում կայացած այդ խաղում 2-1 հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիան»: Հաղթողներից աչքի էին ընկել Արտյոմ Ավանեսյանն ու Մաիլսոն Լիման, «Լեռնային Արցախից» միակ գոլը խփել էր Մատար Բադջին:  

4. «Արարատի» հետ խաղում դուբլ ձևակերպած Յեիսոն Ռասինեսը ոչ միայն բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում, այլև Խուան Պալասիոյի հետ 2 գնդակով գլխավորեվց «Լեռնային Արցախի» լավագույն ռմբարկուների ցանկը: Իսկ «Արարատ-Արմենիայում» ամենաարդյունավետն Ուգո Ֆիրմինուն է, որի հաշվին 3 գոլ է գրանցված:

5. Եթե Մաիլսոն Լիմային վերջապես հաջողվի բացել գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում, ապա պաշտոնական մրցումներում «Արարատ-Արմենիայում» կխփի հոբելյանական՝ 40-րդ գնդակը:

ՀՊԼ-ի 8-րդ տուր-9

«Ուրարտու» - «Փյունիկ» 

Սեպտեմբերի 19, ժամը՝ 20:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

91 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 21 անգամ, «Փյունիկը»՝ 47, գրանցվել է 23 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 94-156

«Ուրարտու»՝ 2-րդ տեղ (13 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (12 միավոր):  

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Ուրարտուին» հնարավորություն էր ընձեռվել կրճատելու միավորների տարբերությունն «Ալաշկերտից»: Սակայն Դմիտրի Գունկոյի սաներին չհաջողվեց հաղթել առաջատարին ու մրցակիցների միջև 4 միավորի տարբերությունը պահպանվեց: Ավելին, »Ուրարտուն» այդ խաղում հայտնվել էր պարտվողի դերում և միայն թիմում նորամուտը նշած Դավիթ Խուրցիձեի խփած գոլի շնորհիվ փրկվեց պարտությունից:

ՀՊԼ-ի 8-րդ տուր-10

2. Առաջնության հերթական հանդիպմանը «Փյունիկի» ֆուտբոլիստները կներկայանան բարձր տրամադրությամբ, քանի որ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել էին Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»: Դա այդ մրցաշարում ելույթ ունեցած հայկական երկու թիմերի անցկացրած 8 հանդիպումներում գրանցված առաջին հաղթանակն էր:

«Փյունիկի» գործերը վատ չեն ընթանում նաև առաջնությունում: «Սլովանի» հետ հանդիպումից առաջ փյունիկցիներն առաջնության նախորդ տուրում 3-1 հաշվով պարտության էին մատնել ԲԿՄԱ-ին՝ տանելով 3-րդ անընդմեջ հաղթանակը:

Հետաքրքիր է, որ առաջնության 6 հանդիպումներում Եղիշե Մելիքյանն արդեն խաղադաշտ է դուրս բերել 32 ֆուտբոլիստի: Մինչդեռ նախորդ առաջնության ընթացքում «Փյունիկի» կազմում հանդիպումներին մասնակցել էր 37 ֆուտբոլիստ: 

ՀՊԼ-ի 8-րդ տուր-11

3. Նախորդ առաջնությունում «Ուրարտուին» միայն 4-րդ շրջանի խաղում էր (1-1) հաջողվել գրավել «Փյունիկի» դարպասն ու առաջին միավորը վաստակել: Այդ խաղում փյունիկցի Նիկիտա Բառանովի խփած գոլը հոբելյանական՝ 250-րդն էր մրցակիցների դիմակայությունում: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել է անցյալ տարվա մայիսի 28-ին կայացած 2020-21թթ. առաջնության ավարտական տուրի խաղում Արթուր Միրանյանի խփած միակ գոլի շնորհիվ:

4. «Ուրարտուի» կազմը համալրել է Չեռնիգովի «Դեսնայի» 26-ամյա պաշտպան Եվգենի Ցիմբալյուկը: Ուկրաինացի ֆուտբոլիստը «Օլիմպիկ Դոնեցկ» ֆուտբոլային ակումբի սան է, որի կազմում 7 մրցաշրջան է անցկացրել Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:

5. «Փյունիկն» էլ «Սլովանի» հետ խաղից առաջ համալրել էր կազմը: Նորեկը 31-ամյա հյուսիսմակեդոնացի պաշտպան Կիրե Ռիստևսկին է, որը «Փյունիկ» է տեղափոխվել Կիպրոսի ԱԵԼ-ից: Ռիստևսկին խաղացել է նաև հյուսիսմակեդոնական «Պելիստերում», «Ռաբոտնիչկիում», ալբանական «Էլբասանում», «Բիլիշ Բալշում», «Տիրանայում», բուլղարական «Սլավիայում», հունգարական «Վաշաշում» և «Ույպեշտում»: 

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Սամվել Մելքոնյան -  6-ական գոլ:

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 9 գոլ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ