Logo

ՀԸՖ-ի ու Հակադոպինգային գործակալություն պարզաբանումներն ըմբիշ Հրաչյա Պողոսյանի որակազրկման վերաբերյալ 

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:22 / 09.02.2023Ըմբշամարտ
Բացառիկ
null

Հայաստանի հակադոպինգային գործակալությունը, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, երկամսյա որակազրկում է սահմանել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի գործող չեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, Մ23 աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանին, որի օրգանիզմում հայտնաբերվել էին Օկտադրին և Մեթիլհեքսանամին արգելված նյութի հետքեր։

ՀՀԳ փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանը VNews-ին հայտնեց, որ որոշմանն առնչվող հնարավոր հետագա զարգացումները կախված են Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) դիրքորոշումից։

«Նման պատժաժամկետ սահմանելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված նյութերի ընդունումն արգելված է միայն մրցումների ընթացքում։ Հրաչյան դա օգտագործել է արտամրցումային շրջանում։ Պետք է նշել, որ դրանք հատուկ նյութեր են, որոնց այլ վերաբերմունք է դրսևորվում, քանզի այդ նյութերը կարող են լինել ցանկացած դեղամիջոցի և հավելման բաղադրությունում։ Դրանք հայ ըմբիշի օրգանիզմում հայտնվել են սննդային հավելման միջոցով, որը նա օգտագործել է ոչ թե արդյունքները բարձրացնելու, այլ հիվանդությունից հետո իր ֆիզիկական վիճակը բարելավելու համար։ Դա տեղի է ունեցել սովորական մրսածությանը հաջորդած շրջանում, ինչի վերաբերյալ առկա է նաև բժշկի տեղեկանքը։ Ավելի ուշ, տեղեկանալով, որ մասնակցելու է Հայաստանի առաջնությանը, մարզիկը դադարեցրել է հավելման ընդունումը, սակայն դրա հետքերը մնացել են նրա օրգանիզմում։ Որակազրկման կարճ պատժաժամկետը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ արարքը միտումնավոր չի կատարվել։ Որոշման համար կան նաև այլ չափանիշներ, որոնք կհրապարակենք ավելի ուշ»,- նշեց մեր զրուցակիցը։

Արեգ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընթացակարգի համաձայն՝ ՀՀԳ-ն որոշումն ուղարկել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա, որի պատասխանն ակնկալվում է ստանալ փետրվարի 10-ին։

«Նրանցից առարկություն չստանալու դեպքում որոշումն ու հիմնավորումը անմիջապես կտեղադրենք դոպինգ ստուգումների անցկացման և դրանց արդյունքների պահպանման ADAMS փակ համակարգում, որպեսզի այն հասանելի լինի նաև Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը՝ ՎԱԴԱ-ին։ Եթե վերջինս 21 օրվա ընթացքում չբողոքարկի մեր որոշումը, ապա այն կմնա ուժի մեջ։ Եթե բողոքարկի՝ կձեռնարկվի համապատասխան գործընթաց։ Այդ դեպքում հնարավոր է որակազրկման ավելի մեծ ժամկետ սահմանվի»,- հայտնեց ՀՀԳ փոխտնօրենը, որի խոսքով՝ արդյունքների չեղարկումը վերաբերում է բացառապես Հայաստանի վերջին առաջնությանը։

Այդ կապակցությամբ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը VNews-ին հայտնեց, որ ստեղծված իրավիճակում մինչև 63 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը կփոխանցվի Գևորգ Սուքիասյանին, որին Հրաչյա Պողոսյանը հաղթել էր 2022թ․ Հայաստանի առաջնության եզրափակիչ գոտեմարտում։ Արայիկ Բաղդադյանը տեղեկացրեց նաև, որ ՀԸՖ-ն ավելի ուշ հանդես կգա այդ հարցի վերաբերյալ լրացուցիչ հայտարարությամբ։ 

Հիշեցնենք, որ հայ ըմբիշի որակազրկումն ուժի մեջ է մտել 2022թ․ դեկտեմբերի 20-ից և կավարտվի 2023թ․ փետրվարի 20-ին։

Երևանի «Դինամո» մարզահամալիրում դեկտեմբերին կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում Հրաչյա Պողոսյանը չեմպիոն էր դարձել 63 կգ քաշային կարգում։ Հոկտեմբերին հայ ըմբիշը բրոնզե մեդալակիր էր դարձել Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ