Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը դարձել է հայկական ակումբների կազմում եվրագավաթներում գոլ խփած ամենատարեց այլազգի ֆուտբոլիստը, հաղորդում է ՀՊԼ-ի մամուլի ծառայությունը։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի երկու խաղում էլ Միլկովիչը գրավել էր հյուսիսմակետոնական «Շկենդիայի» դարպասը։ Նա ռեկորդը սահմանել էր 34 տարեկան 143 օրականում:
Ալեքսանդր Միլկովիչը գերազանցել է Երևանի «Փյունիկի» պաշտպան Խուան Բրավոյի ցուցանիշը։ Կոլումբացի ֆուտբոլիստն անցյալ տարի շվեդական «Կալմարի» հետ խաղում գոլի հեղինակ էր դարձել 33 տարեկան 117 օրականում։
Հիշեցնենք, որ «Նոան» առաջին անգամ հաղթահարել էր եվրագավաթի որակավարման մեկ փուլ, իսկ հաջորդ դիմակայությունում կմրցի Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» դեմ: Առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 25-ին Աբովյանում, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 1-ին Մալթայում:


