Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է լեգենդար նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշում է 99-ամյակը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմի, հայկական ֆուտբոլի շահառուների և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան կապակցությամբ։
Երկար տարիների ընթացքում ֆուտբոլին Ձեր նվիրումը մշտապես փայլուն օրինակ է հանդիսացել ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներին։ Ֆուտբոլիստի և մարզչի Ձեր կարիերայի նվաճումները ոսկե տառերով են գրվել համաշխարհային և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։
Անգնահատելի է Ձեր ավանդը հայկական ֆուտբոլի մեծ նվաճման՝ «Արարատ 73»-ի հաղթանակի գործում:
Կրկին շնորհավորելով Ձեզ՝ ցանկանում ենք անսպառ առողջություն, տոկունություն և եռանդ»,- նշված է Մելիքբեկյանի շնորհավորական ուղերձում:

