Logo

ՀՖՖ-ն նշում է հիմնադրման 32-ամյակը և ունի նոր տարբերանշան

15:08 / 18.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 32-ամյակը։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ուղերձ է հղել այդ կապակցությամբ:

«32 տարի առաջ, երբ հիմնադրվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան, Հայաստանում ֆուտբոլը կառավարող մարմնի ստեղծման ակունքներում կանգնած մարդիկ դժվար թե պատկերացնեին՝ ինչպիսին կլինի հայկական ֆուտբոլը 3 տասնամյակ հետո։ Ֆեդերացիայի հիմնադրումն իրականացվել է բարդ պայմաններում, և դա էլ ավելի է արժևորում այս կարևոր իրադարձությունը։

2024 թվականին տարեդարձն առաջին անգամ նշում ենք առանց կառույցի առաջին նախագահի՝ լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի։ Սա ևս մեկ առիթ է հիշելու ու արժանին մատուցելու հայկական ֆուտբոլի լեգենդար գործիչներից մեկին, կարևորելու նրա դերն անկախ Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում։

Այս տարիների ընթացքում հայկական ֆուտբոլը բազմաթիվ բարդ խնդիրներ է հաղթահարել, ունեցել է ինչպես անհաջողություններ, այնպես էլ ուրախալի պահեր։ Որպես մարզական կառույց ՀՖՖ-ի առջև մշտապես կանգնած է արդյունքի հասնելու, հայկական ֆուտբոլի դերը միջազգային ասպարեզում բարձրացնելու խնդիրը։ Սակայն այսօր ես ցանկանում եմ ընդգծել ֆուտբոլի՝ առաջին հայացքից ոչ այնքան ակնհայտ նպատակը՝ սոցիալական լայն ներգրավում ապահովելը։

ՀՖՖ-ն, բացի Հայաստանի հավաքականների կողմից մարզական նպատակներրին հասնելու խնդրից, պարտավոր է աշխատել մարզաձևի լայն տարածումն ապահովելու, սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին գործընթացների մեջ ընդգրկելու, հայաստանյան մարզերում ֆուտբոլի աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ։ Կարևորագույն խնդիր է նաև երեխաների շրջանում Խաղի նկատմամբ սերը սերմանելը․ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ շատ քչերն են դառնում, իսկ թիմային ոգին, ընկերությունը, միմյանց փոխօգնության հասնելու հատկանիշները, որոնք կարող են ուսուցանվել ֆուտբոլի միջոցով, երեխաների մոտ ձևավորվում են մարզումների ընթացքում և կարող են նրանց ուղեկիցը լինել ամբողջ կյանքում։

Այսօր, ևս մեկ անգամ ընդգծելով ֆուտբոլի սոցիալական կարևորագույն դերը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին մաղթում եմ անսահման սեր ֆուտբոլի նկատմամբ և բեղմնավոր աշխատանք ֆուտբոլային ոլորտի բոլոր մակարդակներում»,- նշված է Արմեն Մելիքբեկյանի ուղերձում։

ՀՖՖ-ն նաև թարմացրել է տարբերանշանը։ Նորացված տարբերանշանը պահպանել է հնի հիմնական խորհրդանիշերը՝ Արարատի պատկերը, հայատառ գրությամբ հապավումը (ՀՖՖ), կառույցի անվան լատինատառ շրջանաձև գրությունը։ Ժամանակի հրամայականներից է, որ տարբերանշանները ստանում են ավելի նուրբ գծեր, ունենում են ավելի սահուն անցումներ տարրերի միջև, դրանց նրբերանգների ու գույների համադրություն։ Նորացված տարբերանշանը ստեղծվել է հենց այդ տրամաբանության շրջանակում։

Այն խորհրդանիշը, որը տարիներ շարունակ ուղեկցել է ՀՖՖ-ին և ազգային ընտրանիներին, այսուհետ ներկայանալու է նոր տեսքով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա