Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ուրարտուին» հաղթանակ է շնորհվել «Վեստ Արմենիայի» դեմ խաղում։
«Ուրարտուի» պաշտոնական կայքը գրում է, որ ակումբը հանդիպումից հետո ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե բողոք է ներկայացրել «Վեստ Արմենիա» թիմի կողմից Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 31․09 խախտման մասով, որի համաձայն խաղադաշտում յուրաքանչյուր թիմի կազմում պետք է միաժամանակ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներից առնվազն 3 ֆուտբոլիստ։
Բողոքում «Ուրարտուն» նշել է, որ 74-79-րդ րոպեներին «Վեստ Արմենիայի» կազմում խաղադաշտում եղել է մեկ հայ ֆուտբոլիստ։
Բողոքի և կից տեսանյութերի քննարկման արդյունքում ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն սեպտեմբերի 30-ին ամբողջ կազմով որոշել է բավարարել «Ուրարտուի» բողոքն ու «Վեստ Արմենիային» 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցել։
Այդ որոշումից հետո Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Ուրարտուի» միավորների քանակը դարձել է 19, իսկ ակումբը բարձրացել առաջին տեղ։
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Վեստ Արմենիան» 2-1 հաշվով հաղթել էր «Ուրարտուին»։