Իսպանացի մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր, «Վիվառո Մեդիայի» մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկ է կատարել Տորալին: Նա համարվում է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածու: ՀՖՖ-ն այս պահին այլ տարբերակ չի դիտարկում: Մյուս թեկնածուները կդիտարկվեն, եթե 57-ամյա մասնագետի հետ չկարողանան համաձայնության գալ:
Մարսելինո Գարսիա Տորալի նախորդ աշխատավայրը եղել է Բիլբաոյի «Աթլետիկը», որը նա գլխավորել է 2021-ի հունվարից մինչև 2022-ի հունիսի 30-ը: Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև իսպանական «Սևիլիայում», «Վիլյառեալում», «Վալենսիայում», «Ռեկրեատիվոյում», «Սպորտինգ Խիխոնում», «Ռասինգում» և «Սարագոսայում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հեռանալուց հետո: