ՀՖՖ-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Մրցավարական կոմիտեի մեկնաբանությունը Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Շիրակ» - «Նոա» խաղում նշանակված 11-մետրանոցների դրվագների վերաբերյալ.
«Առաջին դրվագ - 31-րդ րոպե
«Նոա» թիմի հարձակվողը խաղում է գնդակին, իսկ «Շիրակ» թիմի ֆուտբոլիստը, չդիպչելով գնդակին, մարմնով հարվածում է մրցակցի մարմնին և խախտում խաղի կանոնները:
Երկրորդ դրվագ - 45+3-րդ րոպե
Երկու թիմերի խաղացողները պատրաստվում են պայքարել օդից եկող գնդակի համար և այդ ընթացքում «Շիրակ» թիմի խաղացողը կանգնում է մրցակցի ոտնաթաթին, որից հետո խաղում է գնդակին: Համաձայն խաղի կանոնների և ՈՒԵՖԱ-ի ուղեցույցների՝ նմանատիպ խախտումները պետք է պատժվեն տուգանային կամ 11 մ հարվածով, նույնիսկ, եթե դա կատարվել է ոչ միտումնավոր, իսկ խախտում կատարող խաղացողը պետք է պատժվի նաև դեղին քարտով: Անկյունային հարվածը նշանակվել է առաջին խաղակեսին փոխհատուցված ժամանակի 3-րդ րոպեին, իսկ խախտումը կատարվել է ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին:
Երրորդ դրվագ - 81-րդ րոպե
«Նոա» թիմի ֆուտբոլիստի հարվածից հետո «Շիրակ» թիմի ֆուտբոլիստը կատարում է սահանկում և չդիպչելով գնդակին՝ կոպտորեն հարվածում է մրցակցի ոտքին: Համաձայն խաղի կանոնների՝ նմանատիպ խախտումները պետք է պատժվեն տուգանային կամ 11 մ հարվածով, իսկ խախտում կատարող խաղացողը պետք է պատժվի նաև դեղին քարտով:
Մրցավարն անմիջապես սուլիչով արձանագրում է խախտումը և նշանակում 11 մ հարված: Անմիջապես դրանից հետո արձանագրվում է խաղից դուրս դիրքի խախտում: Հաշվի առնելով այն, որ խախտումը կատարվել էր մինչ խաղից դուրսը, մրցավարն իրավացիորեն խաղը վերսկսում է 11 մ հարվածով:
Տեսանյութում ներկայացված են դրվագները՝ VAR համակարգի տեսախցիկներով»,- գրված է հայտարարության մեջ: