Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուների վերաբերյալ լայն արձագանքով պայմանավորված, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
«Հարգելի երկրպագուներ, ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։
Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։
ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը»։
Հայաստանի թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարը ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանն է: