Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնաբանել է Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ, ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևի՝ Հայաստանի ազգային հավաքականում հնարավոր նշանակման մասին լուրերը:
«Մեր ֆեդերացիան կապ չի հաստատել Անդրեյ Տալալաևի հետ, և բանակցություն չի վարել մասնագետի հետ: Ընդամենը երկու օր է անցել Խոակին Կապառոսի հեռանալուց հետո։
Մեր փնտրտուքները շարունակվում են: Շատ թեկնածուներ կան, բայց որևէ բանակցություն կամ պաշտոնական առաջարկ չկա: Նախքան հաջորդ խաղը դեռ ժամանակ կա, այդ պատճառով էլ մենք դիտարկում ենք տարբեր մասնագետների»,- Sport24-ի հետ զրույցում ասել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ 49-ամյա Տալալաևի նախորդ ակումբը եղել է Գրոզնիի «Ախմատը», որտեղ նա աշխատել է 2020-2022 թվականներին: 2018 թվականի հունիսի 12-ից մինչև 2019-ի ապրիլի 9-ը նա գլխավորել է «Փյունիկը»։
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել էր, որ երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում է համագործակցությունը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։
Իսպանացի մասնագետը 2020 թվականի մարտին էր նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ ազգային թիմն անցկացրել է 26 հանդիպում, տարել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն ու գրանցել 6 ոչ-ոքի։ Այդ խաղերում Կապառոսը դաշտ է դուրս բերել 47 ֆուտբոլիստի։