Երեք տարի Եվրոպայում մրցաշրջանն այսքան վաղ չէր ավարտվել: 2022-ի Մունդիալն անցկացվեց նոյեմբեր-դեկտեմբերին, իսկ Եվրոպայի առաջնությունը 2021-ի ամռանն էր: Առջևում Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ն է, որը մեկնարկելու է հունիսի 14-ին: Այդ պատճառով ազգային առաջնություններն ավարտական փուլում են, իսկ չեմպիոնության հարցը շատ երկրներում արդեն որոշվել է: Բայց մնացել են լիգաներ, որոնցում տիտղոսը խաղարկվելու է վերջին 1-2 տուրերում և այդ պայքարին հետևելը մրցաշրջանի այս հատվածի ամենահետաքրքիր երևույթներից է:
VNews-ն առանձնացրել է եվրոպական այն առաջնությունները, որոնցում մինչև վերջ չեմպիոնական պայքար է սպասվում:
Հայաստան

Մայիսի 16-ին կայացած «Նոա» - «Արարատ-Արմենիա» (2-1) խաղով երեք թիմի չեմպիոնական պայքարը վերածվեց դուելի: Երրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» 2 տուր առաջ 6 միավորով հետ է «Նոայից» և անձնական խաղերում զիջելու պատճառով այլևս չեմպիոն չի դառնա: Այլ իրավիճակում է «Փյունիկը»: Եղիշե Մելիքյանի թիմը 1 միավորով է հետ «Նոայից» և հաջորդ տուրում մրցելու է հենց առաջատարի հետ: Եթե Կառլոս Ինարեխոսի թիմը հաղթի, կդառնա չեմպիոն, ցանկացած այլ արդյունքի դեպքում չեմպիոնությունը կորոշվի վերջին տուրում:
Անգլիա

Պեպ Գվարդիոլայի գերիշխանությունն Անգլիայում գագաթնակետին հասցնելու համար մեկ հաղթանակ է մնացել: «Մանչեսթեր Սիթին» երեք տարի անընդմեջ Անգլիայի չեմպիոն դառնալուց հետո կարող ռեկորդ սահմանել: Նախկինում որևէ թիմ Պրեմիեր լիգայում 4 անգամ անընդմեջ տիտղոս չի նվաճել:
Առաջնության վերջին տուրում «Սիթին» ընդունելու է «Վեսթ Հեմին» և հաղթանակի դեպքում անհասանելի կլինի «Արսենալի» համար: Լոնդոնցիներն ընդունելու են «Էվերթոնին» և ամեն գնով պետք է ձգտեն հաղթանակի: Այդ դեպքում նրանց ձեռնտու կլինի նույնիսկ մանչեսթերյան ակումբի ոչ-ոքին, որովհետև Անգլիայում հավասար միավորների դեպքում որոշիչ է գոլերի հարաբերակցությունը, որով «Արսենալն» այս պահին 1-ով առաջ է:
Ռուսաստան

Ռուսական Պրեմիեր լիգայում անսպասելիորեն ոչ միայն փոխվեցին առաջատարների արդյունքները, այլ նաև հենց առաջատարը: Երկար ժամանակ չեմպիոնական պայքար էր ընթանում միայն «Զենիթի» ու «Կրասնոդարի» միջև, բայց երկուսն էլ ձախողել են նախորդ շաբաթները:
Էդուարդ Սպերցյանն ու թիմակիցները նախորդ 10 խաղում ընդամենը 12 միավոր են վաստակել և հրաշք է, որ դեռ չեմպիոնական պայքարում են: Նախորդ տարիների անփոփոխ չեմպիոն «Զենիթն» էլ չօգտվեց կրոսնոդարցիների նվերներից և շարունակեց ձախողումների փոխանցումավազքը: Նախորդ 4 խաղում պետերբուրգյան ակումբը հաղթանակ չի տարել:
Անսպասելիորեն առաջին տեղ է բարձրացել Մոսկվայի «Դինամոն», որը 5 անընդմեջ հաղթանակ է տարել: ԽՍՀՄ-ի ժամանակ մեծ հաջողությունների հասած մայրաքաղաքային ակումբը Ռուսաստանի չեմպիոն երբեք չի դարձել, իսկ հիմա շանս ունի վերջապես նվաճել տիտղոս, որի շանսերը մեկ ամիս առաջ չնչին էին թվում: Այժմ «Դինամոն» ունի 53, «Զենիթը»՝ 51, իսկ «Կրասնոդարը»՝ 50 միավոր: Վերջին տուրում կայանալու է «Կրասնոդար» - «Դինամո» խաղը, որը կարող է պատմական դառնալ երկու ակումբների համար:
Հունաստան

Հունական ակումբային ֆուտբոլին հետևողները հաճախ տեսել են, թե ինչպես են երկրի չեմպիոն դառնում «Օլիմպիակոսը» կամ «Պանատինաիկոսը», բայց երկրորդ տարին անընդմեջ այդ թիմերը ոսկե մեդալ չեն նվաճելու: Մեկ ամիս առաջ «Պանատինաիկոսն» առաջին տեղում էր, սակայն հետո պարտվեց բոլոր խաղերում և զրկվեց չեմպիոն դառնալու շանսից: Այժմ մրցաշրջանը դրական ավարտելու համար պետք է վերջին տուրում հաղթել «Օլիմպիակոսին», որը 2 միավորով առաջ է և մտածում է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի մասին:
Իսկ չեմպիոնական պայքարում են ՊԱՕԿ-ը (77 միավոր) և ԱԵԿ-ը (75): Միրչա Լուչեսկուի որդու՝ Ռազվանի գլխավորած թիմին մնացել է հաղթել վերջին տուրում, այդ դեպքում ՊԱՕԿ-ը չորրորդ անգամ չեմպիոն կդառնա, բայց վերջին տուրում նրանց մրցակիցն «Արիսն» է: Սալոնիկիի դերբիի ակումբների թշնամանքն անցած ամառ նկատելի էր նույնիսկ Երևանում, երբ «Արիսի» մարզիչը հրաժարվել էր սկսել ասուլիսը, քանի որ ՊԱՕԿ-ի երկրպագու էր տեսել ասուլիսիների սրահում: «Արիսի» հետ հույսեր է կապում ԱԵԿ-ը, որը վերջին տուրում ընդունելու է չեմպիոնական գոտու ամենաթույլ թիմին՝ «Լամիային»:
Բելգիա
.jpg)
Եվրոպայում ուիքենդի գլխավոր հանդիպումներից մեկը կայանալու է Բելգիայում: Չեմպիոնական պայքարում հանդիպելու են երկու առաջատարները և ամենատիտղոսակիր թիմերը՝ «Անդերլեխտն» ու «Բրյուգեն»: Երկու թիմերն էլ չեմպիոնական գոտում ունեն 46-ական միավորով և 3-ով առաջ են տիտղոսի համար պայքարող մյուս ակումբից՝ «Ռոյալ Յունիոնից»: Եթե առաջատարների միջև խաղը ոչ-ոքի ավարտվի, «Ռոյալը» չեմպիոնության լավ շանսեր կունենա: Բելգիայի առաջնության ավարտին մնում է 2 տուր։
Ավստրիա

Աշխարհի գլխավոր Բունդեսլիգայում մեծ անակնկալ գրանցվեց և «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն: Ավստրիական Բունդեսլիգայում թրենդը շարունակվում է: «Ռեդ Բուլ Զալցբուրգը» 10 տարի անընդմեջ չեմպիոն դառնալուց հետո մոտ է «Բավարիայի» պես տիտղոսը վայրն դնելուն:
Առաջնության վերջին տուրից առաջ «Զալցբուրգը» 2 միավորով հետ է առաջատար «Շտուրմից»: Գրացը ներկայացնող ակումբը դեռ նախորդ տուրում կարող էր չեմպիոն դառնալ, բայց ԼԱՍԿ-ի դեմ խաղում (2-2) բաց թողեց հաղթանակը: Առջևում Կլագենֆուրտի «Աուստրիայի» դեմ տնային հանդիպումն է, որը կարող է 13 տարի անց չեմպիոնական տիտղոսը բերել Գրաց: «Շալցբուրգի» մրցակիցն էլ նույն ԼԱՍԿ-ն է:
Լեհաստան

Ինչպես միշտ «Էկստրակլասան» անկանխատեսելի է: Մի երկրի առաջնությունում, որում ամենաշատ տիտղոս նվաճած 4 թիմերին ընդամենը 2 չեմպիոնություն է բաժանում, հերթական անգամ հետաքրքիր վերջաբան է պատրաստել երկրպագուների համար:
Այս անգամ չեմպիոնության գլխավոր թեկնածուն Ռոբերտ Արզումանյանի, Նարեկ Գրիգորյանի և Արսեն Խանամիրյանի նախկին թիմն է՝ «Յագելոնիան»: Այս թիմն արդեն կարող էր նվաճած լիներ տիտղոսը, բայց նախորդ մեկ ամսում անպասելիորեն պարտվեց մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող 2 մրցակիցների և հիմա ընդամենը 2 միավորով է առաջ «Շլյոնսկից»: Առջևում 2 տուր է: Լեհաստանի առաջնությունում անկանխատեսելի վերջաբանով պայքար ակնկալելը թերևս ամենատրամաբանական կանխատեսումն է:
Առաջնության վերջնամասում կարևոր պայքարի մեջ է նաև Վահան Բիչախչյանի «Պոգոնը», որը 51 միավորով 7-րդ տեղում է, բայց ընդամենը 2 միավորով է հետ երրորդ տեղից:
Դանիա

Օրերս դանիական Սուպերլիգան պաշտոնապես սկսեց փաստաթղթերի ձևակերպումն առաջնության անունը միայն իրեն վերագրելու համար: Այդպես հերթական անգամ հարված հասցվեց եվրոպական Սուպերլիգայի հիմնադիրներ Մադրիդի «Ռեալին» ու կատալոնական «Բարսելոնային»: Այժմ մնում է համապատասխանել նման հնչեղ անվանմանը: Եթե սկանդինավները չեն կարող սուպերմակարդակի խաղ ապահովել, փորձում են չեմպիոնական ինտրիգով փոխհատուցել:
Առաջնության ավարտից 2 տուր առաջ միանգամից 4 թիմ ունի չեմպիոն դառնալու շանսեր: Չեմպիոնական գոտում «Միտյուլանդը» 61 միավորով առաջատարն է, նրան հետևում են «Բրոնդբյուն»՝ 59, «Կոպենհագենը»՝ 58 և «Նորշելանը»՝ 56: Վերջինիս առաջիկա մրցակիցներն ամենաբարդն են՝ առաջատարն ու երրորդ տեղի թիմը: Առաջին հայացքից «Նորշելանի» համար լավ կլիներ եռյակում հայնտվել ու եվրագավաթի ուղեգիր նվաճել, բայց մյուս կողմից էլ, եթե հաղթի անմիջական մրցակիցներին, չեմպիոնական շանսերը շատ բարձր կլինեն: Ինչո՞ւ չգնալ միանգամից տիտղոսի հետևից...
Եվրոպական առաջնություններում չեմպիոնության հարցը դեռ բաց է նաև Շվեյցարիայում, Չեխիայում, Իսրայելում, Չեռնոգորիայում, Կոսովոյում և Բոսնիա-Հերցեգովինայում:
Պրեմիեր լիգան հասավ իր ապոգեյին․ Չեմպիոնական տուրին ընդառաջ
Կնախանձեր նույնիսկ Անգլիայի Պրեմիեր լիգան․ Ո՞վ կդառնա չեմպիոն եռակողմ կռվում


