Logo

Հենրիխ Մխիթարյանը բացառել է վերադարձը Հայաստանի հավաքական (տեսանյութ)

12:24 / 06.03.2023Մերոնք դրսում
null

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացառել է, որ կվերադառնա ազգային թիմ։ Այդ մասին 34-ամյա ֆուտբոլիստը հայտնել է Proffotball հաղորդաշարի հեղինակ, «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի հետ հարցազրույցում։

«Կարծում եմ, որ, ցավոք սրտի, չի լինի իմ 96-րդ խաղը Հայաստանի հավաքականում։ Չեմ զղջում իմ որոշման համար։ Միշտ իմ որոշումներն ընդունել եմ սառը գլխով ու հանգիստ սրտով՝ չնայած շատ դժվար է եղել ընդունել այդ որոշումը։ Բայց կարծում եմ՝ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտես կարիերադ, քան՝ երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն է, երբ արդեն զգացի, որ ժամանակն է։ Խնդիրների ու դետալների մասին մանրամասն կխոսեմ, երևի, ֆուտբոլային կարիերայից հետո։ Չնայած կարծում եմ, որ բոլորին հիմա է դա հետաքրքիր, բայց ավելի լավ կլինի խոսենք հետո։ Ամեն ինչ կբացատրեմ, ամեն ինչ կպատմեմ։

Միակ բանը, որ կարող եմ ասել, դա իմ ազգային հավաքականին, իմ երկրի հավաքականին հաջողություն մաղթելն է, որ առաջիկա խաղերում, հատկապես՝ Թուրքիայի դեմ և մնացած հանդիպումներում հաջողության հասնեն։ Ժամանակն է եկել, որ նոր ու երիտասարդ սերունդն իր վրա պատասխանատվություն վերցնի և կարողանա իր հետևից տանել ազգային հավաքականը։ Տեսանք, որ վերջին մի քանի խաղերը շատ դժվարությամբ ստացվեցին, բայց նոր մարզիչի գալով հուսամ, որ ամեն ինչ կշտկվի և մեր տղաները մեծ պատվով ու պատասխանատվությամբ կխաղան»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը, որը ռեկորդային 10 անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականում խաղացել է 2007-2021 թվականներին՝ անցկացնելով 95 հանդիպում։ Նա 32 գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է։

2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա