Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի ալիքի FROG TALKS փոդքաստի եթերում խոսել է իր զավակների ու տարբեր թեմաների շուրջ։ Հարցազրույցը վարել է «Ինտերի» ու Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Անդրեա Ռանոկիան։
«Արդեն ասել եմ, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում եմ մնալ Միլանում, սակայն որդիս ֆուտբոլ է խաղում, և ամեն ինչ կախված է դրանից։ Նա 4 տարեկան է, բայց արդեն ֆուտբոլ է խաղում տանը։ Թիմի մարզումից հետո տանը որդուս հետ եմ մարզվում։ Դուստրս 8 ամսական է, իսկ որդիս կարող է սկսել մարզվել Միլանում։
Մարզիչ դառնալու ցանկություն չունեմ։ Մարզչական աշխատանքը շատ ժամանակ է պահանջում։ Սպորտային տնօրենի աշխատանքն ավելի հավանական է։
Գիտեմ 5 լեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն ու իտալերեն։ Մոռացել եմ գերմաներենը, այդ լեզուն սովերել էի 2 տարի առաջ։ Երրորդ տարում արդեն տիրապետում էի գերմաներենին, սակայն Դորտմունդից հեռանալուց հետո երբեք չեմ խոսել այդ լեզվով։ Չալհանօղլուի հետ անգլերենով ենք հաղորդակցվում, սակայն, լսելով նրա առոգանությունը, հիշում եմ գերմաներենը։
Խաղադաշտից դուրս հաճույք եմ ստանում շախմատ խաղալիս: Դա հնարավորություն է տալիս մտածել, հասկանալ ինչպես և ուր գնալ՝ փորձելով կանխատեսել մրցակցի հետագա քայլերը»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը։
Հիշեցնենք, որ 35-ամյա Մխիթարյանը 2022 թվականից է խաղում «Ինտերում», որի կազմում անցկացրել է 88 հանդիպում, դարձել 7 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ հունիսի 30-ը։


