Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը։
««Ինտերն» ինձ շատ բան է տվել վերջին 1,5 տարում, ինչի համար շնորհակալ եմ։ Ես ցանկանում եմ ավելին տալ թիմին։ Շատ երջանիկ եմ և հույս ունեմ բազմաթիվ տիտղոսներ նվաճել այս մարզաշապիկով։
Ես շարունակում եմ աճել, փորձում եմ կատարելագործվել ամեն օր ու ամեն րոպե։ Ամեն օր սովորելը, մարզվելը և թիմակիցներիդ հետ խաղալը լավագույնն է։ Կարիերայիս վերջին տարիներն են, ներդնում եմ բոլոր ջանքերս ու աշխատում անդադար։
Զգում եմ ակումբի երկրպագուների սերը։ Ցանկանում եմ, որ «Ինտերի» երկրպագուներն ավելի շատ հպարտանալու առիթներ ունենան իմ խաղից»,- ասել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգել էր 2 տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Հայ կիսապաշտպանը 2022 թվականի ամռանը «Ռոմայից» է տեղափոխվել «Ինտեր», որի կազմում անցկացրել է 73 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: «Ինտերի» կազմում Մխիթարյանը նվաճել է 2 տիտղոս՝ դառնալով Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև նախորդ մրցաշրջանում խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։