Logo

ՀԲՖ նախագահ․ «Հայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության մեջ»

18:08 / 05.12.2023Բռնցքամարտ
null

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ամփոփել է Երևանում կայացած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը։

«Հայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության մեջ՝ ապացուցելով, որ քրտնաջան ու հետևողական աշխատանքը չի կարող անպտուղ մնալ: Պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 10 մեդալ՝ 4 ոսկի, 5 արծաթ և 1 բրոնզ: Սա բացառիկ արդյունք էր հայկական բռնցքամարտի պատմության մեջ: Թիմային պայքարում մենք երկրորդն ենք: Զիջեցինք միայն ռուսներին, որոնք աղջիկների մրցակցությունում ներգավված էին ամբողջական թիմով, իսկ մենք ընդամենը 3 մարզուհով, որից մեկը նվաճեց արծաթ: Եթե լիներ միայն տղամարդկանց հաշվարկը, մենք կգերազանցեինք նաև Ռուսաստանի ընտրանուն: Փաստացի մեր 16 մարզիկներից 10-ը բարձրացան պատվո հարթակ:

Այս հավաքականը ունի բոլոր շանսերը՝ դառնալու հայկական բռնցքամարտի ոսկե ընտրանին:

Շնորհավորում եմ մեր հավաքականի բոլոր մարզիչներին ու մարզիկներին, նաև բռնցքամարտիկների անձնական մարզիչներին: Շնորհակալություն լավ աշխատանքի համար, շնորհակալություն նաև Հայասատանի բռնցքամարտի ֆեդերացիայի այն անձնակզամին, որը ջանք չխնայեց պատանիների աշխարհի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար: Շնորհակալություն Հայաստանի կառավարությանը և այն բոլոր գերատեսչություններին ու մարզական կառույցներին, որոնք աջակցեցին մեզ:

Արդեն իսկ շնորհավորանքներ ենք ստանում տարբեր երկրներից՝ աշխարհի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար:

Հպարտ եմ, որ Հայաստանը բռնցքամարտի մրցաշարեր անցկացնելու առումով օրինակ է համաշխարհային բռնցքամարտում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննես Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ պատանեկան ԱԱ-ում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալով և թիմային հաշվարկում գրավել երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին:

Ոսկե մեդալակիր էին դարձել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արգիշտի Հակոբյանը (60 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ): Արծաթե մեդալի էին արժանացել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) և Սամվել Սիրամարգյանն (70 կգ), իսկ Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Պատանեկան ԱԱ-ին Հայաստանի թիմը մասնակցում էր 16 բռնցքամարտիկով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա