Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պարզաբանում է ներկայացրել, թե ինչու Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հենրիկ Սահակյանը (54 կգ) չի ընդգրկվել մեծահասակների հավաքականի կազմում, որը պատրաստվում է մայիսին նախատեսված աշխարհի առաջնությանը:
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պարզաբանում է՝ 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանն աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի հավաքականում չի ընդգրկվել, քանի որ Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխան: Թեստի նմուշառում Հենրիկ Սահակյանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո: Հակադոպինգային կազմակերպությունը հանյտնաբերել է խթանիչներ:
Հարկ է նշել, որ մինչև դոպինգ-թեստի պատասխանը Հենրիկը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականում և այս տարի Բուլղարիայում մասնակցել է Ստրանջայի մրցաշարին: Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի ֆեդերացիան իրավունք չունի նման խնդրի ժամանակ մարզիկին ընդգրկել հավաքական, քանի որ հարվածի տակ կհայտնվի ամբողջ հավաքականը: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ բռնցքամարտի ֆեդերացիան այս ընթացքում հետամուտ է եղել, որպեսզի պահպանվի Հենրիկի անմեղության կանխավարկածը: Ցավոք, փաստերը մարզիկի օգտին չեն եղել»,- նշված է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունում:
Ավելի վաղ Հենրիկ Սահակյանի անձնական մարզիչ Սամվել Պողոսյանը հայտարարել էր, որ հանուն արդարության հացադուլ է սկսել: