Logo

Հայտնի զույգից մնաց մեկը, ձախլիկների առեղծվածը․ Հավաքականի հայտացուցակը՝ 5 կետով

Հեղինակ
Արման Աբելյան
18:15 / 12.11.2024Հոդվածներ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականը 2 խաղով կավարտի Ազգերի լիգայի այս շրջափուլը: Ազգային թիմի առաջիկա մրցակիցներն են Ֆարերյան կղզիների (նոյեմբերի 14) ու Լատվիայի (նոյեմբերի 17) հավաքականները:

Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը: Հայաստանի հավաքականը 4 խաղից հետո նույնքան միավոր ունի: Առաջին տեղ գրավել այլևս հնարավոր չէ, փոխարենը հնարավորություն կա զբաղեցնել երկրորդ տեղը, ինչն իրավունք կտա B լիգայի թիմերից մեկի դեմ անցումային խաղեր անցկացնելու միջոցով տեղափոխվել մեկ լիգա բարձր:

FastNews-ը ներկայացնում է՝ որոնք են հրապարակված հայտացուցակի հետաքրքիր կետերը, ի՞նչ ուշագրավ փոփոխություններ կան ու ինչի՞ վրա է շեշտ դրել մարզչական շտաբը:

Հավանական նոր սխեմա

Ալեքսանդր Պետրակովը մինչև վերջ հավատարիմ մնաց 5 պաշտպանով խաղալու տարբերակին: Ըստ նրա՝ միայն այդպես էր հնարավոր փակել մեր պաշտպանական գծի բացերը: Դիտարկելով ներկայիս հայտացուցակը՝ ամենևին չի բացառվում 4 պաշտպանով խաղին վերադառնալը, մանավանդ, որ առջևում չունենք կարգով նկատելիորեն բարձր մրցակից:

Չախալյանը հավաքականում ավելի վաղ եղել է Արմեն Գյուլբուդաղյանցի ու Խոակին Կապառոսի օգնականը: Նրանք նախընտրել են հիմնականում 4 պաշտպանով սխեմա։ Ուշագրավ է, որ այս հավաքին մասնակցում է միանգամից 9 ենթահարձակվող/հարձակվող: Պետք է գումարել նաև Նաիր Թիկնիզյանին, որը ևս կարող է խաղալ հարձակման գծում: Սարգիս Ադամյանն ու Տիգրան Բարսեղյանն էլ չեն միացել վնասվածքների պատճառով:

Չախալյանը 2019-ին էլ «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնակատար էր դարձել Ալեքսանդր Տարխանովի հեռացումից հետո: Նրա օրոք թիմը կարճ ժամանակում զգալի առաջընթաց գրանցեց:

Կլինի՞ նոր դարպասապահ

Օգնյեն Չանչարևիչը մեծ օգուտ է տվել Հայաստանի հավաքականին այս 2 տարում: Այդուհանդերձ, նա վերջին շաբաթներին աչքի չի ընկնում կայունությամբ, թույլ է տալիս սխալներ: 35-ամյա դարպասապահը Fastex Պրեմիեր լիգայում «Նոայի» վերջին 5 հանդիպումներից 4-ում մնացել է պահեստայինների նստարանին:

Չանչարևիչը մասնակցում է Կոնֆերենցիաների լիգայի խաղերին: Նրա խաղամակարդակը կասկած չի հարուցում: Բայց այժմ այն պահն է, երբ կա ռիսկի դիմելու հնարավորություն: Իր շանսին է սպասում «Փյունիկի» հիմնական դարպասապահ Հենրի Ավագյանը: 28-ամյա ֆուտբոլիստն ամռանը հաղթեց Ստանիսլավ Բուչնևի հետ մրցակցությունում ու վստահ խաղ է ցուցադրում թե՛ առաջնությունում, թե՛ եվրոպական ասպարեզում:

«Շատ գոհ եմ նրա խաղից: Լավ տարիք է Ավագյանի համար: Ունենք Չանչարևիչ, որը լավ դարպասապահ է, բայց տարիքով մեծ է: Կգա Ավագյանի ժամանակը, և նա շատ լավ փոխարինող է: Հենրին ավելացնելու տեղ ունի, սակայն տեսնում ենք, որ պրոֆեսիոնալ է, նվիրված ու աշխատասեր: Համոզված եմ՝ այդ 3 գործոնը կօգնի նրան լավ խաղալու նաև հավաքականում»,- կարծիք էր հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Ավագյանը ևս կարող է օգնել թիմին ոտքով խաղով՝ խորքից գրոհ սկսելիս: Նա պարբերաբար եղել է հավաքականի ճամբարում, սակայն նրա կազմում իր առայժմ միակ խաղն անցկացրել է շուրջ 6 տարի առաջ՝ Լիխտենշտայնի դեմ Ազգերի լիգայի մրցավեճում:

Աջ պաշտպանի «սով»

Աջ պաշտպանի դիրքում դարձյալ ընտրություն գրեթե չկա: Հրավիրվածներից միակ նոմինալ աջ պաշտպանը Հովհաննես Համբարձումյանն է: Նա էլ «Նոայում» գործում է որպես ձախ պաշտպան: Փորձառու ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է ու ավելի քան 2 տարի անց կարող է կրկին խաղալ հավաքականում: Համբարձումյանը Պետրակովի օրոք մեկ անգամ էր հրավիրվել՝ հունիսին, բայց վնասվածքի պատճառով բաց թողել հավաքը:

Կամո Հովհաննիսյանը վնասվածք ունի, Դավիդ Դավիդյանը նոր է ապաքինվել վնասվածքից: Մոնրոյ Արարատը Կոլումբիայի Պրիմերայի «Ինդեպինդիենտե Սանտա Ֆեի» հիմնական կազմի խաղացող է, բայց հրավեր չի ստացել: Չի հրավիրվել նաև Արտակ Դաշյանը: Ըստ «Նոայի» գլխավոր մարզչի՝ նա թեթև վնասվածք ունի: Նույնիսկ առողջ լինելու դեպքում Դաշյանը քիչ խաղաժամանակ է ստանում ու կորցրել է նախկին մարզավիճակը:

Համբարձումյանից զատ, աջից տեսականորեն կարող է խաղալ նաև հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն: Նա այդ դիրքում գործելու որոշակի փորձ ունի, թեև դա, մեղմ ասած, օպտիմալ հատված չէ «Փյունիկի» ֆուտբոլիստի համար:

Միաժամանակ վերադարձան հավաքական, բայց․․․

Համբարձումյանի հետ պետք է հավաքական վերադառնար նաև Տիգրան Բարսեղյանը, բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա վնասվածք է ստացել: Նրանք երկար տարիներ միասին խաղացել են ոչ միայն հավաքականում, այլև՝ հյուսիսմակեդոնական «Վարդարում», որտեղ նաև Եվրոպա լիգայի խմբային փուլին են մասնակցել: Երկուսն էլ աջ եզրում են խաղում: Այդ խաղակցվածության կարևորությունը տեսանելի էր նաև հավաքականում:

Բարսեղյանը հրավեր էր ստացել մեկ տարվա ընդմիջումից հետո: Նա «Սլովանի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է ու հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում: Նրան պետք է սպասել հաջորդ տարի, թեև մեծ հարց է՝ հետագայում կլինի՞ ներկայիս մարզավիճակում, թե՞՝ ոչ: Եվ նա պետք է անի ամեն ինչ, որ խոսվի իր խաղի, ոչ թե վարքագծի թերացումների մասին, որոնք նկատվել են անցյալում: Տիգրանը դեռ շատ կարող է օգնել հավաքականին:

Միանգամից 4 ձախլիկ վինգեր

Աջ ենթահարձակվողի գոտին հավաքականում միակն է, որ շատ համալրված է: Պետրակովը նշում էր, որ ձախլիկ վինգերների մեծ քանակի պարագայում նախընտրում է հրավիրել առավել երիտասարդներին: Չախալյանը միանգամից 4-ին կունենա իր տրամադրության տակ՝ Վահան Բիչախչյան, Էդգար Սևիկյան, Նարեկ Գրիգորյան, Արթուր Սերոբյան: Բարսեղյանի ներկայությամբ նրանց թիվը նույնիսկ 5-ի կհասներ:

Բոլորն էլ կայուն խաղային պրակտիկա ունեն իրենց թիմերում ու արդյունավետ են գործում: Աջից նրանցից միայն մեկը կխաղա, բայց բոլորն էլ նաև ձախ ենթահարձակվողի գոտում ելույթ ունենալու փորձ ունեն: Միանգամից 2-ի ներգրավածությունն ավելի հավանական է օրինակ 4-2-3-1 սխեմայի դեպքում: Իսկ եթե առջևում 3-ի փոխարեն 2 ենթահարձակվող է գործելու, ակնհայտ է, որ նրանցից մեկը պետք է աջլիկ Լուկաս Սելարայանը լինի:

Պետրակովի ամենահաջող փորձարկումներից մեկը Սելարայանին «Կեղծ 9 համար» օգտագործելն էր: Դա այժմ էլ չի բացառվում: Հարձակվողներից Արթուր Միրանյանը տարբերակներից մեկն է, իսկ Հրանտ-Լեոն Ռանոսն օպտիմալ վիճակում չէ, որովհետև Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» չունի խաղային պրակտիկա: Ամեն դեպքում, դրական է, որ մարզչական շտաբը գոնե առջևի գծում ունի ստեղծագործելու հնարավորություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ