Հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան հաստատել է, որ Մոսկվայի «Դինամոն» ու Ստամբուլի «Գալաթասարայը» համաձայնության են հասել Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության հարցում:
Սկիրայի տեղեկություններով, գործարքի արժեքը կկազմի 15 միլիոն եվրո (ևս 2 միլիոն նախատեսված է որպես հավելավճար): Թուրքական ակումբում 19-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 1,9 միլիոն:
Հիշեցնենք, որ «Գալաթասարայում» ելույթ են ունենում նաև Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն, արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին և Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ, բելգիացի Դրիս Մերտենսը:
Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Նախորդ տարի Արսեն Զախարյանը մոտ էր Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը, սակայն գործարքը չկայացավ տեխնիկական խնդիրների պատճառով։