Logo

ՈւԵՖԱ. 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը

21:24 / 31.08.2023Ֆուտբոլ
ՈւԵՖԱ-2022/23

Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո պարգևատրվեցին նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը։

ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 23-ամյա ֆուտբոլիստը ՉԼ-ի նախորդ խաղարկությունում մասնակցել է 11 հանդիպման, խփել 12 գոլ և ճանաչվել մրցաշարի լավագույն ռմբարկու։ Մրցանակին հավակնում էին նաև Հոլանդի ակումբակից, բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն և ամերիկյան «Ինտեր Մայամիի» ու աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր ֆրանսիական ՊՍԺ-ում։

2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչի մրցանակը ստացավ «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան։ Անգլիական ակումբը 52-ամյա մասնագետի գլխավորությամբ ՉԼ-ում անցկացրել էր 13 հանդիպում, տարել 8 հաղթանակ, 5 խաղ ավարտել ոչ-ոքի և պատմության մեջ առաջին անգամ նվաճել տիտղոսը։

Քվեարկության արդյունքում Գվարդիոլան առաջ անցավ «Նապոլիի» հետ Իտալիայի չեմպիոն դարձած Լուչիանո Սպալետիից ու Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ