Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային հանդիպումը կանցկացնի «Ուրարտու» մարզադաշտում, հաղորդում է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Անկախ նրանից, թե եվրագավաթներում որ մրցաշարում կլինի երկրորդ տնային խաղը, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կրկին կխաղա «Ուրարտուի» խաղադաշտում։
Որակավորման առաջին փուլում «Փյունիկը» մրցելու է Բելառուսի չեմպիոն Միսնկի «Դինամոյի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Հունգարիայում։ Բելառուսական ակումբները եվրագավաթային խաղերն անցկացնում են չեզոք դաշտում։ Որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի ամենատիղտոսակիր ակումբն ուժերը կչափի «Լյուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ:
«Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի հետ։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 9-ին և 10-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։ Ժամանակացույցը կհստակեցվի հունիսի 21-ին:
Բելառուսի ընթացիկ առաջնության 12-րդ տուրից հետո Միսնկի «Դինամոն» 26 միավորով երրորդ տեղում է և 3 միավոր է զիջում առաջատարին։ Նախորդ մրցաշրջանում մայրաքաղաքային ակումբը 30 տուրում վաստակել է 69 միավոր և 7 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Նեմանին»։
«Եթե «Փյունիկը» ցանկանա խաղալ «Հանրապետականում», ՀՖՖ-ն չի պատրաստվում խոչընդոտել»․ Արթուր Ազարյան


