«Սանթոսի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Նեյմարը նոր վնասվածքի պատճառով է բաց թողել «Կորինտիանսի» դեմ Պաուլիստա լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումը (1-2), հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ցավոք, նախորդ շաբաթ ցավեր ունեի։ Շատ էի ցանկանում օգնել թիմին, բայց հանդիպումից առաջ բուժզննում անցա, և կրկին ցավեր կային»,- նշել է 33-ամյա ֆուտբոլիստը։
Նեյմարը «Կորինտիանսի» դեմ խաղում եղել է հայտացուցակում, սակայն չի մասնակցել հանդիպմանը։
Եզրային հարձակվողը հունվարին է 12 տարվա դադարից հետո վերադարձել «Սանթոս»՝ ակումբի հետ կնքելով կես տարվա պայմանագիր։