Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
2021թ. աշխարհի փոխչեմպիոնը Փարիզ-2024-ում Հայաստանի միակ ներկայացուցիչն է լինելու բռնցքամարտի մրցաշարում։ Գյումրեցի մարզիկն օլիմպիական ուղեգիր էր նվաճել հունիսին Թաիլանդի մայրաքաղաք Բագկոկում կայացած վարկանիշային մրցաշարում։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Փարիզ-2024-ում Հայաստանը կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով): Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես կգան հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ, 100մ), Վարսենիկ Մանուչարյանը (բաթերֆլայ, 100մ) և աթլետ Երվանդ Մկրտչյանը (800մ վազք)։


