Logo

Հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:17 / 16.02.2025Հոդվածներ
Բացառիկ
null

FastNews-ը նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էր հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներին: Այսօր կանդրադառնանք այն մարզիչներին, որոնց հաջողվել է իրենց գլխավորած թիմերին արժանացնել հայկական ֆուտբոլում խաղարկվող գլխավոր տիտղոսներին՝ Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի պատվավոր կոչումներին:

Մինչև օրս ՀՀ առաջնություններին, գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններին մասնակցած թիմերի մարզիչներից 32-ին է հաջողվել իրենց սաներին տիտղոսների արժանացնել: Նրանցից 8-ը՝ Վարդան Մինասյանը, Վարուժան Սուքիասյանը, Խորեն Հովհաննիսյանը, Վարդան Բիչախչյանը, Աբրահամ Խաշմանյանը, Սարգիս Հովսեփյանը, Օսկար Լոպեսն ու Միխայ Ստոյկիցան արժանացել են հայկական ֆուտբոլում խաղարկվող 3 տիտղոսներին էլ:

Յուրօրինակ ռեկորդակիրը Վարդան Մինասյանն է, որի գլխավորած թիմերն ընդհանուր առմամբ 14 տիտղոս են նվաճել: Նրա սաներն առավել հաճախ՝ 6 անգամ չեմպիոն են հռչակվել, 3 անգամ պատվո շրջան են կատարել Հայաստանի գավաթով,  5 անգամ էլ նվաճել են Սուպերգավաթը:

Վարդան Մինասյանը ռեկորդակիր է նաև միևնույն թիմին տիտղոսների արժանացնելու քանակով: Նրա գլխավորությամբ «Փյունիկը» 10 տիտղոս է նվաճել՝ 4-ական անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր, 2 անգամ էլ տիրելով ՀՀ գավաթին:

Հայկական ֆուտբոլում Վարդան Մինասյանի մարզչական կարիերան շատ հաջող է սկսվել: 2003թ. մրցաշրջանի կեսին վնասվածքի պատճառով ավարտելով ֆուտբոլիստի կարիերան, «Փյունիկի»  29-ամյա ավագն ընդգրկվեց հարազատ թիմի մարզչական շտաբում: Իսկ երբ 2004թ. առաջնության 8-րդ տուրից հետո  գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան հեռացավ «Փյունիկից», Մինասյանը ստանձնեց թիմի ղեկը: Նրա նորամուտը պարզապես ցնցող էր: «Փյունիկը» 9-րդ տուրից սկսած 16 անընդմեջ հաղթանակ տոնեց, ինչը ՀՀ առաջնություններում մինչև օրս չգերազանցված ռեկորդ է: «Փյունիկը» հերթական անգամ արժանացավ ոսկե մեդալների, իսկ 30-ամյա Վարդան Մինասյանը դարձավ Հայաստանի չեմպիոն թիմ պատրաստած ամենաերիտասարդ մարզիչը: Այդ ցուցանիշը մինչև օրս չի գերազանցվել:

Խորեն Հովհաննիսյանից հետո, որը 1990-ականներին «Փյունիկում»  խաղացող-մարզչի կարգավիճակում էր, Մինասյանը 2-րդն էր, որ չեմպիոնի տիտղոսին արժանացել էր թե որպես ֆուտբոլիստ, թե որպես գլխավոր մարզիչ: Հետագայում նրա օրոք փյունիկցիները ևս 9 տիտղոս նվաճեցին:

Մարզչական կարիերայի հաջորդ 4 տիտղոսները Մինասյանը նվաճել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների հետ: 2018թ. գլխավորելով նորաստեղծ թիմը, Մինասյանն իր սաներին երկու տարի անընդմեջ չեմպիոնական բարձունքին հասցրեց, նաև մեկ անգամ նրանց հետ պատվո շրջան կատարեց Սուպերգավաթով: Փորձառու ու հմուտ մասնագետն առայժմ իր վերջին տիտղոսը նվաճել է նախորդ մրցաշրջանում՝ «Արարատ-Արմենիային» առաջին անգամ արժանացնելով Հայաստանի գավաթակրի կոչմանը:

Մարզչական կարիերայում նվաճած տիտղոսների քանակով երկրորդ հորիզոնականում Վարուժան Սուքիասյանն է, որի սաներն ընդհանուր առմամբ 9 անգամ են հաղթող դարձել տարբեր մրցաշարերում: Փորձառու մասնագետը ռեկորդակիր է գավաթի մրցաշարերում հասած հաջողությունների թվով: Նրա գլխավորած թիմերը բոլորից հաճախ՝ 4 անգամ նվաճել են պատվավոր մրցանակը:

Վարուժան Սուքիասյանը Հայաստանի առաջին գավաթակիր «Բանանցի» գլխավոր մարզիչն էր: Նրա օրոք հատկապես մեծ հաջողությունների է հասել  «Ցեմենտը»: 1998թ. «Ցեմենտը» յուրօրինակ հեթ-տրիկ ձևակերպեց՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները: Հաջորդ մրցաշրջանում թիմը կրկին գավաթակիր դարձավ, իսկ 2000թ. 2-րդ անգամ չեմպիոն հռչակվեց:

Գավաթային 4-րդ տիտղոսը Վարուժան Սուքիասյանը նվաճեց 2008թ. «Արարատի» հետ, որը մինչև այդ վերջին անգամ պատվավոր մրցանակին արժանացել էր 11 տարի առաջ՝ 1997թ.:

Իր վերջին հաջողությունները Վարուժան Սուքիասյանը գրանցել է 2017/18թթ. մրցաշրջանում «Ալաշկերտում»՝ թիմին արժանացնելով ՀՀ չեմպիոնի և սուպերգավաթակրի տիտղոսներին: Փորձառու մարզչի գլխավորությամբ տիտղոսներ են նվաճել 4 թիմեր: Այդ ցուցանիշով Վարուժան Սուքիասյանը յուրօրինակ ռեկորդակիր է:

Իսկ ահա Անդրանիկ Ադամյանի բոլոր նվաճումները կապված են հարազատ «Շիրակի» հետ, որի ղեկը նա անփոփոխ գլխավորել է 13 տարի անընդմեջ (1992-2004թթ.): Նրա գլխավորությամբ շիրակցիները 3-ական անգամ նվաճել են Հայաստանի չեմպիոնի և սուպերգավաթակրի տիտղոսները:

Իսկ ահա Հայաստանի գավաթակիր դառնալու Անդրանիկ Ադամյանի 3 փորձերն էլ անհաջողության են մատնվել: 1993 և 1994թթ. գավաթի եզրափակչում «Շիրակը» պարտվել է «Արարատին», իսկ 1999թ. գավաթը զիջել է «Ցեմենտին»:

«Շիրակի» կենսագրությունում այդ բացը հետագայում լրացրեց թիմի նախկին խաղացող, Անդրանիկ Ադամյանի նախկին սան Վարդան Բիչախչյանը, որին հաջողվեց ի վերջո իրականացնել Հայաստանի գավաթը նվաճելու գյումրեցիների վաղեմի երազանքը, այն էլ 2 անգամ:

2012թ. գարնանը Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Շիրակն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը՝ եզրափակչում նվազագույն հաշվով հաղթելով «Իմպուլսին»: Իսկ 2012/13թթ. առաջնությունում 14 տարվա ընդմիջումից հետո գյումրեցիները կրկին ուժեղագույնը ճանաչվեցին՝ դառնալով Հայաստանի քառակի չեմպիոն: 2013թ. աշնանն էլ «Շիրակն» իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը:

Բիչախչյանի գլխավորությամբ «Շիրակը» 5-րդ տիտղոսին արժանացավ 2017թ՝ դառնալով Հայաստանի կրկնակի գավաթակիր: 4 տարի անց Բիչախչյանին հաջողվեց արարատցիներին պարգևել Հայաստանի գավաթը նվաճելու բերկրանքը, ինչը վերջին անգամ թիմի ֆուտբոլիստները զգացել էին 13 տարի առաջ՝ 2008թ: Գավաթային այդ հաջողությունն առայժմ վերջինն է Բիչախչյանի մարզչական կարիերայում:

Հայաստանում աշխատած այլազգի մարզիչներից առայժմ 8-ին է հաջողվել տիտղոսակիր դառնալ: Նրանցից առավել հաջողակ են գտնվել արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան ու սլովակ Ժոլտ Հոռնյակը, որոնք իրենց գլխավորած թիմերի հետ 3-ական տիտղոս են նվաճել: Տպավորիչ է հատկապես Լոպեսի ցուցանիշը, որի գլխավորությամբ «Փյունիկը» 2002թ. յուրօրինակ հեթ-տրիկ գրանցեց՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները:

Եթե նշվածներից առաջին երկուսը հաջողության են հասել «Փյունիկի» ղեկին, ապա Հոռնյակի գլխավորությամբ «Բանանցն» իր պատմության մեջ ամենանշանակալի հաջողությանն է հասել՝ հռչակվելով 2013/14թթ. չեմպիոն: Ի դեպ, հենց Հոռնյակի օրոք է «Բանանցն» առաջին անգամ նաև սուպերգավաթակիր դարձել:

2014թ. գրանցած այդ հաջողությունից հետո «Ուրարտուն» ևս 2 անգամ մրցավեճի է բռնվել Սուպերգավաթի համար, սակայն մրցանակը զիջել է մրցակցին: Հավելենք, որ սլովակ մարզիչն իր առաջին տիտղոսը նվաճել է «Միկայում»՝ 2012թ. թիմին դարձնելով Հայաստանի սուպերգավաթակիր:

Հետաքրքիր է, որ «Ուրարտուն» չեմպիոնական 2-րդ տիտղոսն էլ նվաճել է այլազգի մարզչի՝ ռուս Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ: Բացի նրանցից, այլազգի մարզիչներից չեմպիոն թիմ է պատրաստել նաև հոլանդացի Հենկ Վիսմանը՝ 2005թ. հաջողության հասնելով «Փյունիկի» ղեկին:

FastNews-ը ներկայացնում է այն մարզիչների ցանկը, որոնց գլխավորած թիմերը հայկական ֆուտբոլում տիտղոսների են արժանացել:

Մարզիչներ

Չ

Գ

Ս

ԸՆԴ

1. Վարդան Մինասյան

6

3

5

14

2. Վարուժան Սուքիասյան

3

4

2

9

3. Անդրանիկ Ադամյան

3

-

3

6

4. Վարդան Բիչախչյան

1

3

2

6

5. Խորեն Հովհաննիսյան

3

1

1

5

6. Աբրահամ Խաշմանյան

2

1

1

4

7. Սարգիս Հովսեփյան

1

2

1

4

8. Սամվել Դարբինյան

2

1

-

3

9. Եղիշե Մելիքյան

2

-

1

3

10. Արմեն Սարգսյան

1

2

-

3

11. Օսկար Լոպես

1

1

1

3

12. Միխայ Ստոյկիցա

1

1

1

3

13. Ժոլտ Հոռնյակ

1

-

2

3

14. Արմեն Ադամյան

-

2

1

3

15. Դմիտրի Գունկո

1

1

-

2

16. Արմեն Գյուլբուդաղյանց

1

-

1

2

17. Էդուարդ Մարգարով

-

2

-

2

18. Արկադի Անդրեասյան

-

1

1

2

19. Իգոր Պիկուշչակ

-

1

1

2

20. Սամվել Պետրոսյան

1

-

-

1

21. Սևադա Արզումանյան

1

-

-

1

22. Հենկ Վիսման

1

-

-

1

23. Ալեքսանդր Գրիգորյան

1

-

-

1

24. Յան Պոշտուլկա

-

1

-

1

25. Արմեն Շահգելդյան

-

1

-

1

26. Ռաֆայել Նազարյան

-

1

-

1

27. Տիտո Ռամալյո

-

1

-

1

28. Աշոտ Բարսեղյան

-

1

-

1

29. Սուրեն Բարսեղյան

-

1

-

1

30. Վահե Գևորգյան

-

1

-

1

31. Սերգեյ Էրզրումյան

-

-

1

1

32. Արսեն Հովհաննիսյան

-

-

1

1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ