Logo

Հայե՞րը, թե՞ լեգեոնականները. Ովքե՞ր են ավելի շատ խաղաժամանակ ստանում Fastex ՀՊԼ-ում

19:53 / 09.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայկական ֆուտբոլում տարիներ շարունակ քննարկվող ամենասուր հարցերից մեկն առաջնությունում լեգեոնականների քանակն է, որոնք, իբր թե փակում են հայ ֆուտբոլիստների ճանապարհը: Նույնիսկ ՀՖՖ-ի կողմից լեգեոնականների սահմանափակման ներդրումից հետո Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ավելի շատ խաղում էին արտասահմանցի ֆուտբոլիստները: Բայց այս մրցաշրջանում իրավիճակն արդեն փոխվել է, ինչի մասին վկայում են Vivaro Media-ի «Մենք ենք, մեր ֆուտբոլը» հաղորդաշարի ներկայացրած տվյալները:

Fastex ՀՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի առաջին կեսում դաշտ է դուրս եկել 147 հայ ֆուտբոլիստ՝ 5-ով ավելի, քան նախորդ ամբողջ մրցաշրջանի ընթացքում, իսկ ահա լեգեոնականների քանակը կտրուկ նվազել է՝ 120 ֆուտբոլիստ նախորդ մրցաշրջանի 178-ի համեմատ: Ավելի խոսուն է տոկոսային հարաբերակցությունը՝ Հայաստանի այս առաջնությունում խաղացած ֆուտբոլիստների 55%-ը հայեր են, մինչդեռ նախորդ մրցաշրջանում այս ցուցանիշը 44% էր: 

Ստացած խաղաժամանակի առումով էլ տարբերությունը էական է՝ հայ ֆուտբոլիստներն այս մրցաշրջանում դաշտում անցկացրել են ընդհանուր խաղաժամանակի 52%-ը՝ նախորդ մրցաշրջանի 45%-ի դիմաց: Թեև, այստեղ պետք է նկատել, որ միջին վիճակագրական լեգեոնականը մի փոքր ավելի շատ խաղաժամանակ է ստանում, քան հայ ֆուտբոլիստը: 

Հետաքրքիր պատկեր է բացահայտում հայ և արտասահմանցի ֆուտբոլիստների արդյունավետության ցուցանիշների վերլուծությունը: Լեգեոնականները գրեթե 2 անգամ ավելի շատ գոլ են խփել, քան հայերը՝ 148-ն ընդդեմ 76-ի: Այլ կերպ ասած՝ լեգեոները միջինը մեկ խաղում խփում է 0,11 գոլ, իսկ հայ ֆուտբոլիստը՝ 0,05 գոլ: 

Իսկ գոլային փոխանցումների հարցում այլ պատկեր է. այստեղ արդեն լեգեոնականների առավելությունը թեև կա, բայց այդքան ճնշող չէ: Հայ ֆուտբոլիստները 74 ասիստ են կատարել, լեգեոնականները՝ 90:

Բայց ինչի՞ հաշվին է հայ ֆուտբոլիստների քանակը շատացել հենց այս մրցաշրջանում: Առաջին հերթին, երիտասարդ ֆուտբոլիստների քանակն է մոտ 1,5 անգամ շատացել։ Եթե նախորդ ամբողջ մրցաշրջանին մասնակցել է մինչև 21 տարեկան 38 հայ ֆուտբոլիստ, ապա ընթացիկ խաղաշրջանում նրանց թիվն արդեն հասել է 51-ի: 

Երկրորդ կարևոր գործոնն առանձին ակումբների որդեգրած մոտեցումն է: ԲԿՄԱ-ից բացի այս մրցաշրջանից բավականին մեծ թվով հայ ֆուտբոլիստների են ներգրավել ու խաղաժամանակ տալիս նաև «Նոան», «Շիրակը» և «Արարատը», թեև վերջինս՝ ավելի շատ փորձառուներին: Չնայած չեմպիոնական նկրտումներին՝ հայ ֆուտբոլիստներին բավականին շատ վստահում է նաև «Ուրարտուն», ընդ որում՝ գոլ + ասիստ ցուցանիշով հենց Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի հայերն էլ ամենաբարձր արդյունավետությունն են գրանցել ԲԿՄԱ-ից հետո՝ 19 միավոր: 

«Լիմիտի վրա են խաղում» «Վանը», «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը», որոնց կազմերում հայ ֆուտբոլիստների քանակը կարծես ապահովվում է զուտ կանոններին բավարարելու համար: Մի քանի փորձառու խաղացողի առկայությունը համեմատաբար մեղմում է «Ալաշկերտի» վիճակը: 

Մյուս կողմից, ցավալի է փաստել, բայց հայ ֆուտբոլիստներին ամենաշատը խաղաժամանակ տվող 5 ակումբները մրցաշարային աղյուսակի ներքևի հատվածում են։ Նման օրինակներ տեսել էինք նաև նախորդ տարիներին, ինչպես «Գանձասար-Կապանը» կամ «Փյունիկը»՝ 2019/20 մրցաշրջանին։ Առավելապես հայ ֆուտբոլիստներին նախապատվություն տվող թիմերը սովորաբար չեն կարողանում պայքարել բարձր տեղերի համար։ Միայն «Ուրարտուն» է, որ այս մրցաշրջանում փորձում է հակառակը ցույց տալ:

Հաղորդման ամբողջական տարբերակը կարող եք դիտել Vivaro TV հավելվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ