Logo

«Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիան նոր թափ կհաղորդի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը»․ Ալֆրեդ Սադոյան

18:16 / 04.09.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանում կբացվի Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա։ Օրեր առաջ էլ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Նեքսթ Ջեն Սպորտս» ընկերության աննախադեպ ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել իտալական հանրահայտ ակումբի՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ակադեմիա։

Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը FastNews-ի հետ հարցազրույցում մանրամասներ է հայտնել ֆուտբոլային աշխարհում մեծ ուշադրության արժանացած նախագծի մասին։

- Պարոն Սադոյան, այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ իտալական գրանդ ակումբներից մեկը՝ «Յուվենտուսը», Հայաստանում հիմնելու է ֆուտբոլային ակադեմիա: Ե՞րբ ծագեց ՀՀ-ում «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիա հիմնելու գաղափարը, և ինչո՞ւ ընտրվեց հենց այդ ակումբը։

- Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու գաղափարն ինձ մոտ ծագել է երեք տարի առաջ: Հենց «Յուվենտուս» ակումբի հետ պայմանագիր կնքելն ինքնանպատակ չէր, մենք մոտ երկու տարի բանակցել ենք եվրոպական տարբեր գրանդ ակումբների հետ և եկել ենք այն որոշմանը, որ «Յուվենտուսի» հետ մեր հայ երեխաներն ավելի խոստումնալից ապագա կունենան: Շուրջ մեկ տարի տևած բավականին բարդ բանակցությունների արդյունքում կարողացել ենք ստանալ Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիա հիմնելու լիցենզիա և հիմա գտնվում ենք ակադեմիայի նախագծման ակտիվ փուլում:

- Դուք նշեցիք, որ բանակցել եք նաև այլ գրանդ ակումբների հետ, կմանրամասնե՞ք, թե ինչ առավելություն է տալիս «Յուվենտուսի» ակադեմիան մյուս առաջատար ակումբների համեմատ, և ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնելու հայաստանյան ակադեմիան։

- Տեսեք, մեր ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից և ներառում է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ֆուտբոլային ակադեմիա, որն ունենալու է երկու տեղակայում՝ մարզաբազա․ առաջինը տեղակայված կլինի Ավան վարչական շրջանում, իսկ երկրորդը՝ Ծիծեռնակաբերդի խճուղիում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող հողատարածքում: Ակադեմիան գործելու է «Յուվենտուս» ակումբի 5-17 տարեկան սաների համար նախատեսված մարզական ծրագրով: Մարզչական կազմը հիմնականում բաղկացած է լինելու եվրոպացի մարզիչներից: Ներգրավված են լինելու եվրոպացի դիետոլոգներ և ֆուտբոլային վերլուծաբաններ, ինչպես նաև ֆուտբոլային այլ մասնագետներ, որոնք ամենժամյա ռեժիմով կանոնակարգելու են ֆուտբոլային ակադեմիայի աշխատանքները։ Ակադեմիան ներառելու է արհեստական և բնական խոտածածկով դաշտեր, վերականգնողական գոտիներ, մարզասրահ և այլ ենթակառուցվածքներ: Ակադեմիան հագեցած է լինելու աշխարհում առկա ամենաժամանակակից ֆուտբոլային տեխնոլոգիաներով, մասնավորապես, Gps սարքերով, Catapult, Playmaker և այլ գաջեթներով: Այս ամենը հնարավորություն է տալու հավաքագրել ամեն սանի մասին անհատական տեղեկություն՝ տեղից պոկման, գնդակի հարվածի արագության, փոխանցումների քանակի, գնդակին տիրելու ժամանակահատվածի և վազքի արագության մասին։ Այս տեղեկությունը տվյալների բազայում մշակվում, ուսումնասիրվում և դառնում է այն կարևոր չափորոշիչը, ինչով գնահատում են մարզիկի կարողությունները և հնարավորություն տալիս մարզիչներին խուսափել ֆուտբոլիստների գերհոգնածությունից, վնասվածքներից և ապահովել սաների ֆուտբոլային զարգացման կայուն աճը։ Ժամանակակից ֆուտբոլն առաջադեմ աշխարհում վաղուց գիտելիքահեն է, և մեր առաջնային նպատակն է բացի նոր մարզական մշակույթից մեր երկրում ներդնել նաև սպորտի գիտելիքահեն բաղադրիչը, ինչը հաջողության հասնելու և հաղթանակներ կերտելու գրավականներից մեկն է։ Բացի այդ, «Յուվենտուսի» հետ ունենք պայմանավորվածություն, որ ամեն տարի մեր լավագույն սաները մարզումների են մեկնելու Թուրին՝ «Յուվենտուսի» մայր ակադեմիա, անգլերենով՝ «in squad trainings»-ների: Մարզումներից բացի, հայ պատանիները Թուրինում կմասնակցեն նաև ընկերական խաղերի: Բավականին վաղ տարիքից արտերկրում գրանդ ակումբներից մեկում լավագույնների հետ մարզվելը և խաղային պրակտիկա ձեռք բերելը հաջողելու կարևոր գրավականներից է: Իսկ առավել բարձր արդյունք ցուցաբերած սաները կընտրվեն «Յուվենտուսի» կողմից և կմնան Իտալիայում: Բացի այդ, «Յուվենտուս» ակումբն ակադեմիաներ ունի աշխարհի 25 երկրներում և ամեն տարի Թուրինում անցկացվում է «Յուվենտուսի» Ակադեմիաների աշխարհի առաջնությունը, որին ակտիվ հետևում են եվրոպական այլ ակումբների սկաուտները ևս: Այդ առաջնությանը կմասնակցեն նաև Հայաստանում «Յուվենտուսի»  ակադեմիայի սաները: 

- Ակադեմիան գործելու է վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով։

- Երկուսն էլ: Առավել տաղանդավոր՝ մինչև հարյուր սաների համար, ովքեր ընտրվելու են իտալացի մարզիչների կողմից, ակադեմիա հաճախումը լինելու է անվճար: Կախված առաջադիմությունից և գրանցած արդյունքներից՝ ակադեմիա հաճախող վճարովի և անվճար սաների ցանկը փոփոխվելու է: Գործելու է սոցիալական խրախուսման համակարգ, որի արդյունքում առավել օժտված, բայց սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները կունենան ակադեմիայում մարզվելու հնարավորություն։

- Օգոստոսին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման մեջ նշված էր նաև հյուրանոց կառուցելու մասին: Կմանրամասնե՞ք։

- Ակադեմիային կից կգործի հյուրանոց-կացարան, որը հնարավորություն կտա նաև մարզերում բնակվող առավել տաղանդավոր երեխաներին մարզվել մեր մարզաբազայում: Ակադեմիայի մարզիչները ժամանակ առ ժամանակ կշրջեն մարզերով, կանցկացնեն ֆուտբոլային մարզումներ և կընտրեն երեխաների, ովքեր կտեղափոխվեն Երևան և կբնակվեն մեր հյուրանոց-կացարանում մարզումների մասնակցելու ժամանակ: Շատ կարևոր է նշել նաև, որ այն կլինի Երևանում առաջին հյուրանոցը՝ հագեցած ֆուտբոլային ենթակառուցվածքներով: Այժմ արտերկրից Հայաստան ժամանած ազգային հավաքականները և ակումբները չեն կարողանում մարզվել այն վայրում, որտեղ բնակվում են: Կստեղծվի նոր հնարավորություն կամ կավելանա Հայաստանում հավաքներ անցկացնող ֆուտբոլային ակումբների թիվը, մասնավորապես, Մերձավոր արևելքի շոգ կլիմա ունեցող երկրներից, ինչն էլ կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը:

Ակադեմիայի բոլոր մասնաշենքերը, այդ թվում՝ հյուրանոց-կացարանը, կառուցվելու են Green Building ստանդարտներին համապատասխան՝ արևային էներգիայի պանելների տեղադրմամբ, ջրախնայող համակարգերի ներդրմամբ, հակաալերգիկ նյութերով և այլն:

- Օրերս Կառավարության որոշումից հետո մամուլում հայտնվեցին հակասական տեղեկություններ՝ կապված ապագա ակադեմիայի վայրի և իրականացվելիք ներդրումների մասով: Որոշ կայքեր գրել էին, որ «Հրազդան» ստադիոնն են տվել Ձեր ընկերությանը ծրագրի իրականացման համար: 

- Շնորհակալություն հարցի համար: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել և հավանության են արժանացրել մեր ներդրումային ծրագիրը, որը իսկապես բացառիկ է, և որի ազդեցությունն ու ծրագրից բխող այլ օգուտները տեսանելի կլինեն մոտ ժամանակում։ Ինչպես արդեն նշեցի՝ «Նեքսթ Ջեն Սպորտս» ընկերությունը և ապագա «Յուվենտուս Հայաստան» ակադեմիան ոչ մի կապ չունեն «Հրազդան» մարզադաշտի հետ: Ակադեմիայի ապագա մարզաբազաներից մեկը կառուցվելու է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող հողատարածքում: Կրկնում եմ՝ ոչ թե մարզադաշտի տարածքում, այլ հարևանությամբ գտնվող հողատարածքում, որը մեր ընկերությունը գնել է շուկայական գնով: Իսկ պետական սեփականություն հանդիսացող, Ավան վարչական շրջանում գտնվող 3-րդ աստիճանի վթարային շենքն իր հարակից հողատարածքով տրվել է մեր ընկերությանը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման՝ 1 մլրդ դրամ ներդրում անելու պայմանով: Արդեն իսկ մեր նախագծող թիմն եկել է այն եզրակացության, որ ներդրումները գերազանցելու են նախատեսված թիվը: 

- Ե՞րբ կսկսի գործել ակադեմիան: Դուք նշեցիք, որ ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից, ե՞րբ սպասենք նորությունների։

- Այս պահին ամբողջ թիմով տանում ենք հսկայական և ինտենսիվ աշխատանք և, ինչպես արդեն նշեցի, գտնվում ենք ակադեմիայի մարզաբազաների նախագծման ակտիվ փուլում: Ծրագրի հաջորդ փուլերից դեռ վաղ է խոսելը: Նշեմ, որ մեր ընկերությունը չի ստեղծվել Հայաստանում միայն ֆուտբոլի ակադեմիա հիմնելու նպատակով, մենք ունենք սպորտային այլ ծրագրեր ևս իրականացնելու տեսլական և հավակնություններ: Այս աշնանն իրականացնելու ենք Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի շնորհանդեսը, որի ժամանակ կներկայացվեն ներդրումային ծրագրի մանրամասները: Մենք օրական հարյուրավոր նամակներ ենք ստանում մեր ֆուտբոլասեր երեխաներից և նրանց ծնողներից, ովքեր անհամբեր սպասում են ակադեմիայի բացմանը, որոշներն անգամ արդեն ուղարկում են իրենց երեխաների մարզաշապիկի չափսերը: Վստահեցնում եմ, որ ակադեմիայի բացումը կլինի հնարավոր սեղմ ժամկետներում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ