Հայաստանի առաջնություններում երբեք լեգեոնականների պակաս չի զգացվել: Ցավոք, հարյուրավոր արտասահմանցի ֆուտբոլիստներից շատերը Հայաստանից հեռանալուց հետո անհետացել են տեսադաշտից և կարիերայում առաջխաղացում չեն ունեցել: Դա ինչ-որ տեղ խոսում է նախկինում Հայաստան եկած լեգեոնականների ոչ այնքան բարձրակարգ լինելու մասին:
FastNews-ը շարունակում է նոր շարքը, որտեղ անդրադառնում է Հայաստանում խաղացած այն լեգեոնականներին, որոնք հեռանալուց հետո կարիերայում քայլ առաջ են ունեցել և խաղացել կամ խաղում են համեմատաբար ավելի ուժեղ առաջնություններում և ակումբներում:
Ալբերտ Գաբարաև, տրանսֆերային արժեքը՝ 350 հազար եվրո
26-ամյա ռուս ֆուտբոլիստը տարիներ առաջ խաղացել է «Վեստ Արմենիայում» և «Նոայում»: Հայաստանի առաջնություններում կենտրոնական պաշտպանը մասնակցել է 36 հանդիպման, որից հետո տեղափոխվել է ռուսական «Ռոդինա»: Այժմ Գաբարաևը ներկայացնում է ղազախական «Տոբոլը», որը ֆուտբոլիստի տրասնֆերը ձեռք է բերել 80 հազար եվրոյով: «Տոբոլի» կազմում պաշտպանն անցկացրել է 64 հանդիպում:
Մարյան Ռադեսկի, տրանսֆերային արժեքը՝ 600 հազար եվրո
29-ամյա հարձակվողը 2022/23 մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրեց «Փյունիկում», որի կազմում 11 խաղում կատարեց ընդամենը 1 գոլային փոխանցում: Հայաստանից հեռանալուց հետո Ռադեսկին տեղափոխվեց «Շկենդիա», իսկ այժմ խաղում է «Ստրուգայում», որն այս տարվա ամռանը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում պարտվեց հենց «Փյունիկին»: Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականում 17 խաղ անցկացրած ֆուտբոլիստը «Ստրուգայի» կազմում մասնակցել է 63 հանդիպման, խփել 21 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:
Դենիս Գլուշակով, տրանսֆերային արժեքը՝ 150 հազար եվրո
Դենիս Գլուշակովի մասին երկար-բարակ գրելու կարիք չկա: Նա Հայաստանի առաջնությունում խաղացած ամենաաստղային ֆուտբոլիստներից մեկն է: «Ուրարտուից» հեռանալուց հետո կիսապաշտպանը տեղափոխվեց «Խիմկի», որի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման: Օրեր առաջ 37-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվեց «ԲՄԱ Ռոստով», որը նախորդ տարի կորցրել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակը և այժմ խաղում է Մեդիալիգայում:
Վիլֆրեդ Էզա, տրանսֆերային արժեքը՝ 350 հազար եվրո
Չարենցավանի «Վանի» պատմության գլխավոր ռմբարկուն հաջող ելույթներ ունեցավ նաև «Արարատ-Արմենիայում», որից հետո տեղափոխվեց Ավստրիայի Երկրորդ լիգան ներկայացնող «Ռիդ» ակումբ: «Ռիդում» 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:
Վելատ Կագրո, տրանսֆերային արժեքը՝ 700 հազար եվրո
Բելգիացի կիսապաշտպանը 2019 թվականին «Ուրարտուի» կազմում անցկացրել է 10 հանդիպում և որևէ արդյունավետ գործողություն չի կատարել: Հայաստանից հեռանալուց հետո 25-ամյա ֆուտբոլիստը խաղացել է Նիդերլանդները ներկայացնող «Տելստար» և «ՆԱԿ Բրեդա» ակումբներում, իսկ այժմ ելույթ է ունենում Բելգիայի Բարձրագույն խմբում՝ «Բերսխոտ» ակումբում, որտեղ անցկացրած 35 խաղում խփել է 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:
Յակուբա Սիլուե, տրանսֆերային արժեքը՝ 800 հազար եվրո
22-ամյա հարձակվողը 2021 թվականին խաղացել է «Շիրակում» և «Արարատում», որից հետո տեղափոխվել է ավստրիական «Սանկտ Պյոլտեն», ապա՝ Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Մլադոստ»: Այս տարվա ամռանը Սիլուեն պայմանագիր կնքեց հունգարական «Դեբրեցենի» հետ, որի կազմում 9 խաղում դարձել է 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:
Իրակլի Կվեկվեսկիրի, տրանսֆերային արժեքը՝ 500 հազար եվրո
Կվեկվեսկիրին Հայաստանի առաջնությունում խաղացած ամենաուժեղ լեգեոնականներից է: 34-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Միկայում» և «Ալաշկերտում»: Հայաստանից հեռանալուց հետո կիսապաշտպանը հանդես է եկել Մոսկվայի «Արարատում», «ԲՄԱ Խաբարովսկում», իսկ այժմ խաղում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ «Ֆակել» ակումբում: ՌՊԼ-ում անցկացրած 63 խաղում Իրակլի Կվեկվեսկիրին դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ուգոչուկվու Իվու, տրանսֆերային արժեքը՝ 1,5 միլիոն եվրո
Իվուն 2018 թվականին լքեց ծննդավայր Նիգերիան և 18 տարեկանում տեղափոխվեց Հայաստանի Առաջին խմբի ներկայացուցիչ «Լոռի»: Ժամանակը ցույց տվեց, որ այդ տեղափոխությունը հիանալի դռներ բացեց կիսապաշտպանի համար: Այսօր 24-ամյա Ուգոչուկվու Իվուն համարվում է Հայաստանի ազգային հավաքականի և Կազանի «Ռուբինի» առաջատարներից մեկը:
Դմիտրի Չիստյակով, տրանսֆերային արժեքը՝ 1,8 միլիոն եվրո
Ռուս ֆուտբոլիստը 2015/16 մրցաշրջանում ներկայացրել է «Միկան», որտեղ խաղում էր նաև այս շարքի անդամներից մյուսը՝ Իրակլի Կվեկվեսկիրին: Հայրենիք վերադառնալուց հետո 30-ամյա կենտրոնական պաշտպանը խաղացել է ռուսական տարբեր ակումբներում, իսկ այժմ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ է: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած 91 խաղում Դմիտրի Չիստյակովը խփել է 2 գոլ և կատարել 3 ասիստ:
Մոհամեդ Կոնատե, տրանսֆերային արժեքը՝ 3 միլիոն եվրո
Կոնատեն 2018/19 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում անցկացրած 22 խաղում դարձավ 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Հետագայում Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվողը մի քանի հաջող մրցաշրջան անցկացրեց ռուսական «Ախմատում» և դարձավ ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն: Այս տարվա ամռանը Կոնատեի ծառայություններով հետաքրքրված էին Գերմանիայի Բունդեսլիգան և Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող մի քանի ակումբներ, սակայն հարձակվողը պայմանագիր կնքեց Սաուդյան Արաբիայի «Էր Ռիադի» հետ:
Հայաստանում խաղացած լեգեոնականների հետքերով. Մաս 1