Ֆիջիթալ խաղերն արդեն Հայաստանում են։ Մեր երկրում առաջին անգամ անցկացվեց ֆիջիթալ ֆուտբոլի մրցաշար: Մրցաշարին մասնակցող 8 թիմ նախ ֆուտբոլ խաղաց վիրտուալ տիրույթում, ապա տվյալ ֆուտբոլային հանդիպումը նույն հաշվով շարունակեց մանրահատակին: Մարզավիճակը ցուցադրելու համար մասնակիցներին տրվեց 10 րոպե: Հաղթեց բլոգերների Streetball թիմը, որը ստացավ 1.000.000 դրամ: 2-րդ տեղը զբաղեցրեց «Դատա Արտ» թիմը: Ընկերության ներկայացուցիչները ստացան 600.000 դրամ: 3-րդ տեղին արժանացավ «Ռեալ Սինոպսիսը»՝ պարգևատրվելով 400.000 դրամով:
«Հայաստան գալիս այնքան էլ մեծ սպասելիքներ չունեի, սակայն կատարվեց հակառակը: Ջերմ ընդունելությունից բացի ես տեսա մեծ հետաքրքրվածություն, մարզիկների ներգրավվածություն, էմոցիաներ, որակյալ մրցաշար անցկացնելու համար անհրաժեշտ կամք և ցանկություն»,- ասել է Ֆիջիթալ խաղերի սպորտային տնօրեն Վլադ Երշովը:
Կիբեր և դասական սպորտի այս համադրման միտքը կազմակերպիչներն ունեցել են դեռևս 5 տարի առաջ: Հետո ստեղծել են նախնական տարբերակը, թեստավորել, գրել կանոններ, որոշել ձևաչափն ու անցել գործի: Այժմ ակտիվորեն բանակցում են միջազգային գործընկերների հետ ֆիջիթալ սպորտն առավել մասսայական դարձնելու համար: Արդեն ստորագրել են պայմանագրեր և հուշագրեր Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի մի շարք ընկերությունների հետ՝ ֆիջիթալ սպորտը այնտեղ ևս զարգացնելու համար:
Եթե Հայաստանում սա ֆիջիթալ սպորտի 1-ին մրցաշարն էր, ապա Ռուսաստանում շուրջ 300 փոքրամասշտաբ մրցաշար է անցկացվել: Եվս 15 մեծամասշտաբ թեստային միջոցառում: Բացի դրանից, ֆիջիթալ սպորտը մրցաշարեր է կազմակերպել նաև Բրազիլիայում և Իրանում: Կազմակերպիչները նախատեսում են փետրվար-մարտին կրկին անցկացնել նման միջոցառումներ՝ աշխարհին ևս մեկ անգամ ներկայացնելու այս ձևաչափը: Իսկ հաջորդ նպատակը ֆիջիթալ ֆուտբոլի լիարժեք թիմեր ձևավորելն է: