«Վեստ Արմենիան» 2024-ի ամռանն ակումբի սեփականատիրոջ, ղեկավար կազմի ու մարզչի փոփոխություն ունեցավ: Ակումբը շատ կարճ ժամանակում հետաքրքիր սելեկցիա կատարեց և աշնանը դարձավ ամենաքննարկվող թիմերից մեկը, բայց ոչ միայն ֆուտբոլային պատճառներով...
Գրեթե ամբողջությամբ նոր կազմավորված թիմը փորձում է առաջ տանել գլխավոր մարզիչ Պատրիկ Պապյանը, որի հետ զրուցել է FastNews-ը:
- Դուք աշխատել եք «Փյունիկի» ակադեմիայում, «Փյունիկ-2»-ում, «Վիստայում», «Արմավիրում» և «Ալաշկերտում», բայց «Վեստ Արմենիան» առաջին փորձն էր՝ որպես Բարձրագույն խմբի թիմի գլխավոր մարզիչ: Ձեզ համար որքա՞ն կարևոր էր նման մակարդակի անցնելը:
- Եթե այդ աշխատանքին անցնելու հասունացման մասին է խոսքը, կարծում եմ՝ ավելի շուտ կարող էի նման պաշտոն զբաղեցնել: Բայց հայկական ֆուտբոլի շուկան սպեցիֆիկ է. մասնագետը կարող է ունենալ շատ գիտելիքներ, բայց անփորձ լինի, որովհետև նրան չեն վստահել: Մարդ էլ կա՝ հակառակը. փորձի շնորհիվ գիտելիքները 2-3 տարում ձեռք է բերում: Շատ են օրինակները, երբ նույնիսկ միասին մարզչական դասընթացների են գնացել, նրանցից մեկն ավելի խոստումնալից է համարվել, սակայն ավելի թույլ ցուցանիշով մասնագետը շանս է ստացել և 2-3 տարի անց ավելի հետաքրքիր մարզիչ դարձել:
Դեռ «Փյունիկ-2»-ում աշխատելու ժամանակ պատրաստ էի Բարձրագույն խմբում գլխավոր մարզիչ աշխատել, սակայն այդ պահին առաջարկ չկար: Եթե չգնայի Ռուսաստան, այստեղ ավելի շուտ շանս կստանայի:
- Առաջին քայլի համար ինչո՞ւ ընտրեցիք «Վեստ Արմենիան»:
- Առաջարկ ստացա ակումբի մարզական տնօրեն Սամվել Սուքիասյանից, աշխատել ենք միասին, նա մեծ փորձ ունի: Ծանոթացա ակումբի համասեփականատիրոջ հետ: Այդ պահին տարբերակ ունեի նորից գնալու Ռուսաստան և ընդլայնելու իմ սեփական բիզնեսը, բայց որոշեցի մնալ Հայաստանում:
- Բացի այն, որ «Վեստ Արմենիան» Ձեր առաջին փորձն էր, նաև մեկնարկային ամիսը շատ անհաջող ստացվեց...
- Մենք այլ ռազմավարությամբ էինք սկսել աշխատանքը, բայց ամեն ինչ փոխեց Ջուլիուս Դևիդի հեռանալը. նրա շուրջ կառուցված էր մեր խաղը: Ընկերական հանդիպումներում նա էր կառավարում մեր գրոհներն ու պաշտպանությունը: Առաջնության մեկնարկից 3 օր առաջ Ջուլիուսը չեկավ մարզմանը, հետո իմացանք՝ տեղափոխվել է Սաուդյան Արաբիա: Քանի որ նախապատրաստական շրջանն անցկացրել էինք 5 պաշտպանով, մենք առաջնության մեկնարկում փոխեցինք ոչ թե խաղային համակարգը, այլ ֆուտբոլիստին, որին չունեինք...
- Ինչպե՞ս:
- Թիմում էր Արամ Քոչարյանը, որը ֆիզիկապես պատրաստ չէր, մեզ էր միացել Բրաիմա Կանդեն, որն էլ չկարողացավ խաղային հունի մեջ մտնել: Բրաիման հետո վնասվածք էլ ստացավ ու երբ վերադարձավ, հայ ֆուտբոլիստներն արդեն օգտագործել էին իրենց շանսը: Մենք նախապես որոշված սխեմայով 3 խաղ անցկացրինք, տեսանք խնդիրներ դաշտի կենտրոնում և դրանից հետո անդադար փոխում ենք մեր մոդելը: Չի եղել երկու անընդմեջ տուր, որ խաղային մոդելի կրկնություն լինի: Օրինակ՝ խաղ եղավ «Արարատ-Արմենիայի» դեմ, երբ շատ լավ աշխատեց 5-4-1-ը, բայց մենք չվախեցանք հետո փոփոխությունների գնալուց: Հետագայում «Ուրարտուի» հետ ոչ-ոքի խաղացինք մեկ հենակետայինով:
- Նման փոփոխություններին թիմն ինչպե՞ս էր արձագանքում:
- Մենք սելեկցիայի ժամանակ ընտրել էինք տարբեր ոճի ֆուտբոլիստներ: Ես կարևորում էի, որ այնպիսի ֆուտբոլիստներ ունենանք, որ 5 պաշպանով խաղը հետո կարողանանք ձևափոխել: Սամվել Սուքիասյանն էլ շատ օգնեց սելեկցիայի հարցում: Նրա կապերը, բանակցային ունակությունները... Ֆանտաստիկ ջանքեր ենք գործադրել՝ կարճ ժամանակում այս թիմը հավաքելու համար, երբ դեռ մենք տրանսֆերային արգելքի տակ էինք:
- Որպես պատճառ նշեցիք Ջուլիուս Դևիդի բացակայությունը. մի՞թե նա այդ աստիճան անփոխարինելի էր:
- Նախորդ 1 տարում, երբ հաշվի եմ առնում մեր առաջնությունում հենակետային դիրքի ֆուտբոլիստներին, Ջուլիուսը շատ բարձրակարգ էր առանց գնդակի խաղում: Նա մի քանի էքստրա որակ ունի, որից ուրիշները չունեն: Մենք չենք կարողանում նման որակի այլ ֆուտբոլիստ գտնել, որովհետև նրանք մեծ աշխատավարձ են պահանջում: Գումարած՝ Ջուլիուսը հարմարված էր առաջնությանը: Վերջին տարում նա մի քանի մակարդակով բարձրացրել էր որակը, նաև առաջատար էր դարձել: Մեր առաջնությունը շատ ուժեղ ֆուտբոլիստ կորցրեց:
- Շատ եմ լսել, որ մեկնարկային տուրերում պարտությունների պատճառն այն էր, որ նախամրցաշրջանային հավաքներում չեք հասցրել ֆիզպատրաստության աշխատանք կատարել:
- Մենք պաշտոնական խաղերի միջոցով շտկեցինք ֆունկցիոնալ վիճակը, բայց ես կասեի՝ հիմնական պատճառն այն է, որ ֆուտբոլիստներին շատ էինք ծանրաբեռնել տակտիկական ինֆորմացիայով: Դա ապացուցվեց հետագայում, երբ «Ուրարտուի» ու «Արարատ-Արմենիայի» դեմ խաղերին նախորդած մարզումների ժամանակ նվազեցրինք տակտիկական մարզումների քանակը, և թիմը հիանալի ֆուտբոլ խաղաց: Իսկ տակտիկական ինֆորմացիան, որ սկզբում տվել էինք, մեզ օգնեց հետագայում: Հետզհետե սկսեցինք նայել մրցակիցների նաև թույլ կողմերին և դրանք համադրել մեր ուժեղներին:
Ինչ վերաբերում է ֆիզիկական պատրաստությանը, կարծում եմ՝ խնդիր ենք ունեցել միայն «Նոայի» դեմ վերջին խաղում, որովհետև մինչև այդ 2 շաբաթում ընդամենը 4 մարզում էինք անցկացրել, այն էլ 12 ֆուտբոլիստով:

- «Ուրարտուի» դեմ առաջին շրջանի խաղում «Վեստ Արմենիային» տեխնիկական պարտություն գրանցվեց հանդիպման ընթացքում լեգեոնականների սահմանաչափի կանոնը խախտելու համար: Ինչպե՞ս ստացվեց, որ խաղադաշտում հայերի քանակը սահմանվածից քիչ էր:
- Մենք անփորձ մարզչական շտաբ ենք: Գիտեինք, որ նման խնդիր կարող է լինել, բայց չէինք սպասում, որ այդքան ցավալի հետևանք կունենա: «Ուրարտուի» դեմ շատ էմոցիոնալ ու լարված խաղ էր ընթանում, տվյալ պահին պատրաստվում էինք 1 փոփոխություն կատարել: Նույն վայրկյանին մեզ մոտեցավ Արամ Քոչարյանը և ասաց, որ ցավերի պատճառով 5 րոպեից ավելի չի կարող շարունակել խաղը: Ես անիմաստ շտապեցի, որոշեցի, որ այդ պահին, բացի նախատեսված փոփոխությունից, նաև Արամին փոխարինեմ: Եվ երբ ամեն ինչ լարված էր, հաշիվը 1:1 էր, չհաշվարկեցինք, որ հայի փոխարեն խաղադաշտ մտավ լեգեոնական: Ընդ որում՝ խաղից առաջ էլ որոշել էինք, որ ոչ թե լեգեոնականի ենք այդ դիրքում խաղադաշտ դուրս բերելու, այլ հայի: Բայց անհասականալի կես րոպեի ընթացքում մեր բոլոր պայմանավորվածություններն անտեսեցինք:
- Ե՞րբ հասկացաք, որ սխալվել եք:
- Հենց այդ րոպեին: Արթուր Քարտաշյանն էլ այդ պահին բուժօգնություն էր ստանում, հետո ուզում էր խաղադաշտ դուրս գալ, բայց մենք ցույց տվեցինք, որ սպասի: Խաղում էինք 10 ֆուտբոլիստով, որպեսզի փոխհատուցեինք սխալը և անմիջապես նոր փոփոխությամբ ուղղեինք: Բայց կանոնակարգով մեզ պարտություն գրանցեցին:
- Բայց վիճակագրությունը հուշում է, որ Ձեր փոփոխությունները նաև դրական կողմ ունեն. «Վեստ Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայում տևական ժամանակ միայն «Նոային» էր զիջում փոխարինման մտած ֆուտբոլիստների խփած գոլերի քանակով: Ինչպե՞ս է ստացվում այդքան հաջող փոփոխություններ կատարել:
- Եթե ուշադրություն եք դարձրել, մեր փոխարինումները միտված են հարձակմանը: Այդպես նույնիսկ միավոր ենք կորցրել կամ խաղային բալանսը խախտել: Մենք նաև ֆուտբոլիստների միջև մրցակցություն ենք ստեղծում խաղից մի քանի օր առաջ, կարծես կասկածում ենք՝ «դո՞ւ, թե՞ նա»: Եվ անկախ նրանից՝ ում կընդգրկենք մեկնարկային կազմում, փոխարինման մտնողն ավելի լավ է խաղալու, որովհետև գերմոտիվացված է, իսկ մրցակիցն էլ արդեն հոգնել է: Դա ավելի շատ հոգեբանական մոտեցում է, որն աշխատում է: Այդպես ենք արել Իբրահիմի, Հաջիի, Տարասենկոյի, Այունցի հետ, որոնք փոխարինման են մտել և գոլեր խփել կամ լավ ֆուտբոլ ցուցադրել:
- Իբրահիմը վաղուց չի խաղացել. ե՞րբ է ապաքինվելու:
- Մոտավորապես 3 ամսից:
- Ըստ Ձեզ՝ հայկական ֆուտբոլի երկրպագուները «Վեստ Արմենիայի» ո՞ր ֆուտբոլիստի խաղն են ամենաշատը հավանում:
- Բնականաբար Ջեֆերսոն Գրանադոյինը:
- Այո՛, նա իսկապես տարբերվող ֆուտբոլ է խաղում: Բայց հետաքրքիր է՝ ինչո՞ւ Ձեր խաղը չեք կառուցում նրա շուրջ, այլ փոխարենը Գրանադոյին ավելի շատ օգտագործում եք՝ կազմի բացերը լրացնելու համար:
- Որովհետև Ջեֆերսոնը համակարգային ֆուտբոլիստ չէ. նա փայլում է, երբ ազատություն է ստանում: Դուք ասում եք, որ նրա խաղն աչքի է ընկնում, բայց դա պայմանավորված է նրանով, որ մենք տալիս ենք այդ ազատությունը: Ի սկզբանե Ջեֆերսոնը մեր թիմ եկել է որպես աջ պաշտպան: Հետո տեսանք՝ Արթուր Դանիելյանը որքա՜ն լավ է խաղում այդ դիրքում և Գրանադոյի համար հարձակողական դիրք գտանք: Ես Գրանադոյից կայունություն եմ սպասում, որովհետև նա լավ անցկացրեց աշնանային հատվածը, իսկ ամռանն ու դեկտեմբերին մոտ հատվածներում շատ էր սխալվում պարզ իրավիճակներում:
- Երբ Ավենտիս Ավենտիսյանը հայտնի դարձավ, Հայաստանի հավաքականում ձախ պաշտպանի խնդիր կար: Նաիր Թիկնիզյանը դեռ չէր խաղում հավաքականում, և կարծիք կար, որ Ավենտիսը կարող է ապագայում փակել այդ դիրքը: Նիդերլանդներում խաղալն էլ ավելի ամրապնդեց նրանից սպասելիքները: Բայց հետո նրան տեսանք երիտասարդական հավաքականում, և շատերը հիասթափվեցին: Տպավորություն կար, թե այդ չափազանցված սպասելիքները սկզբում բերեցին գերագնահատման, իսկ երիտասարդականում ելույթները՝ թերագնահատման: Ինչպիսի՞ն է նրա իրական խաղամակարդակը:
- Ավենտիսը պրոֆեսիոնալ է: Եթե նրան հավատում ես, շատ բաներ կարող է անել: Մեր թիմում ամենամեծ մրցակցությունը եղել է Ավենտիսյանի ու Ալեքս Ջունիորի միջև: Սկիզբն Ավենտիսի համար անհաջող էր, բայց մենք գիտեինք, որ նորեկ է, պետք է համբերություն ցուցուցաբերենք, և ամեն ինչ կշտկվի: Այդպես էլ եղավ: Հատկապես տպավորիչ էր, որ «Վանի» դեմ խաղում նա ավելի լավ կարողացավ փակել Ֆառայոլային, քան Ալեքսը: Մարդկանց թվում է՝ Ավենտիսի հանգստությունն ու համեստությունը կխանգարեն նրան աճել, բայց մենք պետք է օգնենք նրան:

- Անդրիյա Դրագոևիչն իր դիրքում Հայաստանում լավագույններից է և դարպասապահի համար դեռ տարեց չէ: Նման իրավիճակում ցանկալի է՝ նա լավ խաղա, որ միավորներ վաստակեք, բայց շատ լավ խաղի դեպքում էլ դժվար կլինի նման դարպասապահին թիմում պահել:
- Ընդհակառակը, ես շատ կուրախանամ, որ նախորդ 2-3 տարիների ոչ այնքան հաջող ժամանակահատվածից հետո Դրագոն կարողանա ավելի ուժեղ թիմ տեղափոխվել: Մեզ մոտ Դրագոն շատ արագ կարողացավ լավ մարզավիճակի հասնել, և այդպես էլ դարպասապահի փոփոխության չգնացինք, չնայած Անատոլի Այվազովը շատ լավ դարպասապահ ու անձնավորություն է: Ինձ թվում է՝ Դրագոյին տարիքը նույնիսկ օգնում է: Դարպասապահը 30-ից հետո մենթալ հասունություն է ունենում: Նրանք այլ կերպ են տեսնում դաշտը, տարածությունները, հարվածները... Նրանց զարմացնելը շատ դժվար է դառնում:
- Դուք նաև, առաջնության մյուս թիմերից շատերի համեմատ, դարպասապահի միջոցով եք զարգացնում գրոհները: Միգուցե դրա՞ համար է Ձեր թիմն ամենաշատ երկար փոխանցումները կատարում:
- Տակտիկական մոտեցում է: Եթե մենք տեսնում ենք, որ մրցակցի դիրքավորումը բարձրանում է, դա նախ՝ նշանակում է, որ նրանց թիկունքում ազատ գոտիներ կան, և հետո՝ Դրագոյի երկար փոխանցումներն ավելի լավն են, քան կարճերը:
Ինչ վերաբերում է ընդհանուր «լոնգ բոլերի» թվին, ապա դա նույնպես մի քանի գործոնների հետևանք է: Ես կուզեի կարճ ու միջին փոխանցումներով խաղալ, բայց կենտրոնում մենք անընդհատ հարկադրված փոփոխությունների ենք գնացել, իսկ առանց այդ դիրքում կայունության, դժվար է այդպիսի ֆուտբոլ խաղալ: Բացի մրցակցի թիկունքում ազատ գոտի գտնելու ցանկությունից, մենք տեսնում ենք, որ մեր կենտրոնական պաշտպաններին շատ են պրեսինգի ենթարկում: Գումարած՝ երբ մրցաշրջանի սկզբում վատ արդյունքներ էին, մի փոքր պարզեցրինք մեր խաղը, հետո էլ փորձում էինք կենտրոնում սխալվելու հավանականությունը քչացնել:
- Վիճակագրության թեման շարունակելով՝ «Վեստ Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայում ավելի շատ հարված է կատարում, քան «Ուրարտուն», և շատ մոտ է «Փյունիկին»: Ըստ Ձեզ՝ դո՞ւք եք շատ հարված կատարում, թե՞ նշված թիմերը՝ սպասվածից քիչ: «Նոան» ու «Արարատ-Արմենիան» այդ տեսանկյունից զգալի առաջ են պոկված:
- «Արարատ-Արմենիան» մեր դեմ խաղում, երբ առանց լեգեոնականների էինք խաղում, երևի 30 հարված կատարեց, ինչը բարելավեց նրանց թվերը: «Փյունիկը» և «Ուրարտուն» փորձում են հնարավորինս դիրքը բարելավել, հետո նոր հարվածել, դրա պատճառով նրանց թիվը բարձր չէ: Մենք բոլոր թիմերին պրեսինգի ենք ենթարկել, դա մեր տակտիկական խնդիրներից է, ինչն օգնում է նաև շատ հարվածներ կատարել հաջող պրեսինգից հետո: Մենք նույնիսկ «Վանի» դեմ ենք փորձել այդպես խաղալ, իսկ այդ թիմը պրեսինգը հաղթահարելու գործում ամենաուժեղներից է:

- Նշեցիք «Վանին», որը գլխավորում է Վահե Գևորգյանը: Նախորդ մրցաշրջանում Դուք նրա օգնականն էիք «Ալաշկերտում»: Կարո՞ղ եք նշել Գևորգյանի աշխատանքից այնպիսի առանձնահատկություն, որոնք ուրիշները գուցե չնկատեն:
- Վահեն շատ ուժեղ սելեկցիա է կատարում, նա հստակ գիտի, թե ինչ է ուզում և ինչպիսի ֆուտբոլ է ցանկանում տեսնել: Գևորգյանի պահանջները շատ բարձր են՝ թե՛ խաղային և թե՛ մարզումային: Դա բերում է ավելի բարձր ու կայուն արդյունքների: Գումարած՝ նա շատ լավ մոտիվատոր է, ինչի ազդեցությունը խաղակեսերի սկզբում երևում է: Շատ մարզիչներ այդ կարողությունը չունեն:
- Դուք Գևորգյանի պես նույնպես աշխատել եք ռուսական «Վիստա» ակումբում, որը հիմա համագործակցում է Չարենցավանի «Վանի» ու բուլղարական «Բոտևի» հետ: Ինչի՞ շնորհիվ են այդ ակումբից ժամանած, հիմնականում աֆրիկացի ֆուտբոլիստները տարբերվում մեր տեղացիներից:
- Ֆուտբոլիստների համար շատ կարևոր է ժամանակահատվածը, երբ նրանք 16-18 տարեկան են: «Վիստայում» մենք տարբերվող տեխնիկա-տակտիկական մարզումներ էինք անցկացնում այդ երիտասարդների հետ, այլ մեթոդներ կիրառում, որ նրանք առաջադիմեն: Երիտասարդ ֆուտբոլիստը, միայն առաջնությանը մասնակցելով, զարգացման շատ փուլեր բաց է թողնում: Նույնիսկ Առաջին խմբում 5 օրը մեկ խաղերի գրաֆիկի դեպքում մարզիչը չի հասցնում կենտրոնանալ պատանիներին զարգացնելու ուղղությամբ:
- Մի՞թե Պրեմիեր լիգայի դուստր թիմերի համար Առաջին խումբը հենց երիտասարդներին զարգացնելու հարթակ չէ:
- Տեսականորեն այո՛, բայց մարզիչը չի կարող միայն դրա վրա կենտրոնանալ և արդյունքներն անտեսել, որովհետև այդ դեպքում նրան պաշտոնանկ կանեն:
- Կա՞ն օրինակներ:
- Այո՛, ես «Փյունիկ-2»-ում աշխատելու ժամանակ ֆուտբոլիստներ էի աճեցնում, նրանք անընդհատ առաջադիմում էին և գլխավոր թիմ հրավիրվում: Բայց 2 խաղ պարտվեցինք, որոնցից մեկը Գյումրիում, երբ 10-ից ավելի պահ ունեինք, իսկ «Շիրակը» 3 վտանգավոր հակագրոհ: Այդ խաղը պարտվեցինք, և ինձ պաշտոնանկ արեցին: Ոչ ոք հաշվի չառավ, որ «Փյունիկ-2»-ից գլխավոր թիմ էր տեղափոխվել 4 ֆուտբոլիստ: Այնպես որ, որքան էլ ակումբի ղեկավարն ասի, թե նրանք ֆուտբոլիստ են աճեցնում, մարզիչը միշտ գիտի՝ եթե արդյունքի չհասավ, իրեն ցտեսություն են ասելու: Իսկ «Վիստայում» այդպես չէր. այնտեղ կարևորը խաղացող պատրաստելն էր:

- Որքան էլ ֆուտբոլային գործոնը հետաքրքիր է, միևնույն է մրցաշրջանի առաջին կեսում «Վեստ Արմենիայի» վերաբերյալ ամենաշատը խոսվում էր ակումբի ֆինանսական խնդիրների մասին. ֆուտբոլիստներն ամիսներով աշխատավարձ չէին ստանում: Ըստ Ձեզ՝ որքա՞ն լավը կլինեին «Վեստ Արմենիայի» ցուցանիշները, եթե այդ խնդիրը չլիներ:
- Կարծում եմ՝ եթե ֆինանսական խնդիրները չլինեին, մենք 3-4 խաղում այլ արդյունք կունենայինք:
- Այժմ նախապատրաստվում եք մրցաշրջանի երկրորդ հատվածին: Երաշխիքներ ստացե՞լ եք, որ այդ խնդիրները չեն կրկնվի:
- Ո՛չ, երաշխիք չկա: Միգուցե որոշ ժամանակ անց ամեն ինչ պարզ կդառնա:
- Շաբաթներ առաջ ՀՖՖ-ն հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ն փոխանցել է հայկական ակումբների համար համերաշխության գումարների կեսը: Յուրաքանչյուրին հասնում էր մոտավորապես 270 հազար եվրո: Դա կլուծի՞ ակումբի խնդիրները:
- Կթեթևացնի, բայց չեմ կարծում՝ մինչև առաջնության վերջ կբավարարի: Դա մեր ծախսերի կեսն է: Մենք շատ կուզեինք, որ տղաները հոգեբանորեն լավ վիճակում լինեին, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չի ստացվում: Մեզ կայունություն է հարկավոր: Դրանից բացի, 6-7 ֆուտբոլիստ հեռացել է: Պետք է հասկանալ՝ մենք հրավիրելու ենք հայ երիտասարդ ու անփորձ խաղացողների՞, որ բյուջեն չբարձրանա, թե՞ պետք է կրկին տրանսֆերային հրաշքներ կատարենք:
- Հայաստանում շատ է խոսվում, որ Fastex Պրեմիեր լիգայի խաղամակարդակը հետզհետե բարձրանում է. համաձա՞յն եք:
- Մասամբ: Տեսնում եմ, որ որոշ ակումբներ ճիշտ աշխատանքի շնորհիվ որակը բարձրացրել են: Կարող եմ նորից նշել «Վանին», որը ժամանակակից, ինտենսիվ ֆուտբոլ է ուզում խաղալ և դրա շնորհիվ բարձրացրել է իր խաղամակարդակը: Թիմեր կան, որոնք որակյալ անհատներ ունեն և դրա շնորհիվ բարձր մակարդակում են: «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն» այդպիսի խաղացողներ ունեն, բայց «Նոան» առանձնանում է: Այդ թիմի անհատներն ավելի բարձրակարգ են ու թվով շատ: «Նոան» գրեթե յուրաքանչյուր դիրքում շատ ավելի բարձրակարգ խաղացող ունի:
- «Փյունիկին» չնշեցիք...
- Մրցաշրջանի առաջին կեսում նրանք շատ փորձառու թիմ էին, ինչը թույլ էր տալիս արդյունքի հասնել: Տարեց թիմ էր, բայց գիտեր՝ ինչպես անհրաժեշտ պահին միանալ և արդյունքի հասնել: «Փյունիկը» նաև մարզչական հետաքրքիր լուծումներ ունի, փորձում է ժամանակակից ֆուտբոլ խաղալ: Թիմի խնդիրը տարեց լինելն էր:
- Իսկ ո՞ր թիմերն են ամենաինտենսիվ ֆուտբոլը խաղում:
- «Նոան» և «Վանը»:
- Որո՞նք են բացասական կողմերը:
- Շատ են քչացել հայ նոր ֆուտբոլիստները: Քիչ թիմեր են շանս տալիս երիտասարդ հայերին: Դրա պատճառով սերնդափոխություն չի լինում, դա առաջնության որակը չի բարձրացնում: Լավ կլիներ՝ Զավեն Խուդավերդյանի պես պատանիները շատ լինեին, յուրաքանչյուր թիմում 2-3 նման ֆուտբոլիստ լիներ: Ես վստահ եմ՝ նույնիսկ 17 տարեկան տաղանդավոր շատ պատանիներ կան մեր ֆուտբոլի ակադեմիաներում: Նրանք իրենց շանսին են սպասում:

- Ինչո՞ւ «Վեստ Արմենիան» չի օգտվում մյուսների թերացումից և հրավիրում այդ տաղանդներին:
- Մենք չունենք Առաջին խմբում թիմ, բայց պատրաստ ենք այդ թվում Առաջին խմբի թիմերից վարձակալել աչքի ընկնող երիտասարդների և շանս տալ: Մենք այդպես ենք վարվել՝ «Ուրարտու-2»-ից հրավիրելով Արթուր Իսրայելյանին և «Արարատ-Արմենիա-2»-ից Վահրամ Մախսուդյանին: Բայց նրանք արդեն 20-21 տարեկան էին: Ես կարծում եմ՝ պետք է շանս տալ 17 տարեկաններին, որ նրանք ժամանակ ունենան կայանալու մինչև 21 դառնալը, որովհետև այդ ժամանակ արդեն մյուս 17 տարեկանների հերթն է գալու: Իսկ եթե ֆուտբոլիստը 17-18 տարեկանում շանս չստանա, հետո կարող է 20-21-ում չդիմանալ մրցակցությանը և արդյունքում մնալ Առաջին խմբում:
- Ձեր նշած 17 տարեկաններից շատերը մտովի ԲԿՄԱ-ում են:
- Ոչ միայն: Կան խաղացողներ, որոնք ԲԿՄԱ-ում չեն, բայց հավաքականի անդամ լինելով՝ տարեկետում են ստանում: Նրանք չեն խաղալու իրենց թիմերում, ավելի լավ է՝ վարձակալությամբ տեղափոխվեն Պրեմիեր լիգայի այլ ակումբ, որը պատրաստ է խաղաժամանակ տրամադրելուն: Դա վերաբերում է նաև 17 տարեկաններին: Այդ տարիքի ֆուտբոլիստը, մյուսների համեմատ, ոչ թե թույլ է, այլ պարզապես փորձ չունի: Եթե հնարավորություն տաս, միգուցե ավելի որակյալ ֆուտբոլիստ դառնա, քան իրենից մեծահասակները:
- Մեծահասակների ու բարձրակարգ ֆուտբոլիստների հետ մարզվելը չի՞ օգնի զարգացմանը:
- Դա օգնում է, բայց մինչև ինչ-որ պահ: Հետո նրանք պետք է խաղան, իրենց ճանապարհն անցնեն: Նույն Վահրամ Մախսուդյանը. սկզբում չէր ենթադրվում, որ այսքան շատ կխաղա: Բայց իր շանսը ստացավ, իր աշխատասիրությամբ, նվիրվածությամբ ու արագությամբ համապատասխանեց և հիմա թիմի առաջատարներից է: Ֆուտբոլիստը պետք է 17-18 տարեկանում արդեն զարգացնի իր արագ-ուժային հատկությունները, ոչ թե 21-22 տարեկանում:
- Չնայած նրան, որ Դուք վաղուց եք ֆուտբոլում՝ այս մրցաշրջանն առաջինն է, որ Բարձրագույն խմբի թիմի գլխավոր մարզիչ եք: Կա՞ մասնագիտական գործոն, որը, Ձեր պատկերացրածի համեմատ, այլ է այդ աշխատանքում:
- Մտածում եմ, որ նախապատրաստական հավաքների դերն ուռճացված է: Հիմա ընդունված պրակտիկա է մեծ ներդրումներ կատարել արտասահմանյան հավաքների համար, բայց փորձը ցույց տվեց, որ առաջնության խիտ գրաֆիկին կարելի է նաև այլ կերպ նախապատրաստվել:
Ինձ զարմացրեց նաև, որ ժամանակակից ինտենսիվ ֆուտբոլ քիչ թիմեր են խաղում: Շատերն ունեն մարզչական լավ լուծումներ, հիանալի ֆուտբոլիստներ, բայց ինտենսիվ չեն խաղում: Այսպես ձևակերպեմ՝ «Նոայից» ու «Վանից» բացի, չեմ տեսնում այլ թիմ, որը հենց նման ոճով է ուզում հաղթել խաղերը: Բայց դա նաև ոճի հարց է: Հասկանում եմ մարզիչներին, որոնք, տեսնելով իրենց խաղացողների որակի առավելությունը մրցակցի նկատմամբ, խաղը «բացելու» պատճառ չունեն: Հանգիստ խաղով էլ, մեծ հավանականությամբ, կհաղթեն:


