Տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի ղեկավար Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ:
«Լավագույն երեք մարզիկ» անվանակարգում հաղթող են ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը:
«Լավագույն կին մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը, «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» անվանակարգում՝ պարածանրորդ Գրետա Վարդանյանը:
«Լավագույն թիմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել շախմատի տղամարդկանց թիմը հետևյալ կազմով՝ Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Կարեն Գրիգորյան, Ռոբերտ Հովհաննիսյան:
«Լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ծանրորդ Էմմա Պողոսյանը, «Վերադարձ մեծ սպորտ և /կամ հայտնություն» անվանակարգում՝ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը:
«Լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել 2024 թվականի աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Վարազդատ Լալայանը:
«Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆուտբոլիստ, Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (մրցանակը կհանձնվի նրան կամ ներկայացուցչին՝ պատեհ առիթով):