Logo

Հայաստանի Սուպերգավաթ. «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանն ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:55 / 20.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Փետրվարի 20-ին (խաղը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով-խմբ.) Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը կվիճարկեն Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ու գավաթակիր «Արարատ-Արմենիան»: FastNews-ը ներկայացնում է խաղի անոնսը։

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»

Փետրվարի 20, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, հեռուստաալիքը՝ «Ֆասթ Սպորտ» (խաղը հետաձգվել է-խմբ.)

Սուպերգավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Փյունիկը» 16-րդ անգամ կվիճարկի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Հայաստանի բազմակի չեմպիոնը 9 անգամ հաղթող է դուրս եկել պատվավոր մրցանակի համար անցկացված հանդիպումներում: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային են հայկական ֆուտբոլում: 2022թ. երկրի գործող չեմպիոն «Փյունիկը» պետք է Սուպերգավաթը վիճարկեր գավաթակիր «Նորավանքի» հետ, սակայն վերջինս մրցաշրջանի ավարտից հետո լուծարվել էր: Ուստի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հատուկ որոշմամբ պատվավոր մրցանակն առանց խաղի 10-րդ անգամ հանձնվեց «Փյունիկին»:

Պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 2023թ. փետրվարի 24-ին Չարենցավանում կայացած Fastex Պրեմիեր Լիգայի «Վան» - «Փյունիկ» հանդիպումից առաջ: Թիմի ավագ Արտակ Դաշյանին Սուպերգավաթը հանձնեց Հակոբ Տոնոյանի որդին՝ Արա Տոնոյանը:

2. «Փյունիկը» Հայաստանի Սուպերգավաթի անդրանիկ խաղարկության մասնակիցներից մեկն է, որը 1996թ. հունիսի 9-ին կայացած խաղում 1-3 հաշվով պարտվել է «Շիրակին»: Հաջորդ տարի փյունիկցիները դարձան սուպերգավաթակիրներ՝ 2-0 հաշվով հաղթելով «Արարատին»: Սուպերգավաթի համար վերջին հանդիպումը «Փյունիկն» անցկացրել է 2015թ՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Միկայի» դարպասը: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն այդ խաղում խաղադաշտ էր դուրս բերել հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստների, որոնց թվում էր ներկայումս թիմում ելույթները շարունակող միակ խաղացողը՝ Տարոն Ոսկանյանը:

Ներկայացնում ենք Սուպերգավաթի խաղարկություններում «Փյունիկի» հաղթական մրցախաղերի համառոտ վիճակագրությունը:

15.06.1997    «Փյունիկ» - «Արարատ»՝ 2-0 (0-0)

Վարազդատ Ավետիսյան (73), Արմեն Շահգելդյան (84):

09.05.2002    «Փյունիկ» - «Միկա»՝ 2-1 (0-1)

Արամ Ոսկանյան (76), Խոսե Բիլիբիո (86) – Անդրեյ Բուլանով (3):

27.05.2004    «Փյունիկ» – «Միկա»՝ 1-0 (0-0), լր. ժամ.՝ 1-0

Կարեն Ալեքսանյան (95):

27.05.2005    «Փյունիկ» – «Բանանց»՝ 1-0 (0-0)

Տիգրան Դավթյան (78):

27.05.2007    «Փյունիկ» – «Միկա»՝ 2-1 (0-0), լր. ժամ.՝ 2-1

Նորայր Սահակյան (104), Գևորգ Ղազարյան (117) – Արտյոմ Ադամյան (119):

24.09.2008    «Փյունիկ» – «Բանանց»՝ 1-0 (0-0)

Տիգրան Ոսկանյան (50):

24.09.2010    «Փյունիկ» – «Բանանց»՝ 2-0 (0-0)

Արթուր Բարսեղյան (47), Արամ Հովսեփյան (76):

24.09.2011    «Փյունիկ» - «Բանանց»՝ 3-0 (2-0)

Արամ Հովսեփյան (18), Դավիթ Մինասյան (42), Վարդան Բակալյան (88):

24.09.2015    «Փյունիկ» – «Միկա»՝ 3-0 (2-0)

Արթուր Քարտաշյան (36), Ռազմիկ Հակոբյան (38), Դավիթ Մանոյան (74):

3. «Արարատ-Արմենիան» 3-րդ անգամ է մրցավեճի բռնվելու պատվավոր մրցանակի համար: Սուպերգավաթի նախորդ երկու մրցախաղերում «Արարատ-Արմենիան» չեմպիոնի կարգավիճակում էր, իսկ այժմ խաղադաշտ է դուրս գալու որպես գործող գավաթակիր:

2019թ. «Արարատ-Արմենիան» առաջին իսկ փորձից նվաճել էր Հայաստանի Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի 8-րդ դափնեկիրը:

Սեպտեմբերի 24-ին Վարդան Մինասյանի սաները դրամատիկ պայքարում լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթել էին գործող գավաթակիր «Ալաշկերտին»: Ընդ որում հաշիվը բացել էր ալաշկերտցի Գուստավո Մարմենտինին, որին չեմպիոնը պատասխանել էր Արմեն Նահապետյանի գոլով:

2-րդ խաղակեսում Միհրան Մանասյանը կրկին առաջ էր մղել «Ալաշկերտին»: Այս անգամ «Արարատ-Արմենիան» միայն ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Արթուր Դանիելյանի գոլի շնորհիվ էր կրկին վերականգնել հավասարակշռությունը: Իսկ արդեն լրացուցիչ ժամանակում Մաիլսոն Լիման վճռել էր Սուպերգավաթի բախտը:

4. Հաջորդ մրցաշրջանում Հայաստանի կրկնակի չեմպիոնը Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ Սուպերգավաթը վիճարկեց «Նոայի» հետ, որին ՀՀ գավաթի գերարդյունավետ եզրափակչում պարտվել էր հետխաղյա 11մ հարվածաշարում՝ 5-5, 6-7՝ 11մ:

Սուպերգավաթի մրցախաղն էլ դրամատիկ ելք ունեցավ ու կրկին ավարտվեց «Նոայի» հաղթանակով: 60-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիման բացեց հաշիվը, սակայն խաղավերջում Դմիտրի Լավրիշչևը վերականգնեց հավասարակշռությունը: Մրցանակի բախտը վճռվեց լրացուցիչ ժամանակում, երբ Դենիս Դեդեչկոն 99-րդ րոպեին 11մ հարվածով խոցեց Ստեֆան Չուպիչի պաշտպանած դարպասը:

Հետաքրքիր է, որ Սուպերգավաթի նախորդ երկու մրցախաղերին մասնակցած ֆուտբոլիստներից ներկայումս «Արարատ-Արմենիայի» կազմում են միայն թիմի ավագ Արմեն Համբարձումյանն ու Հովհաննես Հարությունյանը, իսկ Ալեմաոն, Սերգեյ Վակուլենկոն և Յուսուֆ Օտուբանջոն այժմ հանդես են գալիս «Փյունիկում»:

5. Երկու թիմերում էլ կան ֆուտբոլիստներ, որոնք նախկինում վայելել են Սուպերգավաթի նվաճման բերկրանքը: Մրցակարգի համաձայն սւպերգավաթակրի կոչմանն արժանանում են հաղթող թիմի կազմում միայն Սուպերգավաթի խաղին հայտավորված ֆուտբոլիստները:

Ամենատիտղոսակիրը Տարոն Ոսկանյանն է, որը քառակի սուպերգավաթակիր է: Առաջին 3 տիտղոսները նա նվաճել է «Փյունիկում» (2010, 2011, 2015թթ.), վերջինը՝ 2021թ. «Ալաշկերտում»: 

Արման Հովհաննիսյանը կրկնակի սուպերգավաթակիր է: Փյունիկցիներից Սուպերգավաթի նվաճման բերկրանքը մեկական անգամ վայելել են Էդգար Մալաքյանը, Արթուր Գրիգորյանը, Վարազդատ Հարոյանը, Սերժ Դեբլեն, Սոլոմոն Իմե Ուդոն և Միխայիլ Կովալենկոն: Ընդ որում Դեբլեն և Ուդոն մրցանակը նվաճել են «Շիրակում», Կովալենկոն՝ «Նոայում»:

«Արարատ-Արմենիայի» ներկայիս կազմից մեկական անգամ սուպերգավաթակիր են դարձել Արմեն Համբարձումյանը, Հովհաննես Հարությունյանը, Կամո Հովհաննիսյանը, Կարեն Մուրադյանն ու Հենրի Ավագյանը: Ընդ որում Կամոն մրցանակին արժանացել է «Փյունիկում», Մուրադյանը՝ «Շիրակում», Ավագյանն՝ «Ալաշկերտում»:

6. Վարդան Մինասյանը մարզիչներից ռեկորդակիր է Սուպերգավաթի մրցախաղերում տարած հաղթանակների թվով: Նրա գլխավորությամբ 4 անգամ մրցանակը շահել է «Փյունիկը» (2005, 2008, 2010-11թթ.), մեկ անգամ էլ «Արարատ-Արմենիան» է (2019թ.) պատվո շրջան կատարել Սուպերգավաթով: Մարզչական կարիերայում Մինասյանը միայն 2009թ. է անհաջողության մատնվել Սուպերգավաթի մրցախաղում, երբ «Փյունիկը» 1-2 հաշվով պարտվել է «Արարատին»:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Մինասյանը 4 անգամ «Փյունիկի» կազմում մասնակցել է Սուպերգավաթի մրցախաղերին և դարձել է կրկնակի սուպերգավաթակիր (1997, 2002թթ.):

Եղիշե Մելիքյանի մարզչական կարիերայում Սուպերգավաթի առաջիկա մրցախաղն առաջինն է: Իսկ որպես ֆուտբոլիստ նա միայն մեկ անգամ՝ 1999թ. «Ցեմենտի» կազմում մասնակցել է «Շիրակի» հետ կայացած Սուպերգավաթի խաղին, որում գյումրեցիները հաղթել էին 2-1 հաշվով:

7. Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միակ հանդիպումը կայացել է անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում և ավարտվել է «Փյունիկի» հաղթանակով՝ 3-1: Հաշիվը 11մ հարվածով բացել էր Տենտոն Յենեն, ընդմիջումից հետո գոլերի հեղինակներ էին դարձել Յուսուֆ Օտուբանջոն (11մ), Ագդոն Մենեզեսն ու Սանի Բուհարին:

8. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Էդգար Մալաքյանը «Փյունիկի» կազմում ակումբային բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա