Logo

Հայաստանի 32-րդ առաջնության մեկնարկային տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:10 / 29.07.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հուլիսի 29-ին կայանալիք երկու հանդիպումներով մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ առաջնությունը: VNews-ը ներկայացնում է մեկնարկային տուրի անոնսը։

«Վեստ Արմենիա» - «Շիրակ»

Հուլիսի 29, ժամը՝ 17:00, Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ

Հայաստանի Պրեմիեր լիգայում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիայի» և Հայաստանի առաջնությունների մասնակցության թվով ռեկորդակիր «Շիրակի» մրցավեճով կտրվի 32-րդ առաջնության մեկնարկը: Մեկամյա ընդմիջումից հետո կրկին վերակազմավորված «Վեստ Արմենիան» վերադարձն Առաջին խումբ նշանավորեց չեմպիոնի տիտղոսի նվաճմամբ: 33 հանդիպումներում թիմը վաստակեց 75 միավոր՝ տոնելով 23 հաղթանակ, 6 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 4 պարտություն, խփելով 85 գոլ, բաց թողելով 34 գնդակ:

Թիմի կազմում խաղում էին Բարձրագույն խմբի մասնակցության զգալի փորձ ունեցող մի խումբ ֆուտբոլիստներ, որոնցից առաջին հերթին պետք է նշել 32-ամյա Գագիկ Դաղբաշյանին, Արտեմ Գևորգյանին, Սարգիս Մեթոյանին, Անդրանիկ Քոչարյանին, Դավիթ Ղանդիլյանին, Արամ և Հակոբ Լոռեցյաններին, 14 գոլով «Վեստ Արմենիայի» ռմբարկու ճանաչված Չարլզ Մարկի Իկեչուկվուին:

2. Նոր մրցաշրջանում «Վեստ Արմենիայի» կազմը համալրել են դարպասապահ Գոռ Մանուկյանը, տանզանիացի ֆուտբոլիստներ Էդսոն Էրիկ Մվիջագեն և Ատուման Յուսուֆ Շաբանին:

Թիմից հեռացել են Դավիթ Մարգարյանը, Կարապետ Մանուկյանը, Սուրիկ Զաքարյանը, Աշոտ Քոչարյանը, Աբայոմի Դավիդը, Մհեր Սահակյանն ու Արտյոմ Կիբան:

3. «Շիրակը» 31-րդ անգամ է մասնակցելու Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությանը: Ֆինանսական խնդիրների պատճառով թիմը հրաժարվել էր 2021/22թթ. Բարձրագույն խմբի առաջնության մասնակցությունից՝ նախընտրելով ելույթ ունենալ Առաջին խմբում: Նախորդ մրցաշրջանում շիրակցիներն առաջնության 36 հանդիպումներում վաստակած նույնքան միավորով զբաղեցրել էին 7-րդ տեղը:

4. «Շիրակի» կազմը գրեթե չի փոխվել: Թիմ է վերադարձել 36-ամյա Հրայր Մկոյանը, որը 2020/21թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ շիրակցի իր մի խումբ խաղընկերների հետ տեղափոխվել էր «Արարատ»: Հանդիպմանը մասնակցելու դեպքում Մկոյանը կընդգրկվի Հայաստանի առաջնություններում «Շիրակում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:

Դեռևս նախորդ մրցաշրջանի գարնանային հատվածում «Շիրակ» էր վերադարձել Դմիտրիե Պոբուլիչը, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չէր եկել:

«Շիրակի» համար մեծ կորուստ է նախորդ առաջնությունում 7 գոլով թիմի լավագույն ռմբարկու ճանաչված Մուսա Փոլ Բակայոկոյի հեռանալը:

«Նոա» - «Վան»  

Հուլիսի 29, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

11 խաղ, «Նոան» հաղթել է 5 անգամ, «Վանը»՝ 2, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 17-9

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Նոան» նոր մրցաշրջանը դիմավորում է կազմի զգալի փոփոխությամբ: Թիմը համալրել են մի խումբ լեգեոնականներ ու փորձառու հայ ֆուտբոլիստներ: Լեգեոնականների թվում են կոնգոլեզցի դարպասապահ Քրիստոֆեր Մաֆումբին, Նիդերլանդները ներկայացնող պաշտպան Ջորդի Տուտուարիման ու հարձակողական ոճի կիսապաշտպան Ջաստին Մաթյոն, ուրուգվայցի հարձակվող Նիկո Վարելան, բրազիլացի հարձակվող Ալեֆ Անդրադեն, պորտուգալացի կիսապաշտպան Մարտիմ Մայան, մոզամբիկցի պաշտպան Դավիդ Մալեմբանան, պորտուգալացի պաշտպան Պեդրո Ֆարիմը, բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը: Որոշ ընդմիջումից հետո «Նոա» է վերադարձել իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին:

Հայ ֆուտբոլիստներից «Նոայում» կխաղան Ռումյան Հովսեփյանը, Արթուր Միրանյանը, Վասպուրակ Մինասյանն ու Էդգար Մովսեսյանը:

«Նոայից» հեռացել են Լևոն Վարդանյանը, Պրինց Էբենեզերը, Արսեն Հայրապետյանը, Ռուբեն Եսայանը, Հայկ Մուսախանյանն ու Արթուր Դանիելյանը:

2. Մեծ փոփոխություններ են կատարվել նաև «Վանի» կազմում: Բացի «Նոա» տեղափոխված Ռումյան Հովսեփյանից, Վասպուրակ Մինասյանից ու Էդգար Մովսեսյանից, «Վանից» հեռացել են նաև Ուիլսոն Բարիոսը, Արթուր Քարտաշյանը, Մանուել Մորելյոն, Արմեն Մանուչարյանը, Գևորգ Նաջարյանը, Գեղամ Ղադիմյանը, Սամուր Ագամագոմեդովը, Պավել Գորելովը և Դանիլ Անկուդինովը:

3. Նախորդ առաջնությունում «Վանին» այդպես էլ չհաջողվեց հաղթել «Նոային»: Առաջին երեք հանդիպումներում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ 4-րդ շրջանի խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Նոան»:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Վադիմ Պայռելի, Լևոն Վարդանյան – 2-ական գոլ:

«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 2 գոլ:

ԲԿՄԱ - «Ուրարտու»

Հուլիսի 30, ժամը՝ 18:00,  Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

8 խաղ, որոնցում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-20

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. ԲԿՄԱ-ն 3-րդ մրցաշրջանն է անցկացնելու Հայաստանի Պրեմիեր լիգայում: Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը նախորդ առաջնությունում վատ տպավորություն չթողեց՝ լուրջ մրցակցություն ցույց տալով մրցակիցներին: ԲԿՄԱ-ն զգալիորեն բարելավեց ցուցանիշները, նաև թիմային երկու ռեկորդ սահմանեց: Բանակայինները 4 անընդմեջ հաղթանակ տարան, 5 խաղ շարունակ մնացին անպարտելի:

Թիմում փոփոխությունները չնչին են: Բանակայինների կազմը համալրել են Խարիտոն Այվազյանը, Սամվել Հակոբյանը, Ռուբեն Եսայանն ու Նարեկ Մանուկյանը: ԲԿՄԱ-ն զրկվել է իր առանցքային երկու ֆուտբոլիստներից՝ Միքայել Միրզոյանից և Ստյոպա Մկրտչյանից: Թիմում չէ նաև Վոլոդյա Սամսոնյանը:

2. «Ուրարտուն» անհաջող է սկսել նոր մրցաշրջանը: Հայաստանի գործող չեմպիոնն ու գավաթակիրը երկրորդ անգամ մասնակցելով Չեմպիոնների լիգայի մրցաշարին, կրկին չկարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը՝ երկխաղյա դիմակայությունում հետխաղյա 11մ հարվածաշարում զիջելով Բոսնիայի «Զրինսկիին» (0-1, 3-2, 3-4՝ 11մ):

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում էլ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեց ռումինական «Ֆարուլին», ընդ որում 3-րդ գնդակը բաց թողեց ավելացված ժամանակում:

3. «Ուրարտուի» կազմը համալրել են չեռնոգորցի պաշտպան Պերիշա Պեշուկիչը, բրազիլացի կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրան, ռուս կիսապաշտպան Պավել Մոգիլևեցը, ռուս հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն, «Արարատ-Արմենիայի» նախկին դարպասապահ Դմիտրի Աբակումովը, Միքայել Միրզոյանը և սերբ պաշտպան Ուրոշ Ստոյանովիչը:

«Ուրարտուի» համար մեծ կորուստ է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի հեռանալը, որը տեղափոխվել է Կազանի «Ռուբին»: Թիմում չեն նաև նախորդ առաջնությունում 9 գոլով «Ուրարտուի» լավագույն ռմբարկու ճանաչված Դմիտրո Խլյոբասը, 8 գոլ խփած Մաքսիմ Մայրովիչը, Արսեն Բեգլարյանը, Խարիտոն Այվազյանը, Ռաֆայել Կարիոկան, Դավիթ Խուրցիձեն և Վադիմ Պարամոնովը:

4. «Ուրարտուն» Հայաստանի առաջնություններում ԲԿՄԱ-ի ամենաանհարմար մրցակիցներից մեկն է, որի հետ անցկացրած բոլոր 8 խաղերում էլ բանակայինները պարտվել են: Ընդ որում 3 անգամ ԲԿՄԱ-ն մրցակցին զիջել է խոշոր հաշվով (0-5, 1-4, 1-4):

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Ջոնել Դեսիրե, Մաքսիմ Մայրովիչ - 3-ական գոլ:

«Արարատ» -«Արարատ - Արմենիա»

Հուլիսի 30, ժամը՝ 20:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

19 խաղ, «Արարատը» հաղթել է 2 անգամ, «Արարատ - Արմենիան»՝ 15, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-39

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Հերթական անգամ «Արարատի» կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել: Նոր մրցաշրջանում «Արարատի» մարզաշապիկը կհագնեն Արմեն Նահապետյանը, Արման Հարությունյանը, Վոլոդյա Սամսոնյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Արսեն Գալստյանն ու թունիսցի Ռայեն Մզուղին:

Թիմից հեռացած ֆուտբոլիստների թիվն ավելի մեծ է: «Արարատի» համար հատկապես մեծ կորուստ է թիմի ավագ Հրայր Մկոյանի բացակայությունը, որը վերադարձել է հարազատ «Շիրակ»: Թիմում չեն նաև Հայկ Իշխանյանը, Սերգեյ Ռևյակինը, Գոռ Մանուկյանը, Հովհաննես Նազարյանը, Վարդան Արզոյանը, Դուշան Միհիչը, Թեդի Մեզագը, Արման Հովհաննիսյանը, Արմանդ Դագրուն, Զիլե Տիեդիեն, Ամարա Տրաորեն և Ալեքսանդր Գլիշիչը:

2. Որոշ ընդմիջումից հետո «Արարատ-Արմենիայի» ղեկը կրկին ստանձնել է Վարդան Մինասյանը, որի գլխավորությամբ թիմը երկու տարի անընդմեջ նվաճել էր Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 2019թ. դարձել էր սուպերգավաթակիր: Փորձառու մարզչի վերադարձը հաջող ստացվեց: «Արարատ-Արմենիան» նրա գլխավորությամբ հաջողությամբ հաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ երկխաղյա դիմակայությունում հետխաղյա 11մ հարվածաշարում առավելության հասնելով ալբանական «Էգնատիայի» նկատմամբ (1-1, 4-4, 4-2՝ 11մ):

Առաջնության մեկնարկի շեմին էլ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) խաղաց հունական «Արիսի» հետ:

3. «Արարատի» համեմատ «Արարատ-Արմենիայում» փոփոխությունները շատ չեն: Թիմի կազմը համալրել են բրազիլացի պաշտպաններ Լեոնարդո դա Սիլվան ու Կասիո Շեիդը, պորտուգալացի հարձակվող Ադրիանո Կաստանեյրան, դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Թիմից հեռացել են Դմիտրի Աբակումովը, Հիլարի Գոնգը, Մաիլսոն Լիման, Ուգո Ֆիրմինուն, Թաոֆիք Ջիբրիլը, Սոլոմոն Իմե Ուդոն և Դրագան Լովրիչը:

4. «Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջնություններում «Արարատի» ամենաանհարմար մրցակիցներից մեկն է: Նախորդ 2 առաջնություններում մրցակիցների միջև կայացած բոլոր 8 հանդիպումներն էլ ավարտվել են «Արարատ-Արմենիայի» հաղթանակով: Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2021թ. փետրվարի 25-ին Դմիտրիե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ:

Նշենք նաև, որ անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում էլ «Արարատն» անհաջողության էր մատնվել՝ «Արարատ-Արմենիային» զիջելով 0-4 հաշվով: Այդ խաղում Ուիլֆրեդ Կուասի Էզան հեթ-տրիկ էր ձևակերպել, մեկ գոլ էլ խփել էր Ագդոն Մենեզեսը:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Արտյոմ Սիմոնյան - 2 գոլ:

«Արարատ - Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 7 գոլ:

 «Ալաշկերտ» - «Փյունիկ»

Հուլիսի 31, ժամը՝ 18:00,  Երևան, «Նաիրի» մարզադաշտ

41 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 11 անգամ, «Փյունիկը»՝ 18, գրանցվել է 12 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 49-64

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Երկու թիմերն էլ նոր մրցաշրջանը սկսեցին եվրագավաթային հանդիպումներով՝ հաջողությամբ հաղթահարելով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը:

2. «Ալաշկերտը» սեփական դաշտում 1-1 հաշվով ավարտելով հանդիպումը Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատի» հետ, հյուրընկալվելիս պարզապես ջախջախեց մրցակցին (6-1): Դա եվրագավաթներում հայկական ակումբների տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակն էր:

Իսկ ահա որակավորման 2-րդ փուլում Վահե Գևորգյանի գլխավորած թիմն Աբովյանում նվազագույն հաշվով զիջեց հունգարական «Դեբրեցենին»՝ անչափ դժվարացնելով մրցակցի արգելքը հաղթահարելու իր խնդիրը:

3. «Փյունիկն» էլ շատ վստահ անցկացրեց էստոնական «Նարվա Տրանսի» հետ կայացած հանդիպումները՝ ընդհանուր առմամբ մրցակցի դարպասն ուղարկելով 5 անպատասխան գնդակ (2-0, 3-0): Նախորդ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝ Լուկա Յուրիչիչը եվրագավաթներում խփած գոլերի թիվը հասցրեց 5-ի ու դարձավ «Փյունիկի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Արսեն Ավետիսյանի ռեկորդային ցուցանիշը:

«Փյունիկը» շարունակեց հաղթարշավը՝ որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ տանելով շվեդական «Կալմարի» նկատմամբ: Դա եվրագավաթներում թիմի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ակումբների համար: Իսկ Լուկա Յուրիչիչը 6 գոլով դարձավ եվրագավաթներում հայկական ակումբների լավագույն ռմբարկուն: Բոսնիացի հարձակվողը նաև միակն է, որը եվրագավաթներում 4 խաղ շարունակ գոլ է խփում՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

4. «Ալաշկերտում» կրկին զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմը համալրել են վրացի հարձակվող Լևան Կուտալիան, ռուս դարպասապահ Անատոլի Այվազովը, վենեսուելացի կիսապաշտպան Ռոբինսոն Ֆլորեսը, Գվինեա Բիսարուն ներկայացնող  կիսապաշտպան Միմիտո Ռոշան, նիգերիացի հարձակվող Սոդիք Ֆատայը: Թիմ են վերադարձել Դավիթ Խուրցիձեն և Տիագո Կոելյոն, «Փյունիկից» «Ալաշկերտ» է եկել Յուրի Գարեգինյանը:

«Ալաշկերտից» հեռացել են թիմի բազմամյա ավագ Արտակ Գրիգորյանը, Արթուր Միրանյանը, Տիմուր Ռուդոսելսկին, Ուրոշ Նենադովիչը, Նարեկ Մանուկյանը, Սևակ Ասլանյանը, Ռոման Միսակը և Իվան Պեշիչը:

5. «Փյունիկում» փոփոխությունները մեծ չեն: Բացի Արտակ Գրիգորյանից, թիմը համալրել են նաև բրազիլացի հարձակվող Վագներ Գոնսալվեշը, նիգերիացի հարձակվող Թաոֆիք Ջիբրիլը: Հարազատ թիմ են վերադարձել Լևոն Վարդանյանն ու Արման Հովհաննիսյանը:

6. Նախորդ առաջնությունում «Փյունիկը» միակն էր, որի հետ մրցավեճում «Ալաշկերտը» միավոր չվաստակեց: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 8 խաղերից  6-ում հաղթել է «Փյունիկը», 2-ն ավարտվել է ոչ-ոքի: Վերջին անգամ ալաշկերտցիները «Փյունիկին» հաղթել են 2021թ. մայիսի 6-ին: Հանդիպման ելքը վճռել էր ալաշկերտցի Բրանկո Միհայլովիչի խփած միակ գոլը: Ի դեպ, դա Բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 100-րդ հաղթանակն էր:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան -11 գոլ:

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան, Սերժ Դեբլե - 4-ական գոլ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ