Logo

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչը՝ ԵԱ-ում տպավորիչ արդյունքների մասին 

Հեղինակ
Հրայր Նազարյան
09:40 / 01.08.2023Բռնցքամարտ
Բացառիկ
null

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը տպավորիչ հաջողության հասավ Ռումինիայի Պլոիեշտի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի թիմը նվաճեց 2 ոսկե և 7 արծաթե մեդալ։ Հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Աշիկ Գրիգորյանը մրցավայրից VNews-ին հայտնեց, որ նման արդյունքը պայմանավորված է նախապատրաստական գործընթացի բոլոր մասնակիցների համատեղ արդյունավետ աշխատանքով։

Եվրոպայի առաջնությունից ոսկե մեդալներով են վերադառնում Վաղարշակ Քեյանը (48 կգ) և ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանի որդին՝ Տիգրան Հովսեփյանը (50 կգ), որոնք եզրափակիչ մենամարտերում հաղթել են համապատասխանաբար իտալացի Անտոնի Էլ Մոտիին և լեհ Օսկար Գրոձիցկիին: Ի դեպ, Քեյանը դարձել էր Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն։

Արծաթե մեդալակիր դարձան Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Հայկ Ղահրամանյանը (80 կգ)։

«Այս հաջողությունը պայմանավորված է նախապատրաստական փուլում մեր թիմի բոլոր անդամների կատարած նվիրված և քրտնաջան աշխատանքով։ Հարկ է նշել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի դերը, որը ոչինչ չէր խնայել, ստեղծել էր բոլոր պայմանները, որպեսզի տղաները լավագույնս պատրաստված ներկայանային Եվրոպայի առաջնությանը։ Չորս ամիս անընդհատ եղել ենք դրսում, մարզվել ու մասնակցել ենք ստուգողական միջազգային մրցաշարերի։ Այդ ամենի շնորհիվ հավաքականը բարձր մակարդակով ներկայացավ այս առաջնությանը։ Վաղարշակը և Տիգրանը արժանիորեն նվաճեցին չեմպիոնի կոչումը։ Հիմա պատրաստվելու ենք նոյեմբերին Երևանում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը։ Հուսով ենք՝ հայրենիքում նույնպես կկարողանանք լավ հանդես գալ և ուրախացնել մեր հայրենակիցներին»,- նշեց Աշիկ Գրիգորյանը։  

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն այս գիշեր վերադարձել է հեյրենիք ու արժանացել ջերմ ընդունելության:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ