Բասկետբոլի Հայաստանի հավաքականն Ալբանիայի թիմի դեմ ԱԱ-2027-ի նախընտրական փուլի հանդիպումը կանցկացնի Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ, հայտնում է ՀԲՖ պաշտոնական կայքը:
40-ամյա սերբ մասնագետը նախորդ տարիներին աշխատել է Բելգրադի «Պարտիզանի» մարզչական շտաբում։ Նա ազգային թիմում կաշխատի հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուի ու Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի հետ։
Հայաստանի հավաքական են հրավիրվել հետևյալ խաղացողները.
Ալբերտ Թադևոսյան, Անդրե Սպայթ Մկրտչյան, Քրիս Ջոնս, Զակ Թավիտյան, Արտյոմ Թավաքալյան, Գաբրիել Աճեմյան, Յուրա Մելիքյան, Դավիթ Խաչատրյան, Կարեն Մելիքյան, Դանիել Կիրակոսյան, Հայկազ Գրիգորյան, Միհրան Ներսես:
Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել սիրիահայ բասկետբոլիստ Միհրան Ներսեսը, որը 2016 թվականին հանդես է եկել Հայաստանի Մ20 հավաքականում։
Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Արկադի Մկրտիչյանը, Դանիել Գևորգյանն ու Ալեքսեյ Չիժենոկը։
Հայաստանի հավաքականը մարզական հավաքը կսկսի փետրվարի 13-ին, իսկ փետրվարի 17-ին կմեկնի Ալբանիա։