Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 28-ին երկրորդ հանդիպումն անցկացրեց ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած ընկերական խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Կիպրոսի թիմի հետ, գրանցեց մարտական ոչ-ոքի՝ 2-2:
Ինչպես Թուրքիայի հավաքականի դեմ նախորդ խաղում, այնպես էլ այս անգամ Ալեքսանդր Պետրակովը խաղը սկսել էր 5-4-1 տակտիկական սխեմայով։
Առաջին խաղակեսում դաշտի տերերն ունեին նկատելի խաղային ու տարածքային առավելություն, սակայն ընդմիջման գնացին հաշվի մեջ հետապնդողի դերում։ 43-րդ րոպեին Կիպրոսի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց ԱՊՕԵԼ-ի պաշտպան Անդրեաս Կարոն, որն անկյունայինի խաղարկման արդյունքում աչքի ընկավ գլխի հարվածով: Դա կիպրոսցիների միակ հարվածն էր առաջին խաղակեսում։
Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց նաև երկրորդ խաղակեսը և սկզբնամասում հավասարեցրեց հաշիվը։ Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշող Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը 50-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 9 րոպե անց դարձավ նաև դուբլի հեղինակ՝ 2-1։
82-րդ րոպեին Կիպրոսի «Անորտոսիսի» հարձակվող Դիմիտրիս Չրիստոֆին օգտվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի անվստահ խաղից և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2-2:
Խաղի հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ կիպրոսցիների կազմում կարմիր քարտ ստացավ պաշտպան Կոստակիս Արտիմատասը:
Հրանտ-Լեոն Ռանոսից բացի, Հայաստանի հավաքականում նորամուտը նշեցին նաև պաշտպաններ Էրիկ Փիլոյանն («Ուրարտու») ու Երջանիկ Ղուբասարյանը («Նոա») և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։
Ընկերական հանդիպում
Հայաստան - Կիպրոս՝ 2-2
Հրանտ-Լեոն Ռանոս, 50, 59 - Անդրեաս Կարո, 43, Դիմիտրիս Չրիստոֆի, 82
Հեռացում՝ Կոստակիս Արտիմատաս, 88 (Կիպրոս)
Հայաստան․ Ստանիսլավ Բուչնև, Երջանիկ Ղուբասարյան, Վարազդատ Հարոյան, Էրիկ Փիլոյան (Գեորգի Հարությունյան, 46), Նաիր Տիկնիզյան (Ժիրայր Մարգարյան, 78), Դավիդ Դավիդյան (Կամո Հովհաննիսյան, 46), Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան (Տիգրան Բարսեղյան, 65), Հրանտ-Լեոն Ռանոս (Ժիրայր Շաղոյան, 65), Սարգիս Ադամյան (Արթուր Սերոբյան, 65)։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրում հյուրընկալվելով Ուելսի հավաքականին: