Logo

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Ղազախստանին

21:58 / 07.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ տարավ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Ղազախստանի հավաքականի հետ և հաղթեց 2-1 հաշվով։

Դաշտի տերերը բավական արագ բացեցին խաղի հաշիվը։ Չորրորդ րոպեին Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որն այս խաղում հանդես էր գալիս վինգերի դիրքում, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց, ինչից հետո սեփական դարպասը գրավեց Ղազախստանի հավաքականի 33-ամյա պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը։ Փոխանցումը պատրաստ էր եզրափակել նաև «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը։

Խփած գոլից հետո էլ Հայաստանի հավաքականը նախաձեռնողի դերում էր։ 15-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր արդեն Միրանյանը, սակայն նրա հուժկու հարվածից հետո ղազախներին փրկեց դարպասապահ Իգոր Շացկին։

Առաջին կեսում Ղազախստանի հավաքականը բավական մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, սակայն նույն Մարոչկինի ու Մաքսիմ Սամորոդովի հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Առաջին խաղակեսն ավարտվեց տանտերերի նվազագույն առավելությամբ` 1-0։

Հայաստանի հավաքականը երկրորդ խաղակեսի մեկնարկում կրկին ճշնում էր գործադրում։ 58-րդ րոպեին հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հիանալի փոխանցումով աջ եզրում գտավ հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Վերջինս գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակում գտնվող Վահան Բիչախչյանին, լեհական «Պոգոնի» կիսապաշտպանի դիպուկ հարվածից հետո հաշիվը դարձավ 2-0:

Հյուրերը կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Բաուրժան Իսլամխանը։

Հայաստանի հավաքականն ընդհատեց 9 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը: Ալեքսանդր Պետրակովի թիմը նախորդ հաղթանակը տարել էր շուրջ մեկ տարի՝ 2023 թվականի հունիսի 19-ին Եվրո-2024-ի ընտրական փուլում 2-1 հաշվով հաղթելով Լատվիայի հավաքականին:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայի 2024/25 խաղարկությունում և սեպտեմբերի 7-ին կընդունի Լատվիային։ C լիգայի չորրորդ խմբում ընդգրկված են նաև Հյուսիսային Մակեդոնիայի ու Ֆարերյան կղզիների հավաքականները։

Ընկերական խաղ

Հայաստան - Ղազախստան` 2-1 (տեսանյութ)

Ալեքսանդր Մարոչկին, 4 (ինքնագոլ), Վահան Բիչախչյան, 58 - Բաուրժան Իսլամխան, 90+6 (11մ)

Հայաստան․ Օգնյեն Չանչարևիչ, Կամո Հովհաննիսյան, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան (Ստյոպա Մկրտչյան, 80), Սերգեյ Մուրադյան, Էդգար Գրիգորյան, Արտակ Դաշյան (Սոլոմոն Ուդո, 88), Էդուարդ Սպերցյան (Հովհաննես Հարությունյան, 88), Նաիր Թիկնիզյան (Արթուր Սերոբյան, 69), Վահան Բիչախչյան (Ժիրայր Շաղոյան, 69), Արթուր Միրանյան (Էդգար Սևիկյան, 46)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա