Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին երկու խաղերին:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հերթական մարզումն է անցկացրել:
Մարզման ավարտից հետո հավաքականին է միացել նոր ավագը` Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
Քիչ առաջ հավաքականին էին միացել նաև պաշտպաններ Ստյոպա Մկրտչյանն ու Գեորգի Հարությունյանը, հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը:
Նոյեմբերի 11-ին հավաքականին կմիանա Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը: Նրա միանալուց հետո Հայաստանի հավաքականը կշարունակի մարզումներն ամբողջական կազմով:
Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հունգարիային, նույն օրը Պորտուգալիան հյուր կգնա Իռլանդիային: Երեք օր անց Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Պորտուգալիային, իսկ Հունգարիան կընդունի Իռլանդիային:
Հունգարիայի հավաքականը 4 խաղից հետո 5 միավորով երկրորդն է ընտրական F խմբի մրցաշարային աղյուսակում, Հայաստանի ազգային թիմը 3 միավորով վերջին` չորրորդ տեղում է: Իռլանդիայի հավաքականը 4 միավորով երրորդն է: Առաջատար Պորտուգալիայի հավաքականն ունի 10 միավոր ունի:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


