Հայաստանի հավաքականի պաշտպան Քրիս Ջոնսը մոտ է «Վալենսիայից» հեռանալուն: Բասկետբոլային լրագրող Արել Գինսբերը տեղեկացնում է, որ 31-ամյա խաղացողն առաջարկ է ստացել Եվրալիգան ներկայացնող 4 ակումբից:
Տևական ժամանակ Ջոնսի համար պայքարում ֆավորիտ էին համարվում «Ֆեներբախչեն» և «Բասկոնիան», սակայն այժմ նա առաջարկ ունի նաև «Պարտիզանից» ու «Վիրտուսից»:
Աղբյուրը գրում է, որ Ջոնսը լրջորեն մտածում է Թուրքիա տեղափոխվելու մասին, բայց նրա տրանսֆերի համար պայքարը շարունակվում է:
Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը մինչև 2026 թվականը գործող պայմանագիր ունի «Վալենսիայի» հետ: Նա մի քանի անգամ հայտարարել է իսպանական թիմում մնալու ցանկության մասին, սակայն այժմ հեռանալն ավելի հավանական է համարվում: