Logo

Հայաստանի հավաքականի հայտացուցակի հետքերով. Պետրակովի ծանոթությունը թիմի հետ ավարտվեց

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
18:09 / 25.08.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ ընդգրկված ֆուտբոլիստները պատրաստվելու են Թուրքիայի (սեպտեմբերի 8) ու Խորվաթիայի (սեպտեմբերի 12) հավաքականների հետ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին: Ինչպես միշտ, ցուցակում որոշ ազգանունների առկայությունն ու բացակայությունը քննարկան առարկա է դարձել երկրպագուների մոտ: Հայաստանի հավաքականի հայտացուցակի հետքերով՝ VNews-ն անդրադառնում է ուկրաինացի մասնագետի կայացրած որոշումներին:

Փոփոխություններ նախորդ ցուցակի համեմատ

Հայտացուցակում առաջին հերթին աչքի է ընկնում Խորեն Բայրամյանի ու Ժիրայր Շաղոյանի բացակայությունը: Բայրամյանը նախորդ հավաքից Ռոստով մեկնեց ժամանակից շուտ՝ վնասվածքի պատճառով, ինչը խոսակցություններ առաջացրեց մարզիչի հետ հնարավոր կոնֆլիկտի մասին: Հայտացուցակից բացակայությունը, միգուցե, նոր խոսակցությունների առիթ տա, սակայն պետք է ընդգծել, որ այս պահի դրությամբ ռուսական «Ռոստովի» կիսապաշտպանը զիջում է իր դիրքի մյուս ֆուտբոլիստների հետ մրցակցությունում: Նույնը կարելի է ասել 22-ամյա Շաղոյանի մասին, որը նոր է սկսում մարզավիճակ հավաքել Սոֆիայի ԲԿՄԱ-ի կազմում: 

Նախորդ հայտացուցակից բացակայում են նաև «Փյունիկի» ֆուտբոլիստներ Հովհաննես Հարությունյանը և Դավիթ Դավիդյանը, «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը: Հարությունյանը վնասվածք ունի, Դավիդյանի դիրքում որակազրկումից վերադարձել է ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը լավ մարզավիճակում է։ Ինչ վերաբերում է Միրանյանին, ապա վերջինս լավ է սկսել առաջնությունը, մեկնարկային 4 տուրերում խփել է երեք գոլ, բայց Պետրակովի համար դա բավարար չէր:

Չկա նաև «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը մրցաշրջանի վերջում լավ մարզավիճակ էր հավաքել, ու Պետրակովը ցանկանում էր նրան տեսնել հունիսյան խաղերին, սակայն փորձատու ֆուտբոլիստը ընտանեկան պատճառներով չէր կարողացել միանալ թիմին: 

Փոխարենը վերադարձել է գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որը վնասվածք ուներ հունիսյան խաղերի ժամանակ: Մարտին տեղի ունեցած Կիպրոսի հետ ընկերական խաղում Ադամյանի համագործակցությունը Հրանտ-Լեոն Ռանոսի հետ հաճելի տպավորություն թողեց, առաջիկա խաղերում Պետրակովը, հավանաբար, կփորձի նորից օգտագործել այդ տանդեմը:

Հայաստան-Կիպրոս-1

Նորեկների բացակայությունը

Վերջին շրջանում շատ էին հավանական նորեկների մասին խոսակցությունները՝ Էդգար Սևիկյան, Ստեփան Հովհաննիսյան, Մարկ Գևորգյան, Արթուր Ավագիմյան, նույնիսկ՝ Ալեքսանդր Կովալենկո…

Ալեքսանդր Պետրակովը որոշել է այս հավաքին հրաժարվել նոր ֆուտբոլիստների հրավիրելու գաղափարից: Այդ ցուցակից առանձնանում է Սևիկյանը։ Իսպանական «Լևանտեի» նախկին կիսապաշտպանը վերջին շրջանում հիանալի խաղ է ցուցադրում ռուսական «Նիժնի Նովգորոդի» կազմում, բացի այդ, ցանկություն է հայտնել փոխել սպորտային քաղաքացիությունը, և ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում, սակայն Պետրակովն այս անգամ կարիք չի տեսել հրավիրելու 22-ամյա ֆուտբոլիստին: Ամեն դեպքում, Սևիկյանի դիրքում կան փորձառու Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանը, այդտեղ կարող է խաղալ նաև երիտասարդ Արթուր Սերոբյանն «Արարատ-Արմենիայից»: 

Ստեփան Հովհաննիսյանի պարագայում դժվար է ասել՝ մարզչի ցանկությունն է, թե ռուսական «Օրենբուրգի» կիսապաշտպանը նորից հստակ պատասխան չի տվել: Հայտնի է, որ Պետրակովը ցանկանում էր տեսնել Հովհաննիսյանին հավաքականում հունիսյան խաղերից առաջ, սակայն Ռուսաստանի առաջնությունում Ստեփանն աչքի չի ընկնում արդյունավետ խաղով, հիմնականում դուրս է գալիս փոխարինման երկրորդ կեսում, մրցաշրջանում իր միակ գոլը (ճիշտ է՝ շատ գեղեցիկ) խփել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում: 

Ինչ վերաբերում է Կովալենկոյին, ապա նրա՝ Հայաստանի հավաքականում խաղալու մասին մարած խոսակցությունները նախորդ ամիս ակտիվացրեց Նաիր Տիկնիզյանը՝ նշելով, որ համոզված է՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հայ կիսապաշտպանը մի օր ելույթ է ունենալու Հայաստանի հավաքականում: Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժետ է, որ ֆուտբոլիստն ինքը ցանկություն հայտնի, ինչը դեռ տեղի չի ունեցել: 

Գլխավոր եզրակացությունը

Եթե դարպասապահների ու պաշտպանների առումով ամեն ինչ հասնակալի է՝ ընտրությունը քիչ է, և մարզիչը հրավիրում է նույն ֆուտբոլիստներին, ապա առջևի գծում մրցակցությունը մեծ է, իսկ հայտացուցակը ռետինե չէ: Այն, որ Բայրամյանի ու Շաղոյանի պես ֆուտբոլիստները հայտացուցակից դուրս են մնում մրցակցության պատճառով, ցույց է տալիս, որ հավաքականի հարձակողական ներուժը նկատելիորեն մեծացել է, ընդ որում, ֆուտբոլիստների միջև ձևավորվել է բավականին լավ համագործակցություն, որը Պետրակովը չի ցանկանում խախտել՝ նորեկների հրավիրելով: Եթե հոկտեմբերյան հավաքի ժամանակ, պաշտոնական մեկ խաղից բացի, նաև մեկ ընկերական հանդիպում կազմակերպվի, ապա, հնարավոր է, նորկեների տեսնենք: 

Իսկ առաջիկա երկու կարևոր խաղերի համար ուկրաինացի մասնագետն ապավինում է իրեն ծանոթ ֆուտբոլիստներին, ինչը հասկանալի է: Ի վերջո, արդյունքի համար պատասխանատու է հենց մարզիչը, և կազմն էլ ընտրվում է՝ դրանից ելնելով: Ալեքսանդր Պետրակովը ցույց է տալիս, որ հավաքականի հետ ծանոթացման գործընթացը վերջացել է, թիմի հիմնական կորիզը ձևավորվել, իսկ նորկեներն ընտրվելու են խորը ուսումնասիրություններից հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ