Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Ֆասթ Սպորտի եթերում անդրադարձել են Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Թուրքիայի հավաքականի հետ ոչ-ոքիին։
Օգնյեն Չանչարևիչ․ «Այսօր բոլորս պայքարեցինք այս արդյունքի համար։ Մեր երիտասարդ թիմն ամեն ինչ արեց հաղթանակի համար։ Ցավալի է, որ վերջնամասում բաց թողեցինք հաղթանակը և չկարողացանք շատ կարևոր 3 միավորով վերադառնալ Երևան։ Ինչ վերաբերում է տրիբունաների վարքին, ով ինձ ճանաչում է, գիտի, որ ես սիրում եմ այդպիսի մթնոլորտ, և դա ավելի է մոտիվացնում ինձ ու դարձնում ավելի ուժեղ։ Երբ ես ունում այսպիսի թիմ, 100 տոկոսով պատրաստ եմ խաղալ յուրաքանչյուրի դեմ։ Խաղից առաջ խոսում էինք, որ մեկ միավորը վատ արդյունք չի լինի, սակայն այստեղ էին եկել հաղթանակի հետևից»։
Նաիր Տիկնիզյան․ «Կարծում եմ՝ բաց թողեցինք հաղթանակը, վերջնամասում թերացանք։ Մեծ ձգտում ցուցաբերեցինք մեր երկրպագուների համար, երևի, այսօր նրանք կարող են հպարտանալ մեզանով։ Շատ ցավալի է հաղթանակը բաց թողնել հանդիպման վերջին րոպեներին։ Մենք նույնպիսի լավ խաղ ցուցադրեցինք թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսում։ Պետք է խոստովանել, որ Թուրքիայի հավաքականն ավելի շատ էր գրոհում, խաղաժամանակի մեծ մասը մենք ստիպված էինք պաշտպանվել։ Մինչև բաց թողած գոլը հաջող էինք պաշտպանվում, ցավոք, մինչև վերջ չդիմացանք։ Ընդմիջմանը ոչինչ չէինք փոխել, պարզապես շունչ քաշեցինք, հանգստացանք ու դուրս եկանք երկրորդ խաղակեսին»։
Արթուր Սերոբյան․ «Իմ կարծիքով, շատ լավ հանդիպում անցկացրինք թե՛ որակական առումով, թե՛ ընդհանուր։ Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի, բայց սա ֆուտբոլ է, ամեն ինչ պատահում է։ Այս խաղն արդեն պատմություն է, և պետք է պատրաստվենք հաջորդ հանդիպմանը։ Այսպիսի մթնոլորտում խաղալը դժվար էր, բայց մենք սովոր ենք դրան։ Կարողացանք հաղթահարել ճնշումը, ցավալի է, որ չհաղթեցինք։ Խորվաթիայի դեմ խաղալու ենք տանը՝ մեր երկրպագուների աջակցության ներքո։ Պետք է ամեն ինչ անենք ցանկալի արդյունքի հասնելու համար»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կայացած խաղի մինչև 88-րդ րոպեն Հայաստանի հավաքականը հաշվի մեջ առջևում էր Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի գոլի շնորհիվ, սակայն բաց թողեց հաղթանակը՝ 1-1։
D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր՝ 4 խաղերում։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում՝ ընդունելով 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային։