Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 9-ին բաց մարզում է անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզումից հետո Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ալաշկերտի» դարպասապահ, ազգային թիմի նորեկ Օգնյեն Չանչարևիչը, ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը և Երևանի ԲԿՄԱ-ի խաղացող Ստյոպա Մկրտչյանը պատասխանել են լրագրողների հարցերին, հաղորդում է VNews-ի թղթակիցը։
Կամո Հովհաննիսյան․ «Դեռ վերականգնողական փուլում եմ, քանի որ երկու օր առաջ եմ մասնակցել խաղի և նոր եմ միացել հավաքականին, այդ պատճառով էլ այսօր անհատական մարզում անցկացրի, իսկ վաղվանից արդեն կմարզվեմ ընդհանուր խմբի կազմում:
Շատ լավ մթնոլորտ է, հավաքականի բոլոր տղաները միմյանց կարոտած վերադարձել էին, բարձր տրամադրությամբ մարզվում ենք և լավ տրամադրությամբ էլ կմոտենանք այս երկու խաղերին: Սպասում եմ, որ առաջիկա խաղերում լավ ելույթ կունենանք, կներդնենք մեր ամբողջ ջանքերը, որ հաղթանակի հասնենք:
Դեռ չենք հասցրել ուսումնասիրել մրցակիցներին, ճիշտ է նրանց նախորդ հանդիպումները յուրաքանչյուրս դիտել ենք, սակայն դեռ շատ ժամանակ ունենք, և մարզիչները կհասցնեն մեզ ներկայացնել վերլուծությունը: Հավաքականում տեղի համար պատրաստ եմ մրցակցությանը, սակայն հարցն այն է, որ ով էլ ելույթ ունենա հավաքականում, պետք է ամեն ինչ անի, որ թիմը հաղթանակի հասնի:
Ինձ ավելի հարմար է աջ եզրում խաղալը, քանի որ մեծամասամբ այդտեղ եմ ելույթ ունեցել և ակումբում էլ վերջին երկու տարում խաղում եմ միայն այդ դիրքում:
Քանի որ մարզիչը նոր է, նա մի քանի օր շուտ է մեզ հրավիրել, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենա իր մտքերը մեզ հասցնելու համար և տեսնում եք, որ ամեն ինչի վրա էլ աշխատում ենք՝ թե տակտիկական առումով, թե ֆիզիկական և այլն»:
Օգնյեն Չանչարևիչ. «Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար, ինչպես նաև ուրախ եմ, որ իմ փորձով և գիտելիքներով օգնելու եմ Հայաստանի հավաքականին: Շատ լավ թիմ է, շատ երիտասարդներ և նորեկներ կան, որոնց հետ դեռ պետք է ծանոթանալ:
Հիանալի ընդունելության արժանացա, շատ հաճելի մարդիկ են և միանգամից օգնեցին ամեն հարցում: Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել նման ընդունելության համար: Ես իմ փորձով առաջնահերթ պետք է օգնեմ թիմին, լինեմ առաջատար ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում: Կփորձեմ նորեկներին օգնել հարմարվելու հարցում, որպեսզի Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ դառնա, քան կա:
Ինչպես գիտենք, Ուելսը շատ դժվար թիմ է, երբ տանն է խաղում, բայց մենք այնտեղ մեկնելու ենք պայքարելու և երեք միավոր վաստակելու համար, իսկ Լատիվայի դեմ տնային խաղում միայն հաղթանակի սպասելիքներ ունենք:
Շատ լավ ծանոթ եմ և՛ Արսեն Բեգլարյանի, և՛ Ստանիսլավ Բուչնևի հետ: Արսենի հետ «Ալաշկերտում» եմ ծանոթացել Հայաստան ժամանելիս, իսկ Բուչնևի հետ՝ ավելի վաղ: Երկուսին էլ շատ հարգում եմ: Իհարկե, պայքարելու եմ դարպասապահի դիրքում առաջին ընտրությունը լինելու համար և մրցակցությունը մեզ միայն ավելի ուժեղ կդարձնի, հետևաբար մեզանից ամենաուժեղը կպաշտպանի դարպասը»։
Ստյոպա Մկրտչյան․ «Վնասվածքից հետո հասցրել եմ բավականաչափ խաղաժամանակ ստանալ։ Մարզավիճակս կգնահատեմ լավ, պատրաստ եմ խաղերին և կփորձեմ լավագույնս դրսևորել ինձ։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ փորձում է ակումբում լավ խաղալ, որ ունենա իր տեղը հավաքականում։ Չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնի մարզիչը, բայց վստահ եմ, որ հավաքականին միացած բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղերին։ «Արարատ-Արմենիայում» ևս ստանում էի խաղաժամանակ, սակայն կարծում եմ, որ ԲԿՄԱ տեղափոխությունը քայլ առաջ էր ինձ համար, քանի որ այստեղ մշտապես խաղում եմ։
Նոր մարզիչի հետ միայն մեկ հավաքի եմ մասնակցել, և չեմ կարող համեմատել Խոակին Կապառոսի հետ։ Չէի ասի, որ ոճային տարբերությունը մեծ է, երկու մարզիչներն էլ սիրում են ֆուտբոլ խաղալ։ Ընդհանուր առմամբ, մեծ տարբերություն չկա։ Հավաքականում երբեք չեմ ձանձրացել, միշտ հաճելի է հրավիրվելը, միշտ մեծ հաճույքով եմ մարզվել, ինչպես հիմա։ Դեռ չենք ուսումնասիրել առաջիկա մրցակիցներին, բայց գիտենք, որ շատ լավ հավաքականներ են։ Սակայն մենք վստահ ենք, որ կարող ենք լավ խաղալ ու հաղթել»։
Մարզումից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նաև ինքնագրեր են բաժանել երկրպագուներին։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը դեռ չի մարզվում ամբողջական կազմով։ Հունիսի 11-ին ազգային թիմին կմիանա շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Կալիսիրը, հաջորդ օրը Երևան կժամանեն ռուսական «Կրասնոդարի» խաղացողներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը։
Ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» առաջատարներից Լուկաս Սելարայանը և արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հավաքականին կմիանան հունիսի 14-ին Ուելսում: Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի ժամանման օրը պարզ կդառնա ավելի ուշ։
Հայաստանի հավաքականը երևանյան հավաքը կավարտի հունիսի 14-ին և կմեկնի Կարդիֆ, որտեղ երկու օր անց ուժերը կչափի Ուելսի հավաքականի հետ: Հունիսի 19-ին հայ ֆուտբոլիստները Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցեն լատվիացիների հետ:
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Թուրքիայի հավաքականին ու պարտվել 1-2 հաշվով: Այս խմբում ընդգրկված է նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը:
Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն