Logo

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ առաջիկա խաղերի մասին

20:07 / 04.09.2023Ֆուտբոլ
Հայաստանի հավաքական-5

Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջիկա խաղերին պատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ին անցկացրել է բաց մարզում, որի ավարտից հետո չորս ֆուտբոլիստներ պատասխանել են լրագրողների հարցերին, հաղորդում է VNews-ի թղթակիցը։

Էդուարդ Սպերցյան․ «Շատ կարևոր հանդիպում է, պատրաստվում ենք, տեսնենք, թե ինչ կստացվի: Մեզ հաղթանակ է հարկավոր, մարտական ենք տրամադրված: Մրցաշարային առումով անչափ կարևոր հանդիպում է, պայքարելու ենք 3 միավորի համար»,- նշել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպանը։

Լուկաս Սելարայան․ «Երջանիկ եմ նոր թիմում, նոր մարտահրավեր է, նոր քաղաք, նոր ակումբ, նոր լիգա: Սաուդյան լիգայում բավականին բարձրակարգ ֆուտբոլիստներ կան, ինչը շատ լավ է, որովհետև նրանց հետ խաղալով ես աճ կգրանցեմ: «Կոլամբուսը» չխոչընդոտեց իմ տեղափուխությանը: Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկը դուր եկավ ինձ, այդ պատճառով էլ որոշեցի ընդունել այն:

Հիմա շատ լավ է, քանի որ հավաքականին միանալու համար այլևս ստիպված չեմ լինի ժամային գոտու հետ կապված արգելքը հաղթահարել: Տանը մենք պարտվեցինք Թուրքիային, բայց այժմ գիտենք նրանց հնարավորությունը, եթե այս անգամ նույն նվիրվածությամբ գործենք, ապա կարող ենք միավորների հույս ունենալ»,- ասել է «Ալ Ֆաթեհ» ակումբի նորեկը, որը վերջերս առաջին գոլն էր խփել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Ուգոչուկվու Իվու․ «Հաճելի է ստանալ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, շնորհակալ եմ ամբողջ թիմին: Ամեն ինչ կանենք, որպեսզի առաջիկա խաղում 3 միավոր վաստակենք»,- հայտնել է Կազանի «Ռուբինի» նորեկը։

Արթուր Սերոբյան․ «Պորտուգալիա տեղափոխությունը շատ արագ ստացվեց։ Տրանսֆերային պատուհանն արդեն փակվում էր, ամեն ինչ կայացավ վերջին երկու օրում։ Սա կարևորագույն առաջ քայլ է իմ կարիերայում։ Կարծում եմ՝ բոլորն էլ տեղյակ են, որ շատ ուժեղ և հզոր առաջնություն է։ Եղել են առաջարկներ նաև այլ ակումբներից, բայց կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն էր։ Նոր թիմին կմիանամ հավաքականի խաղերից հետո։

Հավաքականում շատ լավ մթնոլորտ է, բոլորս բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք Թուրքիայի դեմ առաջիկա խաղին։ Գիտենք, թե ինչ կարևոր հանդիպում է, պատրաստվում ենք հաղթանակի»,- ասել է պորտուգալական «Կասա Պիայի» հետ պայմանագիր կնքած 20-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ալեքսանդր Պետրակովի թիմն Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) վաստակել են 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա