Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսությամբ ելույթ է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում:
«Ինձ հրավիրել էր Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Հենց նա էր թարգմանում իմ խոսքը։ Նպատակն այն էր, որ տեղի ունենա հանդիպում Ռուսաստանի ազգային հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարող ակումբների ֆիզպատրաստության մարզիչների և բժշկական ծառայությունների ներկայացուցիչների հետ։
Իմ, ինչպես նաև Ոուսաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզչի դասախոսությունների թեման ազգային հավաքականների և ակումբների միջև կապի ուժեղացումն էր։
Այսինքն՝ հնարավորինս շատ տեղեկություն հավաքել ֆուտբոլիստի մասին նրա՝ ազգային թիմին միանալուց առաջ։ Օրինակ՝ ինչ աշխատանք է կատարել, ինչ աստիճանի ծանրաբեռնված է եղել և այլն։ Կարծում եմ՝ կարևոր է նաև հետադարձ կապը կողմերի միջև։ Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար շատ արդյունավետ դասախոսություններ ստացվեցին: Ավելացնեմ, որ որպես ունկնդիր՝ ներկա էր նաև Ռոման Բերեզովսկին»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեջբերում է Մինյանոյի խոսքը:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները