Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Վրաստանի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղերին:
Մարտի 17-ին հավաքականին են միացել Արսեն Բեգլարյանը, Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը:
ՀՖՖ TV-ն զրուցել է Տիրասպոլի «Շերիֆում» հանդես եկող եզրային հարձակվող Արթուր Սերոբյանի հետ:
««Շերիֆում» ադապտացիոն փուլը շատ լավ եմ անցել: Մարզչական շտաբն ու ֆուտբոլիստներն ինձ շատ լավ են ընդունել: Մոլդովայի և Հայաստանի առաջնությունները նման են. այնտեղ էլ է 2-3 ակումբ պայքարում չեմպիոնության համար:
Ամեն անգամ հավաքականին շատ բարձր տրամադրությամբ եմ միանում: Լրջորեն պատրաստվում ենք առաջիկա խաղերին: Վրաստանը շատ բարդ մրցակից է: Նախ` տանը պետք է լավ հանդես գանք»,- ասել է Սերոբյանը:
Հայաստան - Վրաստան դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, պատասխանը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»: Երկու խաղերն էլ կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Ֆոտո, տեսանյութ` ՀՖՖ