Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ավանի ակադեմիայում սկսել է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին:
Ազգային թիմի առաջին մարզմանը մասնակցել են 22 ֆուտբոլիստներ: Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբար է ժամանել մարզման ավարտից հետո: Չինական «Ցինդաո Վեսթ Քոսթի» պաշտպան, ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը մայիսի 28-ին կմիանա թիմին:
Ռուսական «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանն էլ հավաքականի ճամբար կժամանի հունիսի 3-ին:
Հայաստանի հավաքականի նորեկներ, իսպանական «Վալենսիայի» պաշտպան Անդրանիկ Հակոբյանը և «Նոայի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը հարցազրույց են տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը:
«Շատ ուրախ եմ հրավիրվելու համար: Ընտանիքս էլ էր շատ ուրախացել, լավ էմոցիաներ ենք ունեցել: Թիմում ինձ շատ լավ են ընդունել, սա իմ առաջին մարզումն էր ազգային թիմի կազմում: Հավաքականում կան տղաներ, որոնք նաև իսպաներեն են խոսում, նրանք շատ օգնեցին ինձ»,- նշել է 18-ամյա Հակոբյանը:
«Շատ ուրախ եմ, որ հրավիրվել եմ հավաքական: Ինձ համար միշտ երազանք է եղել ազգային հավաքականում խաղալը: Պետք է ամեն ինչ անեմ, որ հաստատվեմ հավաքականում: Թեթև մարզում անցկացրինք, դեռ կավելացնենք, որպեսզի լավ պատրաստվենք ընկերական խաղերին: Կդիտենք առաջիկա մրցակիցների վերջին խաղերի տեսագրությունները, որպեսզի վերլուծություն կատարենք»,- նշել է Մանվելյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը հունիսի 4-ին կհյուրընկալվի Սլովենիայի թիմին, իսկ այդ հանդիպումից երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ղազախստանին:


