Logo

Հայաստանի գավաթ. քառորդ եզրափակիչի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:16 / 05.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Մարտի 5-ին մեկնարկում է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը:

FastNews-ը ներկայացնում է գավաթի հանդիպումների անոնսը։

«Փյունիկ» - «Լեռնային Արցախ»

Մարտի 5, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

3 խաղ, որոնցում հաղթել է «Փյունիկը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-1

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Հայաստանի ութակի գավաթակիր «Փյունիկն» այս հանդիպումով սկսում է պայքարը պատվավոր մրցանակի համար: Գավաթի նախորդ խաղարկությունում փյունիկցիները հասել էին մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել էին «Արարատ-Արմենիային»: «Փյունիկը» վերջին անգամ գավաթակիր է դարձել 2014/15թթ. խաղարկությունում՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով հաղթելով «Միկային»: Իսկ գավաթի եզրափակչում վերջին անգամ փյունիկցիները խաղացել են 2017թ.՝ 0-3 հաշվով պարտվելով «Շիրակին»:

2. «Լեռնային Արցախը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է նախնական փուլից, որտեղ 7 անպատասխան գնդակ է ուղարկել «Բենտոնիտի» դարպասը: Դա գավաթի մրցաշարերում թիմի տարած ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Այդ խաղում Տիգրան Հակոբյանը, Օլուեբուբե Օնուոհան և Ախմեդ Ջինդոյանը դուբլի հեղինակ էին դարձել, մեկ գոլ էլ խփել էր Արթուր Օրդինյանը:

1/8 եզրափակչում «Լեռնային Արցախը» 2-0 հաշվով պարտության է մատնել «Միկային»: Գոլերի հեղինակներ են դարձել Օլուեբուբե Օնուոհան և Ախմեդ Ջինդոյանը, որոնք 3-ական գնդակով կրկնեցին թիմի նախկին հարձակվող Արարատ Ղազարյանի 2001թ. մրցաշարում գրանցած արդյունավետության ռեկորդը: Նրանք ընդամենը մեկ գոլով են զիջում գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող «Սյունիքի» հարձակվող Արտեմ Հարությունյանին:

Այդ խաղում «Միկայի» դարպասապահ Սարգիս Դերձակյանը բացառիկ ռեկորդ սահմանեց՝ հանդիպման հիմնական ժամանակում հետ մղելով 3 11մ հարված, հաղթող դուրս գալով Ախմեդ Ջինդոյանի, Արթուր Օրդինյանի և Տիգրան Հակոբյանի հետ պայքարում:

3. Գավաթի մրցաշարերում մրցակիցները 3-րդ անգամ են զույգեր կազմում: Գավաթային առաջին մրցավեճը կայացել է 30 տարի առաջ՝ 1995թ. մարտի 10-ին: «Փյունիկը», որ այն ժամանակ կրում էր ՀՄԸՄ անվանումը, գավաթի 1/8 եզրափակչում 4-0 հաշվով հաղթեց Ստեփանակերտի «Երազանքին»: Գեղամ Հովհաննիսյանը դուբլ ձևակերպեց, մեկական գոլ էլ խփեցին Արսեն և Վարազդատ Ավետիսյանները:

3 տարի անց՝ 1998թ. ապրիլին մրցակիցները հանդիպեցին գավաթի քառորդ եզրափակչում: Առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս «Ղարաբաղին» հաղթեց Վահե Յաղմուրյանի խփած միակ գոլի շնորհիվ: Պատասխան խաղում փյունիկցիները մրցակցին պարտության մատնեցին խոշոր՝ 5-1 հաշվով: Փյունիկցիներից աչքի ընկան Սեյրան Պողոսյանը, Վարդան Մինասյանը, Նշան Էրզրումյանն ու Արսեն և Վարազդատ Ավետիսյանները: «Ղարաբաղի» միակ գոլի հեղինակը Մհեր Ավանեսյանն էր:

Մրցակիցների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023թ. մայիսի 21-ին Fastex Պրեմիեր լիգայի առաջնությունում և ավարտվել է փյունիկցիների 2-0 հաշվով հաղթանակով:

4. Նախորդ տուրում «Փյունիկը» Fastex Պրեմիեր լիգայի գարնանային հատվածում առաջին պարտությունը կրեց՝ սեփական դաշտում 1-2 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»: Առաջնության վերջին 5 հանդիպումներում «Փյունիկն» ընդամենը 6 միավոր է վաստակել՝ կրելով 3 պարտություն:

5. «Լեռնային Արցախն» Առաջին խմբի առաջնությունում, որի գարնանային հատվածը մեկնարկելու է մարտի 10-ին, 13 խաղում վաստակած 22 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Fastex Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարում «Լեռնային Արցախը» 12 միավորով զիջում է «Սյունիքին»: Վերջին խաղն առաջնությունում թիմն անցկացրել է անցյալ տարվանոյեմբերի 22-ին՝ Էջմիածնում 2-4 հաշվով պարտվելով «Նոա-2-ին»:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Գեղամ Հովհաննիսյան, Արսեն Ավետիսյան, Վարազդատ Ավետիսյան - 2-ական գոլ:

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»

Մարտի 5, ժամը՝ 16:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

2 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 1 անգամ, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-1

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Ուրարտուն» պատվավոր մրցանակի համար պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ Աբովյանում 4-0 հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին: Այդ խաղում Էդգար Մովսեսյանը դուբլի հեղինակ էր դարձել, մեկական գոլ էլ խփել էին Անտոն Կիլինն ու Լեոն Սաբուան:

Գավաթի նախորդ 11 խաղարկություններից միայն մեկում՝ 2020-21թթ. մրցաշարում  «Ուրարտուին» չի հաջողվել կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել՝ քառորդ եզրափակչում երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջելով  «Նոային» (0-2, 2-2): Ընդհանուր առմամբ, «Ուրարտուին» 22 անգամ է հաջողվել հաղթահարել քառորդ եզրափակիչ փուլի արգելքը:

2. Գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» իր տիտղոսի պաշտպանությունը սկսում է քառորդ եզրափակչից: «Արարատ-Արմենիան» 8-րդ անգամ է մասնակցում Հայաստանի գավաթի խաղարկությանը: Նախորդ մրցաշարում էլ թիմը Վարդան Մինասյանի գլխավորությամբ հասավ ամենամեծ հաջողությանը՝ առաջին անգամ նվաճելով Հայաստանի գավաթը:

2024թ. մայիսի 12-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած վճռորոշ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11մ հարվածաշարում 5-3 հաշվով հաղթել էր «Ուրարտուին»: 31-րդ րոպեին Միքայել Միրզոյանը հաշվի մեջ առաջ էր մղել «Ուրարտուին»: 7 րոպե անց «Արարատ-Արմենիան» Արման Ղազարյանի ինքնագոլի շնորհիվ վերականգնել էր հավասարակշռությունը:

3. Իսկ գավաթային առաջին հանդիպումը մրցակիցների միջև կայացել է 2022թ. նոյեմբերի 26-ին: Քառորդ եզրափակիչ այդ խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս Մաքսիմ Մայրովիչի, Դավիթ Խուրցիձեի, Դմիտրո Խլյոբասի և Նարեկ Գրիգորյանի խփած գոլերի շնորհիվ հաղթեց 4-0 հաշվով:

4. «Ուրարտուն» Հայաստանի առաջին գավաթակիրն է: 1992թ. «Բանանցը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով հաղթեց ՀՄԸՄ-ին: Այդ հաջողությունից հետո թիմը ևս 3 անգամ նվաճել է պատվավոր մրցանակը: 2007թ. «Բանանցը» չեխ մարզիչ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ եզրափակչում  լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով հաղթել է «Արարատին»:

2016թ. «Ուրարտուն» 3-րդ անգամ դարձավ գավաթակիր՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»: Առայժմ վերջին հաջողությանը թիմը հասել է Դմիտրի Գունկոյի օրոք՝ 2023թ. եզրափակչում 2-1 հաշվով հաղթելով «Շիրակին»:

5. Մրցակիցների վերջին հանդիպումը կայացել է առաջնության 20-րդ տուրում: Փետրվարի 25-ին Չարենցավանում կայացած խաղում «Ուրարտուն» հաղթել էր 2-1 հաշվով: Առաջին շրջանի խաղն էլ ավարտվել էր Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի հաղթանակով՝ 3-1: Իսկ ընդհանուր առմամբ Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցների միջև անցկացված 23 խաղերում «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» 8-ական հաղթանակ են տոնել, 7 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի:

6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Կամո Հովհաննիսյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 350-րդ խաղը կանցկացնի:

«Վան» - «Վեստ Արմենիա»

Մարտի 6, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Վանը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-1

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Վանը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է նախնական փուլից՝ 3 անպատասխան գնդակ խփելով «Անդրանիկի» դարպասը: Գոլերի հեղինակներ են դարձել Էմանուել Ջոնը, Օլավալե Ֆառայոլան և Մամադու Դիալոն:

1/8 եզրափակչում էլ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը նույնպիսի հաշվով պարտության է մատնել «Շիրակին»: Մոմո Տուրեն դարձել է դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփել է Իզուչուկվու Օկոնկվոն:

Մոմո Տուրեն 3 գնդակով Հայաստանի գավաթի մրցաշարերում «Վանի» պատմության լավագույն ռմբարկուն է: Նա իր գոլերի հաշիվը բացել էր գավաթի նախորդ խաղարկությունում՝ անցյալ տարվա մարտի 12-ին Երևանում «Փյունիկի» հետ կայացած քառորդ եզրափակիչ խաղում:

2. «Վեստ Արմենիան» պատվավոր մրցանակի համար պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթելով «Սյունիքին»: Թիմի հաղթանակն ապահովել էին Տիմուր Ռուդոսելսկու և Արթուր Դանիելյանի խփած գոլերը:

3. Մրցակիցների միջև գավաթային միակ հանդիպումը կայացել է 2023թ. նոյեմբերի 23-ին Չարենցավանում, որտեղ «Վանը» հաղթել է 2-1 հաշվով: Հաշիվն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11մ հարվածով բացել էր Քրիստոֆեր Բոնիֆեյսը: 2-րդ խաղակեսի սկզբում Վրեժ Չիլոյանը կրկնապատկել էր հաշիվը, որին «Վեստ Արմենիան» պատասխանել էր Արման Խաչատրյանի գոլով:

4. Գավաթի մրցաշարերում «Վանն» ամենամեծ հաջողությանը հասել է 2021/22թթ. խաղարկությունում՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ, որտեղ 0-3 հաշվով պարտվել է «Ուրարտուին»:

«Վեստ Արմենիայի» համար առայժմ ամենամեծ հաջողությունը քառորդ եզրափակչում հանդես գալն է: Թիմը 2-րդ անգամ է այդ փուլի ուղեգիր նվաճում: Գավաթի 2020/21թթ. մրցաշարում է առաջին անգամ «Վեստ Արմենիան» խաղացել քառորդ եզրափակչում, որտեղ երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով զիջել է «Արարատին»՝ 2-0, 1-5: Այդ ժամանակ «Վեստ Արմենիան» հանդես էր գալիս Առաջին խմբում:

«Գանձասար» - «Նոա»

Մարտի 6, ժամը՝ 18:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

Հայաստանի գավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Հայաստանի գավաթի մրցաշարերին «Գանձասարը» 3-րդ անգամ է մասնակցում: Ընթացիկ խաղարկությունը գանձասարցիները սկսել են նախնական փուլից՝ Արմավիրում 2 անպատասխան գնդակ խփելով Արարատի «Արաքսի» դարպասը: Հաշիվը բացել էր մրցակցի ֆուտբոլիստ Պաուլո Ռուիսը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը, այնուհետև Աշոտ Քոչարյանը 2-րդ գոլն էր խփել:

1/8 եզրափակչում «Գանձասարը» պայքարից դուրս թողեց «Արարատին»՝ 5-4 հաշվով հաղթելով հետխաղյա 11մ հարվածաշարում: 36-րդ րոպեին Աշոտ Քոչարյանը 11մ հարվածով բացել էր հաշիվը, 81-րդ րոպեին Կասիմ Հաջին վերականգնել էր հավասարակշռությունը:

Գավաթի մրցաշարերում «Գանձասարն» ամենամեծ հաջողությանը հասել է 2022/23թթ. խաղարկությունում՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ, որտեղ 0-4 հաշվով պարտվել է ապագա գավաթակիր «Ուրարտուին»: «Գանձասարը» գավաթի մրցաշարերի պատմության մեջ դարձավ Առաջին խմբի միակ թիմը, որը հանդես եկավ կիսաեզրափակչում:  

2. «Նոան» փետրվարի 19-ին «Ալաշկերտի» հետ մրցավեճով մեկնարկեց գավաթի ընթացիկ խաղարկությունում: Գոնսալո Գրեգորիոյի և Գոռ Մանվելյանի խփած գոլերի շնորհիվ Ռուի Մոտայի գլխավորած թիմը քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:

Գավաթի ընթացիկ խաղարկությունը 8-րդն է «Նոայի» համար: Ամենամեծ հաջողությանը թիմը հասել է 2020թ.՝ նվաճելով պատվավոր մրցանակը: Գերարդյունավետ եզրափակչում (5-5) «Նոան» Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ հետխաղյա 11մ հարվածաշարում 7-6 հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիային»:

3. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Հովհաննես Համբարձումյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղը կանցկացնի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա