Logo

Հայաստանի գավաթ. կիսաեզրափակիչի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:01 / 15.04.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ապրիլի 15-ին կկայանա Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը:

FastNews-ը ներկայացնում է գավաթի կիսաեզրափակիչի հանդիպումների անոնսը։

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»

Ապրիլի 15, ժամը՝ 18:30, «Հանրապետական» մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-1

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Գավաթի կիսաեզրափակիչն ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների միջև կայանալիք արդեն 5-րդ հանդիպումն է: Դրանցից վերջինը տեղի է ունեցել ապրիլի 9-ին: Սուպերգավաթի մրցախաղում «Արարատ-Արմենիան» 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Փյունիկի» դարպասը, դարձել էր կրկնակի սուպերգավաթակիր: Այդ հանդիպմանը նախորդած առաջնության երկու խաղերում էլ հաջողությունը կրկին ուղեկցել էր գործող գավաթակրին՝ 2-1, 3-2: Իսկ ահա մրցակիցների առաջին խաղում 3-1 հաշվով հաղթել էր «Փյունիկը»:

2. Երկու թիմերն էլ գավաթի համար պայքարը սկսել են քառորդ եզրափակչից: «Փյունիկի» մրցակիցն Առաջին խմբում հանդես եկող «Լեռնային Արցախն» էր, որին փյունիկցիները երկու խաղերում էլ հաղթեցին խոշոր հաշվով՝ 7-2, 5-2: Ընդ որում այդ խաղերում «Փյունիկը» խաղադաշտ էր դուրս եկել ոչ լրիվ հիմնական կազմով: Արդյունավետությամբ աչքի ընկավ Թեմուր Ջիկիան՝ երկու խաղերում ընդհանուր առմամբ խփելով 5 գոլ և գլխավորելով գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցանկը:

3. Իսկ ահա «Արարատ-Արմենիան» հանձինս «Ուրարտուի» բավական լուրջ դիմադրության հանդիպեց, սակայն երկու խաղերում էլ հաղթեց: Առաջին խաղում հյուրընկալվելիս գործող գավաթակրին հաղթանակ պարգևեց Տենտոն Յենեի խփած միակ գոլը:

Պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց 2-1 հաշվով: Հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց Ալվին Թերան: Իսկ հաշիվը բացել էր «Ուրարտուի» պաշտպան Դմիտրի Տիխին, սակայն Ալեքսանդր Պուսկոյի ինքնագոլի շնորհիվ  «Արարատ-Արմենիան» վերականգնել էր հավասարակշռությունը:

4. Գավաթի մրցաշարերում մրցակիցների միակ հանդիպումը կայացել է անցյալ տարվա ապրիլի 8-ին: «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած կիսաեզրափակիչ այդ խաղի ելքը վճռել էր Արթուր Սերոբյանի խփած միակ գոլը:

5. «Փյունիկի» դարպասը գրավելու դեպքում  Տենտոն Յենեն «Արարատ-Արմենիայի» կազմում բոլոր մրցաշարերում 42-րդ գոլը կխփի և կդառնա ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն: Նա կգերազանցի Մաիլսոն Լիմայի ռեկորդային ցուցանիշը:

«Նոա» - «Վան»

Ապրիլի 16, ժամը՝ 18:30, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

1 խաղ, որում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-0

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Նոան» հաջող ելույթներ է ունենում թե առաջնությունում, թե Հայաստանի գավաթի խաղարկությունում՝ ձգտելով նվաճել երկու տիտղոսներն էլ: Առաջնությունում Ռուի Մոտայի գլխավորած թիմը շատ մոտ է երազանքի իրականացմանը, նույնիսկ ժամկետից շուտ կարող է չեմպիոն հռչակվել: 26-րդ տուրում «Նոան» ԲԿՄԱ-ի հետ խաղում ընթացիկ առաջնությունում 17-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և գերազանցեց 2004թ. «Փյունիկի» սահմանած ռեկորդը: «Նոան» արդեն 13 միավորով գերազանցում է 2-3-րդ տեղերում ընթացող «Ուրարտուին» և «Արարատ-Արմենիային»:

«Նոան» փետրվարի 19-ին «Ալաշկերտի» հետ մրցավեճով է մեկնարկել գավաթի ընթացիկ խաղարկությունում: Գոնսալո Գրեգորիոյի և Գոռ Մանվելյանի խփած գոլերի շնորհիվ Ռուի Մոտայի գլխավորած թիմը քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել: Այդ փուլում «Գանձասարի» հետ երկխաղյա դիմակայությունում առաջնության առաջատարը կրկին խնդիրներ չունեցավ՝ հաղթելով 3-0 և 4-0 խոշոր հաշիվներով: Առավել արդյունավետ գործեցին Մաթեուս Այասն ու Բրունո Ալմեյդան՝ դառնալով 2-ական գոլի հեղինակ:

2. «Վանի» համար գավաթի մրցաշարում հաջողության հասնելը Եվրագավաթների ուղեգիր նվաճելու լավ հնարավորություն է, քանի որ առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցնելը դժվար կլինի: Չնայած «Նոայի» արգելքը հաղթահարելը չափազանց բարդ խնդիր է: Նախորդ տուրում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը Գյումրիում նվազագույն հաշվով պարտության մատնեց «Շիրակին»:

«Վանը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է նախնական փուլից՝ 3 անպատասխան գնդակ խփելով «Անդրանիկի» դարպասը: Գոլերի հեղինակներ են դարձել Էմանուել Ջոնը, Օլավալե Ֆառայոլան և Մամադու Դիալոն:

1/8 եզրափակչում էլ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը նույնպիսի հաշվով պարտության է մատնել «Շիրակին»: Մոմո Տուրեն դարձել է դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփել է Իզուչուկվու Օկոնկվոն:

Քառորդ եզրափակչում էլ չարենցավանյան ակումբը հավատարիմ մնաց ավանդույթին՝ երկու խաղերում էլ 3-ական գնդակ խփելով «Վեստ Արմենիայի» դարպասը՝ 3-0, 3-2: Դուբլի հեղինակ է դարձել Կարեն Նալբանդյանը, մեկական գոլ են խփել Մոմո Տուրեն, Իզուչուկվու Օկոնկվոն, Լևոն Վարդանյանն ու Մալիկ Օդեյինկան:

3. Մրցակիցների միջև գավաթային միակ հանդիպումը կայացել է 2019/20թթ. խաղարկությունում: 2019թ. նոյեմբերի 27-ին Չարենցավանում կայացած քառորդ եզրափակչի խաղում «Նոային» հաղթանակ էր պարգևել Բենիկ Հովհաննիսյանի խփած միակ գոլը: Կիսաեզրափակչում առավելության հասնելով «Ուրարտուի» նկատմամբ (1-0, 2-1), «Նոան» գերարդյունավետ եզրափակչում (5-5) հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթել էր «Արարատ-Արմենիային» և ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր Հայաստանի գավաթը:

4. «Նոան» 3-րդ անգամ է խաղալու գավաթի կիսաեզրափակչում, որի արգելքը առայժմ մեկ անգամ է հաղթահարել: 2020/21թթ. խաղարկությունում «Նոան» կիսաեզրափակչում զիջել է «Ալաշկերտին»՝ 1-1, 1-3: 

5. «Վանը» 2-րդ անգամ է գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել, ինչը թիմի համար լավագույն արդյունքն է գավաթի մրցաշարերում: Այդ փուլի արգելքը հաղթահարելու չարենցավանյան թիմի առաջին փորձն անհաջողությամբ է ավարտվել: 2021/22թթ. խաղարկության կիսաեզրափակչում «Վանը» 0-3 հաշվով պարտվել է «Ուրարտուին»:

6. Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև Չարենցավանում կայացած խաղում գրանցվել է ոչ-ոքի (1-1), իսկ Աբովյանում «Նոան» 5 անպատասխան գնդակ է խփել մրցակցի դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ