Կապանի «Գանձասարը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Երևանի «Արարատին» և դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ «Գանձասարին» 36-րդ րոպեին առաջ մղեց Արամ Քոչարյանը, որի գոլին «Արարատը» պատասխանեց Կոմորյան կղզիները ներկայացնող կիսապաշտպան Կասիմ Հաջիի դիպուկ հարվածով։
Հետխաղյա հարվածաշարի ժամանակ կապանյան ակումբի բոլոր ֆուտբոլիստները դիպուկ էին։ Վճռորոշ դարձավ նույն Հաջիի վրումը, որի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմն առավելության հասավ 5-4 հաշվով։
85-րդ րոպեին հանդիպումը շուրջ 20 րոպեով ընդհատվել էր Աբովյան քաղաքային մարզադաշտի հոսանքազրկման պատճառով։
Հիշեցնենք` ավելի վաղ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաև «Լեռնային Արցախը», «Վանը» և «Վեստ Արմենիան»։ 1/8 եզրափակիչում կկայանան նաև ԲԿՄԱ - «Ուրարտու», «Նոա» - «Ալաշկերտ» հանդիպումները։
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Արարատ» - «Գանձասար»` 1-1 (11-մետրանոցներով` 4-5)
Կասիմ Հաջի, 81 - Աշոտ Քոչարյան, 36 (11մ)
Հեռացում` Սերոբ Գալստյան, 92 («Արարատ»)