Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին կանցկացնի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումը Լատվիայի հավաքականի հետ։
Լատվիայի մայրաքաղաքում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կհանգրվանի Radisson Blu Elizabete հյուրանոցում:
Հայաստանի հավաքականի կազմում Լատվիա են մեկնել 23 ֆուտբոլիստներ։
Հիշեցնենք, որ Լատվիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։ Այդ խաղից 5 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խումբը գլխավորում է ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը, որը 4 խաղից հետո հավաքել է 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։
Ֆոտո՝ ՀՖՖ