Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի փոխարեն առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 հավաքականներում:
Հիշեցնենք, որ 24-ամյա Թիկնիզյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (1-1)։ Երրորդ րոպեին Թիկնիզյանը բացել էր հանդիպման հաշիվը, իսկ 58-րդ րոպեին հարկադրված փոխարինվել էր:
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին տարվա առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Կոսովոյի թիմին, իսկ չորս օր անց Պրահայում կհյուրընկալվի Չեխիային: Երկու հանդիպումներն էլ ընկերական են:
Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն


